Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ․ «Զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը»,- ասված է հաղորդագրությունում։

Գրիգորյանն ու Սալիվանը բարձր են գնահատել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։