Ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ

Շտապօգնություն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ծանր վիճակում գտնվող երեք հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 17-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։