Արցախում սպառվում է շաքարավազը, միրգ-բանջարեղենը, հնդկաձավարի պակաս կա

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետները դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտում գործող առևտրային օբյեկտներում լայն սպառման ապրանքատեսակների գնային փոփոխությունների դիտարկում են արել։ ՍիվիլՆեթը համեմատել է դեկտեմբերի 19-ին ապրանքատեսակների միջինացված գները նախաբլոկադային Արցախում՝ դեկտեմբերի 5-ին հրապարակված դիտարկման հետ (տե՛ս ինֆոգրաֆիկը)։ Դիտարկումը կատարվել է Ստեփանակերտի գործող 17-21 խոշոր առևտրային օբյեկտներում։

Դեկտեմբերի 20-ին հրապարակված ցանկում չկան սոխի, կարտոֆիլի, խնձորի, բանանի, բենզինի, դիզվառելիքի, կարագի և մածունի (վերջին օրերին արդեն խանութներում նկատելի է տեղական արտադրության մածուն) գները։

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը բացատրում է, որ պլաստիկե ամանեղենի պակասի պատճառով միայն մեծ տարաներով էր վաճառքի հանվում մածունը, դրա համար չեն ֆիքսել այն, իսկ հիմա արտադրողները ապակե տարաներով են վաճառում մածունը՝ սպառողներից խնդրելով վերադարձնել տարաները․ «Բացի այդ, տեղական շուկայում կաթնամթերք արտադրող երկու գերիշխող սուբյեկտ ունենք՝ «Առաջնեկ» և «Արցախկաթ» ընկերությունները, շրջափակումից առաջ «Առաջնեկ» ընկերության արտադրությունը դադարեցված էր, հետևաբար «Արցախկաթը» իր հնարավորության սահմաններում արտադրում էր X քանակի ապրանք, որը շատ շուտ սպառվում էր։ Հիմա երկու սուբյեկտն էլ աշխատում են»։

Հասկանալի պատճառներով ցանկից բացակայում են նաև ներմուծվող ալյուր, մածուն և հավի ձու ապրանքատեսակները։

Օրինակ, ինչո՞վ է պայմանավորված լոլիկի գնի 54 տոկոսով նվազեցումը։ Շրջափակումից առաջ այն 875 դրամ էր, իսկ հիմա՝ 400։ Պաշտոնյան ասում է՝ քանի որ ներկրում չկա, ստիպված որակապես ցածր տեսականին են ֆիքսել, որը առկա է շուկայում։

Հեղուկ գազի գինը ևս ընկել է 10 տոկոսով: Սրա գինը Հայաստանում էլ է ընկել, հետևաբար ավելի էժան գնով էր ներկրվում Արցախ։ Սակայն հեղուկ գազը լցակայաններում տրամադրում են միայն կենցաղային սպառման համար և ավտոմեքենաներ չեն լիցքավորում։ Վառելիքային ճգնաժամ չառաջացնելու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվել է, որ անցնեն խնայողական ռեժիմի: Իսկ ինչ վերաբերում է բենզինին ու դիզվառելիքին, դեկտեմբերի 13-ին Արցախի նախագահի հրամանագրով սահմանվել է ձեռքբերման հատուկ կարգ։

Մսեղենի և ձկնեղենի գները անփոփոխ են մնացել։ Գառան մսի գինը նույնիսկ ընկել է 1,3 տոկոսով (3 850-ից 3 800 դրամ է դարձել)։

Խնձորը ևս թանկացել է 55 տոկոսով, շրջափակումից առաջ միջին գինը 225 դրամ էր, իսկ հիմա՝ 500։ «Բանջարեղենն ու միրգը հիմնականում ներմուծվում էր Հայաստանից, իսկ եղածը օրըստօրե սպառվում է։ Փոփոխությունը պայմանավորված է տեսականու որակային հատկանիշներով։ Եթե, օրինակ, խանութներում փոքր չափսի խնձորը սպառվում է, ստիպված մեր աշխատակիցը ֆիքսում է ավելի որակյալ տեսակը։ Հետևաբար դա չի նշանակում, որ գնի աճ կա, պարզապես ավելի որակյալ տեսականին ենք ֆիքսել»,- ասում է Ավթանդիլյանը։

Այսինքն գնային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են սննդամթերքի այս կամ այն տեսականու սպառմամբ։ Բրնձի հետ կապված նույնպես հանձնաժողովը ուսումնասիրում էր ամենամատչելի տեսականին, որը սպառվել է, իսկ հիմա ֆիքսում են ավելի որակյալ և թանկ տեսականին։ Այդ իսկ պատճառով բրնձի 15 տոկոս գնային փոփոխություն է ֆիքսվել։

«Ձեթի անհետացումը շուկայից չի սպառնում արցախցիներին, քանի որ տեղական շուկայում արտադրող կա՝ «Ռեյփսիդ» ընկերության «Ոսկե կաթիլ» ապրանքանիշը։ «Ոսկե կաթիլի» դեպքում արտադրողը հավաստիացնում է, որ պաշարներ կա՛ն։ Հենց նկատում ենք որևէ խանութում ձեթի պակաս, կապ ենք հաստատում ընկերության տնօրինության հետ և խնդրում, որ համապատասխան խանութի բացը լրացնեն», – ասում է պաշտոնյան։

Բենզինը, դիզվառելիքը, բանջարեղենի որոշ տեսակներ ընդհանրապես չկան Արցախում (սոխ, կարտոֆիլ և այլն): Է՞լ ինչ ապրանքատեսակներ կարող են սպառվել շուկայից։

«Ստեփանակերտում ու շրջաններում շաքարավազի պակաս կա արդեն, նկատվում է հդկաձավարի պակաս, բրնձի մատչելի տեսականին սպառվել է։ Ձեթ ու կաթնամթերք կա, բայց պահանջարկը շատ մեծ է»,- պատասխանում է Ավթանդիլյանը։

Հանձնաժողովը շրջափակումից առաջ շաբաթը մի անգամ էր մոնիթորինգ անում, իսկ հիմա ամենօրյա ռեժիմով են աշխատում՝ ուսումնասիրություն կատարելով նաև շրջաններում։ Այժմ կառույցը սննդաթմերքից բացի նաև դիտարկում է դեղամիջոցների գնային փոփոխությունները։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել