ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ զրույց է տեղի ունեցել

Լուսանկարը՝ արխիվային

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։

Հանիպման մեկնարկում ՌԴ նախագահն ասաց, որ այժմ գլխավոր հարցը Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն է։

«Մենք երեկ սկսեցինք (քննարկել – խմբ.), նաև հաջողվեց երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, այն ամենը, ինչը կապված է Ղարաբաղի հետ»,- ասաց Պուտինը։

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքում առկա ճգնաժամն է․ «Գիտեք, որ Լաչինի միջանցքը մոտ 20 օր է՝ արգելափակված է։ Եվ սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում»,- ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է ապրանքների ու քաղաքացիների անարգել անցումը միջանցքով։ «Ստացվում է, որ Լաչինի միջանցքը մոտ 20 օր է չի գտնվում ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ։ Կցանկանայի քննարկել այս իրավիճակը, տեսնել՝ (խնդրի լուծման – խմբ․) ինչ տարբերակներ կան»,- նշեց Փաշինյանը։


Մեկնաբանել