Անգլերենը ցանկանում են ռեգիոնալ լեզու դարձնել Կիևում

Անգլերենը էքսպերիմենտի կարգով կարող է ռեգիոնալ լեզվի կարգավիճակ ստանալ Կիևում։ Այսպիսի հայտարարությամբ ուկրաինական ТВi հեռուստաալիքի եթերում հանդես է եկել Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիսլավ Լուկյանովը երկրի իշխող Ռեգիոնների կուսակցությունից։

«Ես կաջակցեմ։ Դա շատ դրական ազդեցություն կունենա մեր՝ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին»,- նշել է խորհրդարանականը։ Լուկյանովի խոսքով՝ «եթե իրենք ցանկանում են մի քանի օտար լեզվի իմացության առավելություն տալ իրենց երեխաներին, պետք է դա անեն, որպեսզի իրենց երեխաները լինեն մրցունակ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց ավելի վաղ Գերագույն ռադայի ընդունած «Լեզվական պետական քաղաքականության սկզբունքների մասին» օրենքը։

Համաձայն Ուկրաինայի Սահմանադրության՝ երկրի միակ պետական լեզուն ուկրաիներենն է։ Նոր օրենքն այս նորման անփոփոխ է թողնում, սակայն սահմանում է ռեգիոնալ լեզու հասկացությունը։ Ռեգիոնալ է համարվում այն լեզուն, որը մայրենի է բնակչության նվազագույնը 10%-ի համար։ Օրենքը սահմանում է, որ ռեգիոնալ լեզվով կարելի է իրականացնել դասավանդումը, գործավարությունը, լրատվամիջոցների հեռարձակումը։

Բացի ռուսերենից՝ ռեգիոնալ լեզուների կամ Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների լեզուների թվին են դասված մի շարք այլ լեզուներ, այդ թվում՝ հայերենը, բելառուսերենը, բուլղարարենը, իդիշը, ղրիմաթաթարերենը, մոլդավերենը, գերմաներենը, լեհերենը։

Համաձայն օրենքի՝ ռուսերենը պետք է ռեգիոնալ լեզու դառնա Ուկրաինայի 27 վարչատարածքային միավորումներից 13-ում։ Օրենքի՝ օգոստոսի 10-ին ուժի մեջ մտնելուց հետո ռուսերենին ռեգիոնալ լեզվի կարգավիճակ են տրամադրել Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի, Օդեսայի և Խերսոնի մարզերի մարզային խորհուրդները, ինչպես նաև Իզմայիլի, Օդեսայի, Սևաստոպոլի և Խարկովի քաղաքային խորհուրդները։

Ակնկալվում է, որ աշնանը Ղրիմի խորհրդարանը ռեգիոնալ լեզվի կարգավիճակ կտրամադրի միանգամից երկու լեզվի՝ ռուսերենին և ղրիմաթաթարերենին։

Մեկնաբանել