ԱԺ-ն ընդունեց արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը 67 կողմ, 33 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։

Նորաստեղծ կառույցը բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձևերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնելու է արտաքին հետախուզական գործունեություն ու վարչապետին է տրամադրելու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական ոլորտներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղակատվություն։

Արտաքին հետախուզական ծառայությունը գործելու է վարչապետի ենթակայության ներքո և չի համարվելու զինվորական մարմին։ Արտաքին հետախուզական ծառայության պետը լինելու է անվտանգության խորհրդի անդամ։

Նորաստեղծ մարմինը օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորությամբ, նրա աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակն ու կառուցվածքը համարվելու են պետական գաղտնիք։

Նշվում է, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որը չունի առանձին հետախուզական ծառայություն։

Արտաքին հետախուզական ծառայության աշխատակից կարող է լինել անձը, որի 18 տարին լրացել է, գիտի հայերեն, գործնական ու բարոյական հատկանիշներով, կրթությամբ ու առողջությամբ ունակ է ծառայության։ Ծառայությունն ունենալու է նաև ուսումնական կենտրոն։

Մեկնաբանել