Խաղաղապահների նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը ՌԴ-ի համար ընդունելի չէ, նշում է Զախարովան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը։

«Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են։ Իրավիճակի կարգավորման ուղղությամ քայլեր ձեռնարկվում են, աշխատանքներ են տարվում։ Մինչև այս իրավիճակի սրացումներ ոչ մեկ անգամ են եղել, կողմերը միմյանց էին մեղադրում և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակի կարգավորման համար, և դա նրանց հաջողվել է։ Հետևաբար, մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը չի ընդունվում»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնաձ պարտավորությունները․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը՝ այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։