Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուսական զորախմբի գործելակերպը․ Փաշինյան

«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»,- կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ նման հարց առաջացել է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո ադրբեջանական ներխուժման առաջին դեպքը չէ։ Դրան նախորդել էին Խծաբերդի (2020-ի դեկտեմբեր) ու Փառուխի (2022-ի մարտ) իրադարձությունները։

«Պիտի անկեղծ ասեմ՝ ՀՀ-ն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն է ու ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու ռուսական զորախմբի ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով Ղարաբաղում հումանիտար հարցերին՝ նա ասաց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է զգալի, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված, խանութների ցուցափեղկերը դատարկ են, հանրային վայրերում սննդի ծառայության սահմանափակումներ են մտցվել։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որը պիտի Արցախի գործընկերների հետ համագործակցի հումանիտար խնդիրների շուրջ։ Կառավարության այսօրվա որոշումներից մեկով 4 մլրդ դրամ է հատկացվել Արցախին։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 18-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել