ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, նշել է Պեսկովը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Գիտեք, որ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեզ համար շատ արժեքավոր և թանկ գործընկեր»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 18-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել