Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի ատեստավորման համակարգ, որի արդյունքում ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված փաթեթով ԱԱԾ-ն առաջարկում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար։
Ատեստավորումը լինելու է պարտադիր, իսկ այն չհանձնած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ։
«Երկրորդ անգամ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից»,- ասված է նախագծում։
Ծառայողները, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, կվճարվեն 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:
«Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա համապատասխան ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում վերջիններս կհամալրվեն բանիմաց կադրերով»,- նշված է հիմնավորումներում։
Նախագծի ընդունումը, ըստ ԱԱԾ-ի՝ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը։
«Սահմանապահ զորքերում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը: Հրամայական է ԱԱԾ-ն համալրել որակյալ կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ»,- ասցված է նախագծում։