Ո՞ր հանքարդյունաբերողներն են խուսափում բացահայտել իրենց իրական սեփականատերերին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակում Հայաստանում մետաղական հանքավայրեր շահագործող կամ երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած ընկերությունները պարտավոր են ներկայացնել իրենց իրական սեփականատերերի (ԻՍ) վերաբերյալ հայտարարագրեր։

Հայտարարագրերում, որոնք հրապարակվում են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ e-register.am կայքում, պետք է լրացված լինեն ընկերության իրական բաժնետերերի տվյալները, նրանց բաժնեմասի չափը, սեփականատերերի շղթայում միջանկյալ ընկերությունները և դրանցում պաշտոն զբաղեցնող անձինք (տնօրեն և այլն)։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է մետաղական հանքարդյունաբերողների ներկայացրած հայտարարագրերը և բացահայտել դրանցում առկա խնդիրները։

Հանքարդյունաբերողների մի մասը հայտարարագիր չի ներկայացրել կամ ներկայացրել է թերի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կայքում հասանելի է մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող ընկերությունների ցանկը։

Ներկայում վավեր է մետաղական հանքի արդյունահանող 22 ընկերության թույլտվություն, սակայն դրանցից ակտիվ գործունեություն՝ այսինքն արդյունահանում, իրականացնում է շուրջ 10-ը:

Համաձայն օրենսդրական կարգավորումների՝ մետաղական հանքարդյունաբերության իրավունք ստացած ընկերությունները պարտավոր են ներկայացնել 10 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող իրենց բաժնետերերի ինքնությունը։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող մյուս ոլորտի կազմակերպությունների համար այս սահմանաչափը 20 տոկոս է։

Հայաստանի ոչ բոլոր հանքարդյունաբերողներն են, սակայն, հետևում օրենքի պահանջին։

«Սագամար» ՓԲԸ-ի կողմից, որը ներկայում ակտիվ շահագործում է Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղ հանքավայրը, 2022-ի մարտին ներկայացված իրական սեփականատերերի հայտարարագրում նշված է երեք շահառու՝ ՌԴ քաղաքացիներ Դմիտրի Տրոիցկին, Դմիտրի Կորժևը և Ստանիսլավ Մորոզովը։ Սակայն երեք շահառուներից և ոչ մեկի դեպքում նշված չէ իրական շահառու լինելու հիմքը կամ մասնակցության չափը։ Բացի այդ, մասնակցության շղթայում միջանկյալ ընկերություններ նշված չեն։

Սակայն նախկինում՝ 2020-ին ներկայացված դեռ հին նմուշի հայտարարագրից պարզ է դառնում, որ Դմիտրի Տրոիցկին և Դմիտրի Կորժևը ընկերության բաժնետերերն են, նրանց է պատկանում(ել) ընկերության բաժնետոմսերի, համապատասխանաբար, 70,34% և 29,66%-ը։ Տրոիցկին և Կորժևը ռուս խոշոր գործարարներ են, Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված O’Key Group S.A-ի բաժնետերեր։

Բացի այդ, ընկերության այս երկու սեփականատերերը իրենց բաժնեմասերին տիրապետում են աննուղակի՝ կիպրոսյան օֆշորում գրանցված Global Metals Arm Limited ընկերության միջոցով, որը պատկանում է բրիտանական Մեն կղզում գրանցված Eulachon Limited ընկերությանը։ Նախկին հայտարարագրում նշված են եղել նաև այս երկու միջանկյալ օֆշորային ընկերությունների գործադիր տնօրենների տվյալները։

Ստացվում է, որ 2022-ին ներկայացված իրական սեփականատերերի հայտարարագրում ընկերության սեփականատերերը կա՛մ անցել են ուղղակի կառավարման (առանց միջանկյալ ընկերությունների), կա՛մ օրենքի խախտումով չեն լրացրել մասնակցության շղթայում միջանկյալ երկու օֆշորային ընկերության և բաժնեմասի մասին տվյալները։ Հայտնի չէ՝ ներկայում փոխվել են սեփականատերերի մասնաբաժինների չափը, թե՞ մնացել են 2020-ին եղած համամասնությամբ։

«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն, որին տրված է Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի արդյունահանման իրավունքը, առհասարակ չի ներկայացրել որևէ հայտարարագիր:

Համաձայն պետռեգիստրի՝ ընկերության բաժնետոմսերի 72%-ը պատկանում է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում գրանցված Caspian Bounty Steel Limited ընկերությանը, մնացած 28%-ը պատկանում է Սուրեն Այվազյանին, որը բնապահպանության նախկին նախարար և պատգամավոր Վարդան Այվազյանի որդին է։

«Ֆորչն Ռիզորսիսը» դատականում վիճարկել է ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանի՝ 2020-ի հուլիսի 31-ի հրամանը, որով ընկերությունը զրկվել էր ընդերքօգտագործման իրավունքից։ Դատարանը ընկերության բողոքը բավարարել է, և նախարարի հրամանը կասեցվել է։ Այսպիսով, ներկայում ընկերությունը համարվում է ընդերքօգտագործող և օրենքի խախտումով չի ներկայացնում իրական սեփականատիրոջ հայտարարագիր։ Տեղեկությունների համադրումից պարզ է դառնում, որ ընկերությունը մինչև այժմ հանքաքարի ակտիվ արդյունահանմամբ չի զբաղվել։

Բաց աղբյուրներից հաջողվեց պարզել, որ Caspian Bounty Steel LTD-ի հետքերը տանում են Լոնդոնում գրանցված խոշոր նավթի և գազի Fortune Oil Limited ընկերություն, որը Չինաստանում գործունեություն իրականացնող նավթի և գազի խոշոր մատակարար է։

Fortune Oil LTD-ի 50-75% մասնաբաժնով սեփականատերը և գլխավոր տնօրենը չինացի միլիարդատեր Դանիել Չիուն է, որը 2011-ի փետրվարին անձամբ ժամանել էր Հայաստան և հանդիպել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Չինացի միլիարդատերը Սարգսյանին խոստացել էր Հայաստանում կես միլիարդ դոլար ներդնել հանքարդյունաբերության ոլորտում։

Լուսանկարը՝ կառավարության կայքում հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունից.

Լուսանկարներում երևում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպանության նախկին նախարար և այդ ժամանակ արդեն Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը։ Իրականում, Այվազյանը այդ հանդիպման ամենաշահագրգիռ կողմերից մեկն էր, քանի որ տվյալ ժամանակահատվածում նա մի քանի տասնյակ միլիոն դոլարով Չուին վաճառել(ում) էր Հայաստանի մետաղական որոշ հանքեր։ Երեք տարի անց՝ 2014-ին, Fortune Oil-ի պատվիրակությունը նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ էր հանդիպել, որին Այվազյանը կրկին մասնակցել էր։ Այս պատմությանը շուտով կանդրադառնանք ավելի մանրամասն առանձին հոդվածով։

Ստացվում է, որ Չիուն «Ֆորչն Ռիզորսիսի» չհայտարարագրված խոշոր շահառուն է, որի բաժնեմասը կազմում է 34-45%։

«Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ին է պատկանում Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ Այս ընկերությունը ևս չի ներկայացրել իրական սեփականատերերի նոր նմուշի հայտարարագիր, չնայած նախորդ՝ 2020-ի փետրվարին ներկայացրած հայտարարագրից հետո ընկերությունում փոխվել են սեփականատերերը։

Տնօրեն Հրաչյա Հովհաննիսյանը, որին պատկանում էր ընկերության 40 տոկոսը, գնել է մյուս երկու մասնակիցների մասնաբաժինները և դարձել «Վարդանի զարթոնքը»-ի 100% սեփականատերը։ Մինչև 2020-ի նոյեմբեր բաժնեմասների մյուս 40%-ը պատկանում էր Սուրեն Այվազյանին, որը ինչպես նշեցինք, Վարդան Այվազյանի որդին է, մնացած 20%-ը՝ Արտաշես Կակոյանին։ Այս մասին տեղեկանում ենք պետռեգիստրի տվյալներից։

«Վարդանի Զարթոնքը» ևս նախկինում ՏԿԵ նախկին նախախար Պապիկյանի հրամանով զրկվել էր ընդերքօգտագործողի իրավունքից, սակայն դատարանի վճռով նախախարի հրամանը ներկայում կասեցված է։ Այժմ ընկերությունը ընդերքօգտագործման իրավունքի շուրջ բանակցում է նախարարության հետ հաշտություն կնքելու համար։ Այս ընկերությունն էլ ակտիվ արդյունահանմամբ դեռևս չի զբաղվում։

Պետական ռեգիստրի գործակալությունից #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեցին, որ ընկերությունները պարտավոր են ներկայացնել իրական սեփականատերերի հայտարարագրեր, քանի դեռ գտնվում են մետաղական արդյունահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկում։ Հանքարդյունաբերող ՍՊԸ-ները ևս, որոնց բոլոր սեփականատերերը ֆիզիկական անձինք են, պարտավոր են ներկայացնել իրական սեփականատերերի հայտարարագրեր։

«Գեղի Գոլդ» ՍՊԸ-ն, որին պատկանում է Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքի արդյունահանման իրավունքը, նույնպես սեփականատերերի նոր ձևի հայտարարագիր չի ներկայացրել։ Ընկերության միակ հայտարարագիրը ներկայացվել է 2020-ի փետրվարին։ Ընկերությունը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Հայտարարագրման իմիտացիա

«ՎայքԳոլդ» ՍՊԸ-ին է պատկանում Վայոց Ձորի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ Ընկերությունը ներկայացրել է թե՛ 2020-ի փետրվարին իրական շահառուների, թե՛ 2021-ի փետրվարին՝ իրական սեփականատերերի հայտարարագիր։ Դրանցում, սակայն, երևում է միայն մեկ բաժնետեր՝ Նորայր Զոհրաբյանը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 20%-ը։ Դրանք փոխանցվել են Զոհրաբյանին 2018-ի հունվարին վերը հիշատակված Սուրեն Վարդանի Այվազյանի կողմից։ Մնացած 80% բաժնետոմսերի վերաբերյալ իրական սեփականատերերի հայտարարագրում որևե տեղեկություն չկա։

Մինչդեռ, ըստ պետռեգիստրի, ՍՊԸ-ի 80%-ը պատկանում է Լոնդոնում գրանցված «ԳՈԼԴՖԻԼԴՍ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ին ։

Բրիտանական բիզնես ռեգիստրի տվյալներով՝ Goldfields Holding LTD-ն երկու խոշոր սեփականատեր ունի։ Առաջինը՝ Կանադայում գրանցված Emerging Goldfields Resources LTD ընկերությունն է, որին պատկանում է բաժնետոմսերի «ավելի քան 25%-ը, բայց ոչ ավելի, քան 50%-ը»։ Հենց այսպես է բրիտանական ռեգիստրում նշվում բաժնեմասի չափաբաժինները՝ առանց հստակ թվի։

Մյուս խոշոր բաժնետերը Սինգապուրի քաղաքացի Վիլֆրեդ Փիթ Չայ Կոհն է (Wilfred Pit Chye Koh), որին նույնպես պատկանում է միջանկյալ ընկերության՝ Goldfields Resources LTD-ի 25-50%-ը։ Հաշվի առնելով, որ միջանկյալ ընկերությանը պատկանում է «ՎայքԳոլդ»-ի 80%-ը, ստացվում է, որ Վիլֆրեդ Փիթ Չայ Կոհին պատկանում է «ՎայքԳոլդ»-ի առնվազն 20%-ը։ Այսինքն՝ նա հանդիսանում է հայտարարատու անձ առնվազն 2020-ի հունվարի 22-ից, երբ ձեռք է բերել բաժնետոմսերը։

Փաստացի, 20-40% բաժնեմաս ունեցող շահառուի մասին տվյալները բացակայում են 2020 և 2021-ի իրական շահառուների հայտարարագրերում, չնայած համաձայն օրենքի՝ սեփականատերերի փոփոխությունից հետո 40 օրում պետք է նոր իրական սեփականատերերի հայտարարագիր ներկայացվի։ Ավելին, ընկերությունը 2021-ի փետրվարի 24-ի հայտարարագրում հայտնել է, թե սեփականատերերի փոփոխություն տեղի չի ունեցել։


Հատված «ՎայքԳոլդ» ընկերության ԻՍ հայտարարագրից

Ինչ վերաբերում է «ՎայքԳոլդ»-ի՝ միջանկյալ ընկերության միջոցով խոշոր մյուս մասնակից Կանադայում գրանցված Emerging Goldfields Resources Limited-ին, ապա ըստ «Հետք»-ի՝ այն ստեղծումից ի վեր առնվազն «թղթի վրա» չի ունեցել սեփականատեր, ու նման բան, պարզվում է, կանադական օրենսդրությամբ հնարավոր է։

«Վայք Գոլդ»-ի կողմից Ազատեկի հանքը արդեն մի քարի տարի է, ինչ չի շահագործվում՝ պետության հետ դատական քաշքշուկների պատճառով, սակայն շարունակում է մնալ արդյունահանման իրավունք ունեցող ընկերություն։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որին պատկանում է Ամուլսարի շահագործման իրավունքը, 2022-ի փետրվարին ներկայացրած հայտարարագրում նշել է տնօրենին, խորհրդի անդամներին, բայց ոչ բաժնետերերին։ Փաստացի, ընկերությունը չի գաղտազերծել իր որևէ բաժնետիրոջ՝ օգտվելով օրենքի 10% սահմանաչափից։

Սյունիքի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն հայտարարագրել է օֆշորային գոտիներում տեղակայված միջանկյալ ընկերությունները և գաղտնազերծել է իր սեփականատերերից միայն Մարտին Անդերսոնին, որը վերջին երեք տարում իր բաժնեմասը 35,1%-ից հասցրել է 45,8%-ի։ Անդերսոնը երկար տարիներ գործունեություն է իրականացրել Ռուսաստանում։

Արագածոտնի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շագագործման իրավունք ստացած «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն նշել է միայն բաժնետոմսերի 45,6%-ին տիրապետող Իան Հագուենին։ Ենթադրվում է, որ այս ընկերությունների մնացած բաժնետերերից և ոչ մեկը չի տիրապետում 10%-ից ավել բաժնետոմսերի։

Ներկայում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ունեն վեց ընկերություն, որոնք բոլորն էլ սահմանված կարգով ներկայացրել են իրական սեփականատերերի հայտարարագրերը։ Այսպիսով, մետաղի հանքի անդյունահաման թույլտվություն ունեցող 22 ընկերություններից հինգը սխալ, թերի հայտարարագիր է ներկայացրել կամ առհասարակ չի ներկայացրել։

Ըստ պետռեգիստրի՝ գործող հանքարդյունաբերողները պարտաճանաչ են

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն է պատասխանատու ընկերությունների կողմից հայտարարագրերի ներկայացման վերահսկման, դրանցում ներկայացված տեղեկությունների ստուգման, իսկ կասկածների դեպքում նաև վարչական վարույթ հարուցելու համար։

Գործակալությունից, մինչդեռ, հավաստիացնում են, որ հանքարդյունաբերողները պարտաճանաչ ներկայացնում են իրական սեփականատերերի մասին հայտարարագրերը։

«Հանքարդյունաբերողները իրենք շատ պարտաճանաչ են, շատ լավ գիտեն իրենց պարտականությունները և կատարել են։ Իրենք առավել տեղեկացված զանգվածն են, և այդ առումով մենք խնդիրներ չենք ունեցել»,- հայտնեց պետռեգիստրի ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանը՝ հավելելով, որ հայտարարագրերում ներկայացված տվյալները իրենց կողմից դիտարկվել են, սակայն ուսումնասիրություն չի կատարվել։

«Մենք ինչ-որ հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրություն պիտի անենք։ Այսինքն՝ մեկը պիտի ասի, որ իրենք սխալ տվյալ են ներկայացրել, և կսկսվի ուսումնասիրությունը։ Այն, ինչ մեզ ընկերությունները ներկայացնում են, այդ տեղեկատվությունը ընդունել ենք արժանահավատ»- ասաց Իսկանդարյանը։

Մեկնաբանել