ՊԵԿ-ում քննված գործերով 2022-ին պետբյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեում քննված քրեական վարույթներով 2022-ի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ, հայտնում են ՊԵԿ-ից։

Կոմիտեից նշում են, որ արձանագրված ցուցանիշներն «աննախադեպ են»։

2021-ի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ դրամ, 2020-ին՝ շուրջ 2,5 մլրդ դրամ, 2019-ին՝ շուրջ 5,8 մլրդ դրամ, 2018-ի ընթացքում՝ շուրջ 8,5 մլրդ դրամ, իսկ 2017-ին վերականգնվել է մոտ 8,5 մլրդ դրամ պետությանը պատճառված վնաս:

ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին՝ ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն:

«Քննվել են նաև փողերի լվացման, խարդախության հանցակազմերով քրեական վարույթներ, որոնց քննության արդյունքներով հարուցված հանրային քրեական հետապնդումների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել տարբեր անձանց, 35 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազներին՝ վարույթները դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։