Արցախում 11 երեխա և 7 մեծահասակ վերակենդանացման բաժանմունքներում են

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

««Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 12-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել