Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ վարվող բանակցությունները մինչ այսօր անարդյունք են: Այս ամենին զուգահեռ Հայաստանը փորձում է Բաքվի դեմ միջազգային ճնշում մոբիլիզացնել ու դրա միջոցով հասնել ճանապարհի բացմանը:
Դեկտեմբերի 20-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի համաձայն քննարկմանը ԱԽ անդամ եկրների ներկայացուցիչները հնչեցրին իրենց գնահատականները: ԱԽ նիստում հնչեցված ելույթներից հարկ է աձանձնացնել ԱՄՆ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Վուդի հայտարարությունը` հաշվի առնելով Վաշինգտոնի առանցքային դերը միջազգային ասպարեզում: Վուդը մասնավորապես ասաց.
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման հարցում խոչընդոտների շարունակական առկայության և աճող հումանիտար հետևանքների առթիվ։ Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել՝ Լաչինի միջանցքի օգտագործման հարցում հարուցվող խոչընդոտները խաղաղ գործընթացում հետընթացի են հանգեցնում։ Դրանք խաթարում են այս գործընթացի հանդեպ առկա միջազգային վստահությունը։ Նման գործողությունները հումանիտար ծանրագույն խնդիրների կարող են հանգեցնել։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար պատասխանատու մյուս ուժերին՝ շուտափույթ վերականգնել ազատ տեղաշարժը, այդ թվում մարդասիրական և առևտրային նպատակներով»:
Ինչպես տեսնում ենք, Միացյալ Նահանգների հայտարարությունը հասցեական է: Ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների քարոզչական ջանքերի` Վաշինգտոնը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում Բաքվին և կոչ է անում բացել ճանապարհը: Հայտարարության մեջ անուղղակի կոչ կա նաև Ռուսաստանին, որը պատշաճ կերպով չի կատարում իր պարտավորությունները:
Հատկանշական է, որ ԱՄՆ ներկայացուցիչն իր ելույթի մեկ այլ հատվածում օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթը, ինչպես նաև շեշտում հակամարտության ռազմական կամ միակողմանի լուծումների անընդունելիությունը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթը 44-օրյա պատերազմի ավարտից հետո գրեթե չի օգտագործվում: Փոխարենը, վերջին շրջանում տարածվել էին «Լեռնային Ղարաբաղի հայ համայնք», «Լեռնային Ղարաբաղի հայեր» կամ «Ադրբեջանի հայկական փոքրամասնություն» եզրույթները: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթը Մադրիդյան փաստաթղթում ու հիմնարար սկզբունքներում օգտագործված բառապաշարի մաս է և փոխկապակցված է ինքնորոշման իրավունքի հետ: Այդ առումով սա կարող էր նուրբ ուղերձ լինել Ադրբեջանին, որը բողոքում է նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» տեղանվան օգտագործման դեմ:
Անվտանգության խորհրդի անդամ գրեթե մյուս բոլոր երկրների ներկայացուցիչները ևս կոչեր հնչեցրին անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Ինքնին այն հանգամանքը, որ հարցը քննարկվել է ՄԱԿ ԱԽ-ում, արդեն իսկ լուրջ հարված է Բաքվի այն դիրքրոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր խնդիրները Ադրբեջանի ներքին գործն են և չեն կարող քննարկվել միջազգային դերակատարների հետ:
ԱԽ նիստից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաև հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը` Ադրբեջանին ու ռուսական խաղաղապահներին կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Իսկ Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի պահանջները և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:
Դիվանագիտությունը Լաչինի միջանցքը բացելու հարցում միակ առկա գործիքն է, որը օգտագործում են Հայաստանի իշխանությունները: Այնուամենայնիվ, դժվար է գնահատել Ադրբեջանի վրա միջազգային ճնշման արդյունավետության աստիճանը: Ակնհայտ է, որ Բաքուն չի բացելու ճանապարհը առանց հայկական կողմերից կոնկրետ զիջումներ կորզելու: Ադրբեջանը այս հարցում ունի թե՛ տեղական մասշտաբի, թե՛ ավելի խոշոր պահանջներ: Տեղական մակարդակում Բաքուն այս փուլում փորձելու է հասնել Արցախի տարածքում գտնվող հանքերի նկատմամբ վերահսկողության որոշակի աստիճանի, ինչպես նաև փոխել Լաչինի միջանցքում գործող կարգավորումները: Ավելի խոշոր պահանջների շարքին են դասվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ու խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Ադրբեջանը պատրաստ է լինելու բացել ճանապարհը առնվազն տեղական մակարդակի որոշ խնդիրներ կատարելուց հետո: Այդ առումով ստեղծված իրավիճակում նաև նյարդերի պայքարի ականատես ենք լինելու: