Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

mirzoyan-bayramov meeting

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։

«Ակնհայտորեն Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»,- նշել է Հունանյանը։

Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ զրուցակիցներն «ափսոսանք էին հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ»:

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։