Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է Հ․ Հովնանյան հիմնադրամի գործադիր տնօրեն

Հայաստանում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (the H. Hovnanian Family Foundation) գործադիր տնօրեն է նշանակվել Կորյուն Խաչատուրյանը, հայտնում են Հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

Խաչատուրյանը վերջին չորս տարիներին ղեկավարել է գյուղական համայնքների զարգացման մի շարք նորարար նախաձեռնություններ Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամում, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԹՈՒՄՈ-ի (TUMO) բազմաթիվ նորահայտ նախաձեռնություններ, նախ Ստեփանակերտում, այնուհետև Ֆրանսիայի Փարիզ քաղաքում՝ գլխավորելով աշխարհում ԹՈՒՄՈ-ի կրթական մոդելի ընդլայնումը։

Խաչատուրյանն ավելի քան 10 տարվա փորձ ունի շահույթ չհետապնդող և կրթական ոլորտներում։ Նա Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քեդջ բիզնես դպրոցից (Kedge Business School) ստացել է երկակի մագիստրոսի աստիճան կառավարման և ձեռնարկատիրության ոլորտներում։

«Որպես սփյուռքի հայ և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա հայրենադարձության մեծ ազդեցությանը հավատացող մարդ, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը համարում եմ այն կազմակերպությունը, որը միանգամայն համապատասխանում է իմ տեսլականին ու ձգտումներին։ Ոգևորված եմ, որ ղեկավարելու եմ Հայաստանի ամենառազմավարական կազմակերպություններից մեկը և կկարողանամ նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը նորարարական լուծումներ բերելուն»,- ասել է Խաչատուրյանը։

Խաչատուրյանը փոխարինել է Նաիրա Մելիքյանին, որը կազմակերպությունում աշխատել էր ավելի քան 25 տարի։

Կորյուն Խաչատուրյանը նաև ղեկավարելու է Հիմնադրամի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր նոր հատուկ նախագծերը՝ աշխատելով անմիջապես Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի և նրա տնօրենների խորհրդի հետ։

«Երբ գործադիր տնօրեն էինք փնտրում, Կորյունն աչքի ընկավ որպես մարդ, ով կարող է Հիմնադրամը ներկայացնել Հայաստանում պրոֆեսիոնալ և նորարար կերպով։ Ես հարգում եմ բիզնես ոլորտում նրա փորձն ու Հայաստանում երկու լուրջ նախագծերի կառավարման տասնամյա փորձը, և գիտեմ, որ մենք անկասկած միասին կիրականացնենք բազում ոգևորիչ նախագծեր։ Այս ամենը հատկապես կարևոր է, քանի որ մենք մեր ընտանեկան հիմնադրամի նոր փուլում ենք, երբ հորս մահից հետո նոր սերունդն է ղեկն իր ձեռքը վերցրել, և մենք ցանկանում ենք ընդլայնել մեր ունեցած ազդեցությունը»,- ասել է Էդիլ Հովնանյանը։

Հիմնադրամի 1986թ․ հիմնադրումից ի վեր, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը (H. Hovnanian Family Foundation) առավել քան $75 միլիոն դոլար է հատկացրել բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան նպատակներով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի համար՝ հիմնական նպատակ ունենալով օգնել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև Նյու Ջերզի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին։