Առանց ռուսական դրոշների․ Ստեփանակերտի երկրորդ հանրահավաքի առանձնահատկությունները

Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ բազմահազարանոց հանրահավաքը: Հանրահավաքի նպատակն էր ի ցույց դնել Արցախի ժողովրդի բողոքը Լաչինի միջանցի արգելափակման վերաբերյալ: Հատկանշական է, որ հոկտեմբերի 31-ին ու դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրահավաքների միջև որոշակի տարբերություններ էին նկատելի:

Առաջին տարբերությունը այն էր, որ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրահավաքին բացակայում էին ռուսական դրոշները և այլ սիմվոլիկան: Սա կարևոր զարգացում է և Արցախում Ռուսաստանի նկատմամբ փոխվող տրամադրությունների կարևոր ցուցիչ: Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի իշխող էլիտան մտածում էր, որ բոլոր հնարավոր առիթներով Ռուսաստանին սիրաշահելու քաղաքականությունը կարող է որոշակի անվտանգային դիվիդնետներ բերել Արցախին, ապա հիմա, այդ միամիտ մոտեցումը, կարծես թե, այլևս գոյություն չունի:

Հատկանշական է, որ բացի դեկտեմբերի 25-ի հանրահավաքից, վերջին օրերի ընթացքում Արցախում տեղի են ունենում տարբեր ակցիաներ, որոնց մասնակիցները ուղիղ տեքստով քննադատում են թե՛ Ռուսաստանի իշխանություններին, թե՛ խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը: Այդ առումով արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի անգործությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղված իրավիճակում լուրջ հարված է դարձել Մոսկվայի վարկանիշի համար ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում:

Այս հանրահավաքի մյուս առանձնահատկությունը այն էր, որ հարթակի վրա որոշակի բազմազանություն կար: Եթե նախորդ հանրահավաքին ելույթ ունեցողների շարքում միայն իշխանամերձ գործիչներ էին, ապա այս անգամ կային նաև գործիչներ, որոնք քննադատում էին հանրահավաքի առաջին շարքում կանգնած գործող և նախկին էլիտաներին: Այս հանգամանքը հանրահավաքը ավելի անմիջական դարձրեց:

Դեկտեմբերի 25-ի հանրահավաքի գլխավոր տարբերությունը նախորդից սակայն այն էր, որ այս անգամ ելույթով հանդես եկավ նաև Կառավարության ներկայացուցիչ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Նախորդ հանրահավաքին գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ հարթակ չէր բարձրացել, ինչը ոչ միանշանակ տպավորություն էր թողել:

Ռուբեն Վարդանյանը իր ելույթում նշեց, որ չի պատրաստվում կատարել Ադրբեջանի պահանջը և հեռանալ Արցախից:

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից: Մինչ այդ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի անունը հիշատակել էր նաև Ադրբեջանի ներկայացուցիչը: Բաքվի այսպիսի ընդգծված բացասական վերաբերմունքը Վարդանյանի ու Արցախի պետնախարարի պաշտոնում նրա նշանակմանը ունի հստակ պատճառներ, որոնց դեռևս առիթ կլինի անդրադառնալ: Այս փուլում պետք է արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը նշանակում է, որ Արցախում որոշում է կայացվել չգնալ զիջումների ու չկատարել Ադրբեջանի պահանջները, ինչը կարելի է Ստեփանակերտի հանրահավաքի գլխավոր ուղերձը համարել: Սա նշանակում է նաև, որ Արցախի շրջափակումը ամենայն հավանականությամբ շարունակվելու է:

Ընդհանուր առմամբ ի սկզբանե ակնհայտ էր, որ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը չէր կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վրա: Այն առաջին հերթին ուղերձ էր արտաքին աշխարհին, որ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ Արցախում ապրում են մարդիկ, որոնք ունեն իրավունքներ և պատրաստ են պայքարել այդ իրավունքների համար:

Մեկնաբանել