Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կառավարումն ԱՆԻՖ-ից անցնում է պետգույքի կոմիտեին

Կառավարությունը որոշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրեն պատկանող 21,8 տոկոսի բաժնետոմսերը կառավարման հանձնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Անցած տարվա հունվարից ԶՊՄԿ-ում պետական բաժնետոմսերը կառավարում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ)։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության դեկտեմբերի 22-ի նիստի օրակարգում։

Կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորում, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԶՊՄԿ-ի պետական բաժնետոմսերը կառավարելու լիազորությունը վերցնել ու տրամադրել պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այս տարվա հունվարի 5-ին, երբ ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասի կառավարումը հանձնվում էր ԱՆԻՖ-ին՝ կառավարման համար, կառավարությունը դա հիմնավորում էր ԱՆԻՖ-ի արդյունավետությամբ, ինչպես նաև նրանով, որ ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծվել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

«Բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը ապահովելու նպատակով նախագծով նախատեսվում է կոմիտեի կողմից ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրացնելիս կոմիտեի կողմից կայացվելիք որոշումները նախապես տեղեկացնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ժողովների արձանագրություններն ու մյուս հաշվետվությունները ևս ստանալուն պես ներկայացվելու են փոխվարչապետ Գրիգորյանին։

Կառավարությունը պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետոմսեր նվիրատվությամբ ստացավ 2021-ի սեպտեմբերի վերջին՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ի կողմից։