Պայմանագրային զինծառայողը 93 հազար դրամի դիմաց կատարել է պետական դավաճանություն

Պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից հավաքագրվել և 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ավագ սերժանտի զինվորական կոչումով պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի»-ի միջոցով և 2022-ի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում «Վոթսափ»-ի միջոցով ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ:

«Մասնավերապես՝ հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն, համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար: Բացի այդ, հավաքել և հանձնել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների և դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեմա»-ն, որի դիմաց որպես վարձատրություն ստացել է 48 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Պետական դավաճանության մեջ մեղադրվող զինծառայողը դատարանի որոշմամբ կալանավորվել է։