Արցախի ԱԺ-ն ՄԱԿ-ին կոչ է անում բնապահպանական մոնիտորինգային խումբ գործուղել

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՄԱԿ-ին մոնիտորինգային խումբ գործուղել Արցախ՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու նպատակով։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2022-ի դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի:

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:

Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»,- ասված է հայտարարությունում։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել