Արցախի կառավարությունը որոշում է ընդունել Կաշենի հանքավայրում միջազգային փորձաքննություն անելու մասին

Հաշվի առնելով Ադրբեջանի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, Արցախի կառավարությունը որոշում է ընդունել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

«Արցախի կառավարությունը վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունում։

Նշվում է, որ ժամանակավորապես դադարեցվել է հանքավայրի շահագործումը։

«Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: Արցախի կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 18-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել