2022-ին գրանցվել են կնասպանության ամենաշատ դեպքերը

2022-ին գրանցվել է կնասպանության դեպքերի ամենաբարձր թիվը․ 15 կին զրկվել է կյանքից, որոնցից 4-ը միայն դեկտեմբերին։ Զուգահեռաբար, ակնհայտորեն դաժանացել են կնասպանության դեպքերը․ նռնակի գործադրմամբ պայթեցում, մարմնի մասնատմամբ ուղեկցվող սպանություն, աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնության գործադրմամբ սպանություն․․․
Հարկ է նշել, որ այս տխուր վիճակագրությունը չի արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ հավաքագրված են բացառապես կնասպանության այն դեպքերը, որոնք որակվել են որպես սպանություն։ Ինքնասպանություն կամ դժպախտ պատահար որակված դեպքերը դուրս են այս վիճակագրությունից, որոնք և բավականին շատ են։

Սակայն այսօր ես ուզում եմ խոսել փրկված կյանքերի և այն կառույցի մասին, որն անգնահատելի դեր է կատարում շատուշատ կանանց ու երեխաների կյանքում։
Արմինեն (անունը փոխված է) 20 տարի ապրել է ամուսնուց վախենալով։ Այդ տարիները ծանր էին և սարսափով լի, բայց բռնության մի դրվագից հետո նա ահազանգեց ոստիկանություն և իր հինգ երեխայի հետ միասին գնաց ոստիկանություն։ Ոստիկանությունում բռնարարի նկատմամբ կիառեցին անհետաձգելի միջամտության որոշում և բռնությունից տուժած կնոջն ուղղորդեցին Կանանց աջակցման կենտրոն։ Դեպքը գնահատեց կենտրոնի սոցիալական աշխատողը, և բարձր ռիսկայնության պատճառով կնոջը նրա երեխաների հետ առաջարկեցին ապահով տուն (ապաստարան) տեղափոխվել։
Երբ Արմինեն տեղափոխվեց ապահով տուն, կորցրել էր ապրելու ցանկությունը և դժվարությամբ էր կարողանում բավարարել երեխաների կարիքները, էլ չասած սեփական կարիքների մասին։ Կացարանում գտնվելու ժամանակահատվածում Արմինեի և նրա երեխաների հետ սկսեցին աշխատել Կանանց աջակցման կենտրոնի մասնագետները։ Աստիճանաբար բռնությունից կեղեքված ընտանիքի անդամների երեսին սկսեց ժպիտ հայտնվել, նրանք սկսեցին կատակել ու մտածել լուսավոր ապագայի մասին։
Արմինեն ապահով տանը գտնվելու ժամանակահատվածում նոր հմտություններ ձեռք բերեց, և նրան օգնեցին գտնել աշխատանք՝ հայրենի քաղաքում։ Նա այժմ աշխատում է և կարողանում է ապահովել իրեն ու երեխաներին։ Նրա երեխաները ուրախությամբ հաճախում են ցերեկային խնամքի կենտրոն և դպրոց: Ապրում են համեստ, բայց երջանիկ՝ բռնությունից զերծ կյանքով, ազատ են որոշելու իրենց ապագան:

Կանանց աջակցման կենտրոնի 2022-ի դեռևս չվերջնականացված տվյալներով, ավելի քան 70 կին և երեխա ապահով ապաստան է ստացել՝ վերակառուցելով կյանքը։ 800-ից ավելի կին և երեխա օգտվել է վերականգնողական ծառայություններից, ստացել խորհրդատվություն և իրավաբանական, հոգեբանական օգնություն։ 78 կին ձեռք է բերել տնտեսական անկախություն՝ մասնագիտական ուսուցման կամ սեփական բիզնեսը սկսելու միջոցով: 151 կին ստացել է հագուստ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր՝ հասարակություն վերաինտեգրմանը նպաստելու նպատակով։ 138 կին և երեխա ստացել է բժշկական օգնություն, որպես ֆիզիկական առողջության ու բարեկեցության աջակցություն։

Սակայն որքան շատ են այն կանայք և երեխաները, որոնք շարունակում են ապրել բռնության միջավայրում։ Հայաստանում գործում է ընդամենը երկու ապահով տուն՝ Կանանց աջակցման կենտրոնի ներքո, պետության մասնակի համաֆինանսավորմամբ։ Փաստացի, այդ ֆինանասական միջոցներն այնքան անբավարար են, որ եթե չլինեն նվիրատվությունները, հնարավոր չի լինի իրականացնել կանանց և երեխաների կարիքների ապահովում՝ այս մեծ ծավալով։ Ուստի տոնական այս օրերին Կանանց աջակցման կենտրոնը հայտարարել է իր 7-րդ ամենամյա «Ապաստարան» արշավը, որի միջոցով փորձ է արվում հավաքել անհրաժեշտ ֆինանասական միջոցներ՝ բռնությունից տուժած կանանց և երեխաների համար։ Պետությունը դեռ չի տրամադրում այն միջոցները, որոնք կբավարարեն այդ կարևոր աշխատանքը կատարելու համար։

Իհարկե, հասարակական կազմակերպությունները ծավալուն աշխատանք են անում, համագործակցում են պետական կառույցների հետ, և այդ համագործակցությունը տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում։ Սակայն դեռ չի կարելի խոսել համակցված և զգայուն, միասնական ջանքի մասին՝ պետական տարբեր կառույցների միջև։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ եթե չլինի պետության տարբեր մարմինների հետ համակցված աշխատանք՝ երբևէ չենք հաղթահարի ընտանեկան բռնությունը, հատկապես, որ մեր կյանքի անբաժան ուղեկիցներն են դարձել պատերազմներն ու ճգնաժամային իրավիճակները, որոնց աղետալի հետևանքները առաջին հերթին ազդում են կանանց և երեխաների վրա։

Մեկնաբանել