Ովքե՞ր են հետուստաընկերությունների իրական շահառուները. հայտարարագրվածն ու «դուրս մնացածը»

հեռուստացույց

Մարիամ Տաշչյան

Հայաստանում գործող 21 հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացրել իրենց իրական շահառուներին (ԻՇ), այսինքն՝ անձանց, որոնք հանդիսանում են հեռուստաընկերության իրական սեփականատերը, ազդեցություն ունեն ռազմավարական որոշումների ընդունման վրա և այլն։ Ըստ օրենքի՝ հեռուստաընկերությունները պարտավոր են ներկայացնել 20% և ավելի մասնակցություն ունեցող իրենց բաժնետերերի ինքնությունը։

ՀՀ-ում իրական շահառուների բացահայտման կարգավորումների ներդրման արդյունքում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով սահմանվել է, որ 2023-ին բոլոր իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն իրենց իրական շահառուներին։ Մի շարք ոլորտներում գործող իրավաբանական անձինք առաջին փուլով արդեն իսկ ներկայացրել են իրենց սեփականատերերի մասին տվյալներ, դրանց թվում են տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունները։

Ինչո՞ւ տեսալսողական մեդիան

«Տեսալսողական մեդիայի ոլորտն ընտրվել է՝ ըստ հանրության հետաքրքրության մակարդակի․ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական այլ մարմինների հետ, և որոշումները կայացվել են այդ քննարկումների արդյունքում։ Հաշվի է առնվել նաև հեռուստաընկերությունների խոցելիությունն ու ռիսկայնությունը»,- պարզաբանել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։

Ռեֆո՞րմ, թե՞ պարտադրանք

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք է ստացել 27 կազմակերպություն։ Նրանցից միայն 8-ն ունեն համապետական սփռում, 18-ը՝ մայրաքաղաքային, 9-ը՝ մարզային։ «Հանրային հեռուստաընկերության» սեփականատերը ՀՀ-ն է, «Շողակաթ» հեռուստաալիքինը՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, իսկ 4-ը օտարերկրյա հեռարձակողներ են։

Ուսումնասիրել ենք մայրաքաղաքային և համապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունների ներկայացրած հայտարարագրերը և փորձել պարզել, թե որքանով են դրանք ծառայում իրական շահառուների բացահայտման նպատակներին։

։Բուն TV

Երևանում սփռում ունեցող և 2022-ին եթեր մուտք գործած հեռուստաալիքը հեռարձակողների ցանկում միակ հիմնադրամն է՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ։ «։Բուն TV»-ն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 2021-ի դեկտեմբերին՝ նշելով երկու իրական շահառուի։ Ըստ դրա՝ հիմնադրամը ստեղծվել է 2013-ին, համահիմնադիրներ Գեմաֆին Գասպարյանն ու Քրիստինե Արմենակյանը կիսում են դրա բաժնեմասերը՝ 50/50 համամասնությամբ։

Գեմաֆին Գասպարյանը 2019-2020-ին եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։ Գասպարյանը եղել է հիմնադրամի տնօրենը 2013-ից ի վեր մինչև 2019-ի մայիսը, երբ անցել է պետական ծառայության։ Պաշտոնը թողնելուց հետո նա վերադարձել է ։Բուն TV։

«Նուռ» ծրագիր

Երևանում սփռում ունեցող «Նուռ» հեռուստաալիքը նոր է ոլորտում և գործունեություն է ծավալում 2020-ին հիմնադրված «Առփի մեդիա» ՍՊԸ-ի միջոցով։ Վերջինս իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 2021-ի դեկտեմբերին։ Ըստ դրա՝ ընկերության իրական շահառուներն են Գրիգոր Բաբախանյանն ու Արմեն Մուրադյանը՝ յուրաքանչյուրը 50% մասնակցությամբ։

Ռեգիստրում «Առփի մեդիա» ՍՊԸ վերաբերյալ առկա տվյալներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ երկու մասնակիցներն էլ Արմավիրի մարզից են։ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը հասարակական գործիչ է, ինչպես նաև «Հայ Միասնության Խաչ» ՀԿ հիմնադիրը։ Գրիգոր Բաբախանյանը և Արմեն Մուրադյանը ներկայացված են նաև որպես «Արփինետ» հեռահաղորդակցական ընկերության իրական շահառուներ։ «Առփի մեդիա» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարն է Արփինե Գրիգորի Բաբախանյանը։ Արմեն Մուրադյանը գրանցված է նույն հասցեում, ինչ Արփինե և Արուսյակ Գրիգորի Բաբախանյանները։

«Նոր Հայաստան» ծրագիր

Երևանյան սփռում ունեցող «Նոր Հայաստան» հեռուստաալիքը փակ բաժնետիրական ընկերություն է՝ «Մո թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն, որը գործում է 2000-ից։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ ընկերությունը երկու իրական շահառու ունի․ 50/50% ուղղակի մասնակցությամբ բաժնետերեր են Աստղիկ Սարգսյանը և Ռոբերտ Օղլախչյանը։ Երկուսն էլ իրականացնում են փաստացի վերահսկողություն և ղեկավարում են ընկերությունը։

Ռոբերտ Օղլախչյանը բնակվում է ԱՄՆ-ում և ARTN հայկական հեռուստաընկերության հիմնադիր տնօրենն է։

«Նոր Հայաստան»-ը նախկին Հ3 հեռուստաընկերությունն է, որի ներկայիս տնօրենը լրագրող, հաղորդավար Գագիկ Մկրտչյանն է։ Նա երկար տարիներ աշխատել է հեռուստատեսության ոլորտում, մասնավորապես՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։

Ըստ ռեգիստրի՝ Գագիկ Մկրտչյանը մի շարք այլ ընկերություններում դեր ևս ունի, այդ թվում՝ «Նոր Հայաստան» ՓԲԸ-ում։ Ուսումնասիրելով «Նոր Հայաստան» ՓԲԸ տվյալները, պարզեցինք, որ 2019-ին հիմնադրման օրվանից մի քանի ամիս ընկերության տնօրեն է եղել Աստղիկ Արտեմի Սարգսյանը, որը, հավանաբար, իրական շահառուների հայտարարագրով ներկայացված նույն անձն է։ Աստղիկ Սարգսյանը հեռուստատեսության ոլորտում հայտնի հաղորդավար, նախկինում «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակ Արտեմ Սարգսյանի դուստրն է, ինչպես նաև՝ հեռուստաբիզնեսում հայտնի Բագրատ Սարգսյանի քույրը։ Սարգսյանների ընտանիքն ամբողջությամբ հեռուստատեսության բիզնեսում է։

Բագրատ Արտեմի Սարգսյանը հեռուստաբիզնեսով զբաղվող մի շարք ընկերություններում փոխկապակցվածություն ունի, որոնք տարիներ շարունակ կապվել են «Պանարմենիան» մեդիա գրուպի, ինչպես նաև՝ քաղաքական ուժերի հետ։

Աստղիկ Արտեմի Սարգսյանը 2010-2013- ընթացքում 50% բաժնետեր է եղել «Է.Վ.» հեռուստաընկերություն ՍՊԸ-ում։ Այս ընկերության մյուս 50%-ը պատկանել է օֆշորային Վիրջինյան կղզիներում գրանցված «Բենեթ գրուպ ինք.»-ին (Benet Group, INC)։

«Է.Վ.» հեռուստաընկերություն ՍՊԸ մասնակիցներ

2010-ին Երևանի մամուլի ակումբի հրապարակած զեկույցում նշվում էր, որ հավաստի աղբյուրների համաձայն՝ «Բենեթ գրուպը» պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին և «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին: Ավելին, նույն զեկույցի համաձայն՝ «Բենեթ գրուպը» և Սարգսյանների ընտանիքը «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների սեփականատերեր են եղել, ինչով և խախտել են ՀՀ օրենքով պահանջվող հակամենաշնորհային երաշխիքը։

«Բենեթ գրուպը» 2010-2017-ին 100% սեփականատեր է եղել նաև «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ում, որի սեփականատերը 2019-ից «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն էր։

Ստացվում է, որ Բագրատ Սարգսյանը փաստացի որպես «Նոր Հայաստանի» իրական շահառու հայտարարագրված չէ, սակայն տվյալների համադրումից պարզ է դառնում, որ հենց նա է ընկերության իրական սեփականատերը, ինչը հիմնավորվում է նաև վերոնշյալ հանգամանքներով։

«Ա-թիվի» ծրագիր

Հանրապետական սփռում ունեցող «Ա-թիվի» հեռուստաալիքը նույնանուն ՍՊԸ-ով գործում է դեռևս 1999-ից։ 2021-ի նոյեմբերին ԻՇ վերաբերյալ հայտարարագիր է ներկայացվել, համաձայն որի` 2019-ից ընկերության 100 % սեփականատերը Դավիթ Ավետիսյանն է։

Դավիթ Ավետիսյանը 2011-ին եղել է «Պանարմ» ՍՊԸ-ի (նախկին անվանումը Պանարմենիան մեդիա գրուպ) առաջին տնօրենը, 2012-ին՝ «Արմենիա թի-վի»-ի տնօրենը։ Դավիթ Ավետիսյանը բաժնեմասեր է ունեցել մի շարք ընկերություններում, օրինակ՝ 30% մասնաբաժին ունի «Փրայմ ֆիլմ» ՍՊԸ-ում, որտեղ 35% սեփականատեր է նաև Սմբատ Խաչատրյանը, որը միաժամանակ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գլխավոր քարտուղարն է։ Դավիթ Ավետիսյանը մինչ այժմ «Դավ մեդիա» ՍՊԸ հիմնադիրն ու տնօրենն է, «Յունիվերսալ մքքանն» գովազդային գործակալության 49% բաժնետերը, «ԷՖ-ԷՄ» ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ՍՊԸ-ի 100% բաժնետերը։

«Ա-թիվի» ՍՊԸ մասնակիցներ

2014-2019 ընթացքում «Ա-թիվի» ընկերության 100% սեփականատերն է եղել Բագրատ Սարգսյանը։

«Ա-թիվի» ՍՊԸ-ն գործունեության տարիների ընթացքում տասնյակից ավելի մասնակիցներ է փոխել, որոնց թվում են մշակույթի նախկին նախարար, ՀՀԿ նախկին անդամ Արմեն Ամիրյանը, նրա կինը՝ Հրանուշ Ամիրյանը, Արայիկ Ամիրյանը, այլ անձինք և ընկերություններ։ Ուշագրավ է, որ 2008-2014-ին 40% բաժնետեր է եղել «Հոպար մեդիա» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է Օթարի Հակոբյանը՝ Արթուր Ջանիբեկյանի հայրը։ 2009-2014-ին ընկերության 60% սեփականատեր է եղել «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։

2022-ի հուլիսից ընկերության գլխավոր տնօրենն է Ելենա Արշակյանը։

«Արմենիա թի-վի»

«Արմենիա թի-վի» ՓԲԸ-ն ևս հանրապետական սփռում ունի, այն գործում է 1998-ից։ Ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2018-ից ընկերության 100 սեփականատերը Ռոբերտ Հովհաննիսյանն է, որն ընկերության անուղղակի սեփականատեր է «Պանարմ» միջանկյալ ՍՊԸ-ի միջոցով։ 2012-ից մինչ այսօր ընկերության գլխավոր տնօրենն է ռեժիսոր, պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը։

Ռոբերտ Հովհաննիսյանը 2011-2017-ին և 2018-ից մինչ այսօր «Պանարմ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ 2017-2018-ին ընկերության մեկ տոկոսը պատկանել է Բագրատ Սարգսյանին, 99%-ը՝ վերոնշյալ «Բենեթ Գրուպին», որը, ըստ պնդումների, կապված է եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանի հետ։ 2019-ին «Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարել է, որ «Արմենիա» հեռուստաընկերության 100%-ի սեփականատեր է ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքը։ Ըստ նույն հայտարարության՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարել է գոյություն ունենալ, իսկ դրա կազմում մտնող «ԱՏՎ», «Արմենիա», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «Թերթ.am» լրատվական կայքը, «Լավ» ռադիո»-ն, «Ռադիո Ջանը» անցել են տարբեր բաժնետերերի։

«Պանարմ» ՍՊԸ մասնակիցներ

«Պանարմ» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ից հեռուստամեկնաբան Արտակ Մուրադյանն է։ Ուշագրավ է, որ 2018-ին «Պանարմ» ՍՊԸ-ի 1%-ը և 2019-ին «Ա-թիվի»-ի 100% բաժնեմասերը վաճառելուց հետո Բագրատ Սարգսյանի անունը փաստաթղթերով որևէ հեռուստաընկերության հետ չի առնչվում, սակայն նա շարունակում է մնալ հեռուստաբիզեսնում։ Վերջին անգամ 2020-ին նա «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացել է USArmenia TV-ի նախագահ։

Ռեգիստրում Բագրատ Արտեմի Սարգսյանը կապվում է միայն «Պանարմ փաբլիշինգ հաուս» ՓԲԸ հետ, որի մասնակիցները, սակայն, անհայտ են։ Ընկերության տնօրենը 2012-ից Մարինե Սուլթանյանն է, իսկ իրական շահառուն 100% անուղղակի մասնակցությամբ նույն Ռոբերտ Հովհաննիսյանն է։

«Ֆրի Նյուզ» ծրագիր

2020-ին հիմնադրված «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊԸ-ն Երևանում հեռարձակում է որպես «Ֆրի Նյուզ» հեռուստաալիք։ Ընկերության ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2020-ի հունիսից 49% ուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է Հասմիկ Դանիելյանը, իսկ 2021-ի մայիսից՝ Արմեն Ղալեչյանը՝ 51% բաժնեմասերով։

Հեռուստաընկերության սեփականատերերից մեկը հստակ քաղաքական ուղղվածություն ունեցող Արմեն Ղալեչյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Հասմիկ Դանիելյանը Կամերային թատրոնի դերասանուհի է։ Հեռուստաընկերության գործադիր տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։

«Շանթ» ծրագիր

Հանրապետական սփռում ունեցող և դեռ 1995-ից գործունեություն իրականացնող «Շանթ» հեռուստաընկերության ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ընկերության իրական շահառուները Արթուր Եզեկյանն ու Արամ Մնացականյանն են, համապատասխանաբար 52% և 48% բաժնեմասերով։

2011-2015-ին ընկերությունում նաև օտարերկրյա բաժնետեր է եղել՝ Շոտլանդիայի Էդինբուրգում գրանցված «Սփենսեր ինդասթրիալ Լ.Փ.»-ն, որին պատկանել է 48% բաժնեմասը։ 2015-ին այս բաժնեմասը ձեռք է բերել Արամ Արմենի Մնացականյանը։ Հատկանշական է, որ Մնացականյանի բաժնեմասի վրա 2020-ի հունիսին դրվել էր կալանք՝ կապված Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործի հետ։

Մնացականյանը նաև «Մերիան գրուպ» ՍՊԸ 100% սեփականատերն է, որն ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ զբաղվում է դեղերի մեծածախ առևտրով։

«Երկիր մեդիա»

Հեռուստատեսության ոլորտում հնաբնակներից է հանրապետական սփռում ունեցող, 2003-ից գործող «Երկիր մեդիա» ՀԸ-ն, որը պատկանում է «Հուսաբեր» ՓԲԸ-ին։ 2021-ի նոյեմբերին ներկայացված հայտարարագրում նշված է ընկերության երկու իրական շահառու՝ 2005-ից 24,8%-ի բաժնետեր ՀՅԴ-ական Արսեն Մանուկյանը և 2006-ից 25,1%-ի բաժնետեր Նարինե Ասատրյանը։ Թե ովքեր են ՓԲԸ մյուս 50%-ի բաժնետերերը, անհայտ է. կա՛մ սեփականատերերի մասին տվյալներն ամբողջական չեն ներկայացված, կա՛մ մյուսները 20%-ից ցածր բաժնեմաս ունեն։

Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, քաղաքական գործիչ, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը 2022-ի մարտից ընկերության տնօրենն է։ 2004-2006-ին տնօրեն է եղել Աժ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական գործող պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Որպես իրական շահառու հայտարարագրված Արսեն Մանուկյանը հայտնի «Մեղեդի» սրճարանի տնօրենն է։ Նա գործարար է, մի շարք այլ ընկերությունների տնօրեն կամ սեփականատեր։

Ընկերության այլ բաժնետերերի մասին տվյալներ հայտնաբերել չհաջողվեց։ Հնարավոր չեղավ նաև նույնականացնել իրական շահառու նշված Նարինե Ասատրյանին։

«Կենտրոն»

Համապետական սփռում ունի 2002-ից գործող «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ կողմից հեռարձակվող «Կենտրոն» հեռուստաալիքը։ Համաձայն ներկայացված հայտարարագրի՝ 2010-ից ընկերության 100% բաժնետերը Սեդրակ Առուստամյանն է։ Առուստամյանը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա անցնում է մի քանի քրեական գործերով։ 2019-ին նրան մեղադրանք էր առաջադրվել «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող քրեական գործի շրջանակում։ 2020-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Առուստամյանը մեղադրվել էր Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահին 22 մլն դոլար կաշառք տալու դրվագով։ Նա կալանավորվել է, այնուհետև 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։

2018-ից ընկերության գլխավոր տնօրենը Սերգեյ Ադումյանն է, որը նաև «Կոտայք թի վի»-ի տնօրենն է։

«21 TV»

Մայրաքաղաքային սփռում ունեցող «Դար-21» հեռուստաընկերություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999-ին։ 2021-ի դեկտեմբերին ներկայացված տվյալների համաձայն՝ ընկերության իրական շահառուները երեքն են․ 2020-ի հոկտեմբերից 80% մասնաբաժնով իրական շահառու է Տատյանա Հովհաննիսյանը, նույն ժամանակահատվածից 10%-ով սեփականատեր է Աննա Հարոյանը, իսկ 2021-ի հոկտեմբերից կրկին 10%-ով՝ Տաթևիկ Համբարձումյանը։ Նրանց մասին այլ տվյալներ պարզել չհաջողվեց։

2013-ից ընկերության տնօրենը Արմենակ Սարգսյանն է։ Նա նաև հայտնի Արձագանք ստուդիայի տնօրենն է։

«5-րդ ալիք»

«5-րդ ալիքը» («Շարկ» ՍՊԸ) կրկին մայրաքաղաքային սփռում ունի, այն գործում է դեռ 1995-ից։ Ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2018-ից ընկերության միակ՝ 100% ուղղակի մասնակցությամբ իրական շահառուն Արմեն Թավադյանն է։

«5-րդ ալիք»-ը ստեղծվել է նախկինում գործող «Արարատ» հեռուստաընկերության հենքի վրա: Վերջինս այս տարիների ընթացքում ութ սեփականատեր և տասնյակ տնօրեններ է փոխել։ Օրինակ՝ 2009-2018-ի ընթացքում 67% բաժնետերն է եղել գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը։ 2018-ից ընկերության 100% բաժնետեր դարձած Արմեն Թավադյանը Ստեփանակերտից է, 1993-ից եղել է ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարը Ռուսաստանում։

2019-ին Թավադյանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել 2008-ի Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձին առնչվող քրեական գործով։ Արմեն Թավադյանը մասնակցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ ի աջակցություն նրա ցույցերին։

Որքանո՞վ են հայտարարագրերն արտացոլում իրականությունը

Ներկայացված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեպետ բոլոր հեռուստաընկերությունները ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, սակայն դրանք ոչ միշտ են բացահայտում իրականությունը։ Հիմնականում ներկայացվել են սեփականատերերի տվյալները, իսկ որոշ դեպքերում հանրությանը ոչինչ չասող անուն-ազգանուններ։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանն ասում է․ «Փաստացի մենք գործ ունենք ձևականության վերածման վտանգի հետ։ Այո՛, կազմակերպությունները հաճախ ներկայացնում են ոչ թե իրենց իրական շահառուներին, այն անձանց, որոնք ի վերջո ստանում են շահույթ կամ վերահսկում են տվյալ բիզնեսը, այլ նրանց, ովքեր արդեն իսկ առկա են հիմնադրման փաստաթղթերում, և չկա որևէ նոր բան։ Եթե հեռուստաընկերությունների օրինակով խոսենք, փաստացի, հանրությունը կրկին չի իմանում այս կամ այն լրատվամիջոցի իրական սեփականատիրոջը, ինչն աղճատում է իրականությունը և վերածում այդ ռեֆորմը ձևականության, ուստի հսկայական է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը, որոնք իրենց ուսումնասիրությունների շնորհիվ կարող են բարձրաձայնել այդ մասին»։

Ըստ Դոյդոյանի՝ ներկայացված հայտարարագրերը չեն ստուգվել պետական կառույցի կողմից այն պատճառով, որ լիազոր մարմինը չունի պատշաճ ռեսուրսներ դա իրականացնելու գործիքակազմ և այլն։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը ևս կարծում է, որ կարող են այդպիսի դեպքեր լինել, սակայն վստահ չէ, որ դա ընդամենը պարտավորության կատարման համար է։ «Պետք է հաշվի առնել նաև, որ պարտավորությունն ինքնին նոր է իրավաբանական անձանց համար, ու հենց այդ գործոնով պայմանավորված՝ իրավաբանական անձինք շատ հաճախ չեն ներկայացնում որակյալ հայտարարագրեր։ Որակի բարձրացման ուղղությամբ և՛ ռեգիստրի գործակալությունը, և՛ հենց իրավաբանական անձինք պետք է աշխատեն։ Քանի որ ինստիտուտը նոր է ներդրված, ըստ էության, դա օբյեկտիվ պայման է»,- ասում է նա։

Մեկնաբանել