Զինծառայողներն արդյոք ապահովված են բժշկական դեղատուփերով. ՊՆ-ն չի հայտնում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հայտնել՝ զինծառայողների՝ առաջին օգնության անհատական դեղատուփերով ապահովված լինելու կամ չլինելու մասին տեղեկությունը՝ այն որակելով պետական գաղտնիք։ Տեղեկատվության մերժումը, օրենքի խախտումով, տրամադրել է ամիսներ անց։

Մարտական պայմաններում առաջին բուժօգնության ցուցաբերումը ամենակարևոր հմտություններից մեկն է, ինչի համար նախևառաջ անհրաժեշտ է, որ զինվորը ապահովված լինի առաջին օգնության անհատական դեղատուփով, որպեսզի հնարավորություն ունենա փրկել իր և ծառայակիցների կյանքը։

Շուրջ երկուսուկես ամիս առաջ՝ հոկտեմբերին, #CivilNetCheck-ը հարցում էր ուղարկել ՊՆ և խնդրել հայտնել՝ արդյոք Զինված ուժերի զինծառայողները կամ մարտական ծառայությունում ներգրավված զինվորները ունեն անհատական դեղատուփեր։ Խնդրել էինք նաև բացասական պատասխանի դեպքում պարզաբանել դեղատուփեր չունենալու պատճառը։

Բազմաթիվ զանգերից հետո, վերջապես, դեկտեմբերի 22-ին հաջողվեց ստանալ հարցման «պատասխանը», որում նախարարությունը մերժել է տրամադրել տեղեկությունը՝ պատճառաբանելով, թե այն պարունակում է պետական գաղտնիք։

Հայցվող տեղեկության տրամադրումը 77 օր հետո մերժելը ուղղակիորեն հակասում է օրնքին. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածում հստակ սահմանվում է, որ մերժման դեպքում գերատեսչությունն այդ մասին պարտավոր է հայտնել 5-օրյա ժամկետում։

Նույնիսկ, եթե նախարարությունը որոշել էր այս հարցերին պատասխանել 30-օրյա ժամկետում, ապա այդ մասին ևս պարտավոր էր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ համաձայն վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածի, ինչը նույնպես չի արել։

Նախարարությունը մերժումը հիմնավորել է, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը, Կառավարության կողմից 1998-ին ընդունված N173 որոշումը և պաշտպանության նախարարի 2015-ին ընդունած N9 հրամանը, ըստ որոնց՝ մերժվում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական, ֆինանսական միջոցների մասին տեղեկության տրամադրումը։

ՊՆ-ի այս գործելավոճը նոր չէ։ Մեր գործընկեր լրատվամիջոցներին բազմաթիվ անգամ խնդրահարույց կերպով և ժամկետների խախտումներով ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը։ Շատ անգամ ՊՆ-ն մերժում է տրամադրել անգամ այն տեղեկությունը, որն արդեն իսկ հրապարակվել է այլ գերատեսչությունների կողմից։