Լաչինի միջանցքի համատեքստում խաղաղապահների հասցեին քննադատությունն անընդունելի է. Զախարովա

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունն անընդունելի է։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Հրապարակային մեղադրանքները գործին չեն օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել։ Աշխատում ենք, որպեսզի այդ իրավիճակը բարելավվի»,- ասել է Զախարովան։

Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»։

Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը՝ Զախարովան նշել է. «Առանց խաղաղապահ զորակազմի ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանատու կերպով ասել, թե ինչն ավելի լավ կլիներ։ Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է: Կարելի է խոսել այն մասին, որ պետք է բարձրացնել արդյունավետությունը և այլն։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես գետնի վրա իրողությունները չհասկանալու վկայությունն է, ինձ այդպես է թվում»։

Մեկնաբանել