Կառավարությունը ՍիվիլՆեթին է տրամադրել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը։

Մկրտիչ Կարապետյան

Վարչապետի աշխատակազմը, կատարելով վարչական դատարանի վճիռը, ՍիվիլՆեթին է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունեցած բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։ Նվիրատվությունը 2021-ի սեպտեմբերին իրականացրել էր ռուսական «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ն, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Վերջինս դարձել էր կոմբինատի բաժնետեր ու կառավարությանն էր նվիրել ԶՊՄԿ ընդհանուր բաժնետոմսերի 15 տոկոսը։ Կառավարությունը հրաժարվում էր ՍիվիլՆեթին տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։ Անցած տարվա դեկտեմբերին ՍիվիլՆեթը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ դիմել էր դատարան՝ պայմանագիրը ստանալու համար։ Նոյեմբերի 2-ին վարչական դատարանը բավարարեց ՍիվիլՆեթի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հայցն ու վճռեց վարչապետի աշխատակազմին պարտավորեցնել տրամադրել ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։

Դեկտեմբերի 22-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տրամադրել է պայմանագիրը։ Պայմանագիրն ստանդարտ բնույթի տեքստ է, հավելյալ մանրամասներ ու պարտավորությունների մասին տեղեկություններ չպարունակող։ Անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչու կառավարությունը ավելի վաղ չէր տրամադրում պայմանագիրը։ Արայիկ Հարությունյանի կողմից պայմանագրի տրամադրման օրը կառավարությունը նաև որոշում էր ընդունել կոմբինատում պետական բաժնետոմսերի կառավարումը հետ վերցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից ու հանձնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

ՍիվիլՆեթի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի շահերը դատարանում պաշտպանում էին «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի»-ի ներկայացուցիչներ Գենյա Պետրոսյանը, Էլինա և Դավիթ Գյուրջյանները։

Կից ներկայացնում ենք համապատասխան պայմանագիրը։

Մեկնաբանել