Լաչինի միջանցքի փակման հետևանքով սկսել են խնդիրներ առաջանալ նաև տնտեսական ոլորտում

Լաչինի միջանցքի փակման հետևանքով արդեն սկսել են խնդիրներ առաջանալ նաև տնտեսական ոլորտում, մի շարք ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը։

Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել»,- ասված է Արցախի կառավարության տարածած հաղորդագրությունում։

Նիստի ընթացքում քննարկվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները․ «Քննարկվել են նաև տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 15-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել