Արցախում 11 երեխա և 10 մեծահասակ վերակենդանացման բաժանմունքներում են, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում․ «Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է»,- ասված է հաղորդագրությունում։

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

«Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: Ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար»,- նշում է նախարարությունից։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 16-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։