Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 շարժակազմ, շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա ամսվա ընթացքում կժամանեն ևս 87 MAN-եր։ Այդ մասին դեկտեմբերի 24-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում նաև տեսանյութ է տարածել, թե ինչպես է MAN-ը քշելով մուտք գործում Հայաստանի սահման։
Գերմանական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը սկսել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մինչ ՔՊ-ի կողմից անվստահության ենթարկվելը։ 2021-ի նոյեմբերին նա ստորագրել էր «Երևանի ավտոբուսներ» ծրագրի համաձայնագրերը, որով նախատեսվում էր 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ գնել Երևանի համար։ Ծրագիրն իրականացվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, բանկը ՀՀ-ին էր տրամադրել 25 միլիոն եվրո։
Տիգրան Ավինյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի վերջին նաև մեկնել էին Լեհաստան՝ գործարանում ծանոթանալու ավտոբուսների հավաքման պրոցեսին։ Երևանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածության մասին 2022-ի մարտից հայտարարած Տիգրան Ավինյանը MAN-երի Հայաստան փոխադրման գործընթացի մեկնարկի մասին իր հրապարակման մեջ ոչինչ չի նշել։