Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ընտանիքի գույքային կայսրությունը

Մկրտիչ Կարապետյան

Արմեն Ղուլարյանը պետական կառավարման համակարգում է խորհրդային տարիներից։ Իջևանի շրջանային խորհրդի գործկոմից նա հասել ու դարձել է Տավուշի մարզպետ՝ այդ պաշտոնը զբաղեցնելով 15 տարի։ Հետո նշանակվել է քաղաքաշինության փոխնախարար, իսկ երբ նախարարությունը դարձավ քաղաքաշինության կոմիտե՝ կոմիտեի փոխնախագահ։ 2021-ի հունվարից Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահն է։ Մինչև 2018-ը նա Հանրապետական կուսակցության ոչ շարքային անդամ էր, բայց հեղափոխությունից հետո դուրս եկավ Հանրապետականից։ Պետական կառավարման օղակներում պաշտոններ ունենալու երկարուձիգ տարիներին Ղուլարյանի ընտանիքը՝ եղբայրը, կինը, որդիները տպավորիչ ծավալի անշարժ գույքի սեփականատերեր են դարձել։ Առանձնատներ, բազմաթիվ բնակարաններ ու ավտոկայանատեղիներ, շենքեր, հողեր, կաթսայատներ. սա Ղուլարյանների ունեցվածքի մի մասն է։ Նրանք նաև վարձակալել են Երևանի այգիներից մեկը, երկար տարիներ եղել Իջևանի շուկայի համասեփականատեր։

Արմեն Ղուլարյանի ունեցվածքը

Արմեն Ղուլարյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը համեստ է։ Նա հայտարարագրել է ընդամենը մեկ տուն Իջևանում, որն իրեն է անցել ժառանգությամբ։ Այդ գույքը Իջևանի Մյասնիկյան փողոցում է ու բաղկացած է երկու բնակելի մասից՝ մեկը մոտ 260 քմ է ու եռահարկ, մյուսը միահարկ՝ 155 քմ։

Արմեն Ղուլարյանի Իջևանի առանձնատունը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2021-ի դրությամբ հայտարարագրել էր 5 մլն դրամի ու 25 000 դոլարի չափով կանխիկ միջոցներ։ Ղուլարյանի եկամուտները կազմել էին 12 մլն դրամ, որը գոյացել էր որպես քաղաքաշինության կոմիտեի նախագահ աշխատավարձից և 715 000 դրամ, որը եղել է Ղուլարյանի թոշակի գումարը։ Այս համեստ հայտարարագիրը համադրելի չէ այն ունեցվածքի հետ, որ ունեն Արմեն Ղուլարյանի հետ փոխկապակցված անձինք։

Արմեն Ղուլարյանի կնոջ ունեցվածքը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կնոջը՝ Սիլվա Մկրտումյանին է պատկանում Իջևանի Մյասնիկյան 3 հասցեում գտնվող երկհարկանի շինությունը, որի առաջին հարկում արագ սննդի կետ և փոքր այլ խանութներ կան։ Ղուլարյանի կինը՝ Սիլվա Մկրտումյանը, նախկինում հացաթխման համար վարձակալում էր շենքի տարածքը։ Վարձակալությունը հետագայում փոխարինվում է սեփականությամբ․ 2011-ին Մկրտումյանը 10 մլն դրամով գնում է շենքի մի մասը, իսկ 2022-ին շենքի մյուս մասը 7 մլն դրամով ձեռք է բերում Արմեն Ղուլարյանի որդին՝ Նարեկ Ղուլարյանը։

Ընդհանուր առմամբ, 1200 քմ մակերեսով հողամասի վրա տեղակայված շինությունների ընդհանուր մակերեսը 345 քմ է, շենքին կից կա կաթսայատուն։

Իջևանի Մյասնիկյան 3 հասցեի հասարակական շենքը

Սիլվա Մկրտումյանը Տավուշի մարզի Գանձաքար գյուղի տարածքում ունի նաև 0,4 հա մակերեսով վարելահող՝ սեփականաշնորհված 1997-ին։ Նա 16,7 տոկոս բաժնեմաս ունի «Դանամա» ընկերությունում, որը գազալցակայան է շահագործում Իջևանի Երևանյան 1 հասցեում։ Այս ընկերությունում փայատեր է նաև նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը։

Նարեկ Ղուլարյանի ունեցվածքը

Արմեն Ղուլարյանի որդին՝ Նարեկ Ղուլարյանը, բացի վերը նշված շենքից, Իջևանի Ասլանյան փողոցում ունի արտադրական նշանակության խոշոր տարածք, որը նվիրատվությամբ ստացել է հորեղբորից՝ Աշոտ Ղուլարյանից, 2020-ին։ Տեղացիները պատմում են՝ խորհրդային տարիներին կառուցված շինությունը պիտի օգտագործվեր որպես ազոտաթթվածնային կայան։ Խորհրդային միության փլուզումից հետո, սակայն, ծրագիրը կանգ է առել ու շենքն այդպես էլ չի օգտագործվել։ Արտադրական տարածքի մակերեսը 1 280 քմ է՝ բաղկացած ազոտաթթվածնային կայանից, պահեստներից, օժանդակ շինություններից։ Մեր այցելությամբ պարզեցինք, որ արտադրական շինությունում այժմ գործունեություն չի իրականացվում։

Նարեկ Ղուլարյանի հորեղբայրը՝ Աշոտ Ղուլարյանն այս գույքը գնել էր «Հայգազարդ»-ից 2006-ին՝ 2 մլն դրամով, իսկ ավելի ուշ այն անհատույց օգտագործման է հանձնել «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, Նարեկ Ղուլարյանն է։ «Կլասիկ պարտներ»-ի մասին մամուլում գրվել էր տարիներ առաջ, երբ պարզվել էր, որ Ոսկեպարում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն ընկերությունն անավարտ էր թողել։

Ազոտաթթվածնային կայանը

Նարեկ Ղուլարյանը բնակարան ու ավտոկայանատեղի ունի Երևանի կենտրոնում՝ Չարենցի 70/8 հասցեում, ինչպես նաև Արաբկիրում։ Արաբկիրի բնակարանը Նարեկ Ղուլարյանը ձեռք է բերել 2007-ին՝ մոտ 26 մլն դրամով։ Չարենցի 70/8 բնակելի համալիրի ու Ղուլարյանների կապին կանդրադառնանք ներքևում։

Բացի Իջևանի Ասլանյան փողոցի արտադրական տարածքից, Երևանի Կենտրոնում ու Արաբկիրում ունեցած բնակարանից՝ Նարեկ Ղուլարյանն Իջևանի կենտրոնում ունի 120 քմ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։ Նա հողամասը վարձակալել է 2015-ին Իջևանի համայնքապետարանից՝ 99 տարի ժամկետով։Այցելությամբ պարզեցինք, որ սա Իջևանի քաղաքային զբոսայգու հարևանությամբ գտնվող կիսախարխուլ մի շինություն է։ Պատին փակցված էր տարածքի վաճառքի մասին հայտարարություն։

Ղուլարյանի վարձակալած տարածքը՝ Իջևանի կենտրոնում

Մյուս հողամասը, որ վարձակալել է Նարեկ Ղուլարյանը, Իջևանի Արցախյան փողոցում է, մակերեսը մոտ 1 հա։ Այն գտնվում է Իջևանի երկաթուղային կայարանի մոտ։ Ղուլարյանը սա ոչ թե վարձակալել է համայնքից, այլ գնել է հողի վարձակալության իրավունքը քաղաքացի Սամվել Սողոմոնյանից։

Վարձակալության իրավունքի վաճառքը Ղուլարյանին արժեցել է 2,2 մլն դրամ։ Հողամասը էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության է։

Նարեկ Ղուլարյանի վարձակալած հողամասը Իջևանում

Աշոտ Ղուլարյանի ունեցվածքը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մյուս որդին՝ Աշոտ Ղուլարյանը Պետեկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզա մաքսային կետի բաժնի պետի տեղակալն է։ Աշոտ Ղուլարյանը ևս բնակարան ու ավտոկայանատեղի ունի Երևանի Չարենցի 70/8 հասցեում։

Նա Դիլիջան ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի ռեկրեացիոն գոտում 2012-ին 1 500 քմ հողամասի վրա կառուցապատման իրավունք է ձեռք բերել Բագրատիոն Կիրակոսյանից։ Վերջինիս անվանը հանդիպում ենք Ղուլարյանների հետ կապված մի քանի ընկերություններում։ Կիրակոսյանը Դիլիջան ազգային պարկից այս անտառամասի կառուցապատման իրավունքը ձեռք է բերել 2007-ին՝ 25 տարի ժամկետով ու 750 000 դրամով: Վարձավճարի չափը տարեկան կազմում է 45 000 դրամ։ Տարածքը պիտի դառնար զբոսաշրջային վայր, այնտեղ կառուցվելու էր 5 տնակ, տարածքն ապահովվելու էր էլեկտրամատակարարմամբ ու ջրամատակարարմամբ։ Շրջակա միջավայրի նախարարությունից ՍիվիլՆեթին տեղեկացրել են, որ այս տարիների ընթացքում կառուցապատում չի իրականացվել, նախարարությունը կառուցապատման իրավունքը վաղաժամ չի դադարեցրել։

Աշոտ Ղուլարյանը ևս մեկ հողամաս ունի Դիլիջանում։ Որպես պաշտոնատար անձ՝ Ղուլարյանը ներկայացնում է գույքի, ունեցվածքի, եկամուտների, շահերի հայտարարագիր։ 2021-ին վերջինս, բացի վերը թվարկված անշարժ գույքը, հայտարարագրել է նաև Volkswagen բեռնատար մեքենա և մեկ Toyota, որին 90 օրից ավել տիրապետել է։ Աշոտ Ղուլարյանի եկամուտները ավելի քան 7,4 մլն դրամ են կազմել․ ձևավորվել են աշխատավարձից, ստացած փոխառությունից ու մեքենաներից մեկի վաճառքից։

Աշոտ Ղուլարյանի կինը Վարդուհի Վարդապետյանն է՝ Իջևանի բժշկական կենտրոնի աշխատակից, Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանի դուստրը։ Վարդապետյանը Արմեն Ղուլարյանի տեղակալն էր այն տարիներին, երբ վերջինս Տավուշի մարզպետ էր։

Վարդուհի Վարդապետյանը 100 տոկոս բաժնեմաս ունի «Ապագա» ՍՊԸ-ում, որին պատկանում է Իջևանի Մեհրաբյան փողոցում գտնվող հանգստյան տներից մեկը (ավելի քան 400 քմ մակերեսով)։ Այն կառուցվել է 1988 թվականին։ Հանգստյան տունը լքված է ու չի պահպանվում։ Ինչպես պատմեցին դրա հարևանությամբ աշխատող ու ապրող մարդիկ, շենքը եղել է «Հայգազարդ»-ի հաշվեկշռում, իսկ 2000-ականներին օտարվել Ղուլարյանների ընտանիքին։ Իջևանցիները մեզ փոխանցեցին, որ Ղուլարյանները հանգստյան տունը հանել են վաճառքի։

Ղուլարյանների հանգստյան տունը Իջևանում

«Ապագա» ՍՊԸ-ն կառուցապատման իրավունքով ևս երկու հողամաս ունի Գանձաքար գյուղի տարածքում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի եղբոր հարստությունը

Ավելի տպավորիչ է Արմեն Ղուլարյանի եղբոր՝ Աշոտ Ղուլարյանի կուտակած հարստությունը։ Ինչպես նկատեցինք, Արմեն Ղուլարյանի երկու որդիներն էլ բնակարան ու ավտոկայանատեղի ունեն Չարենցի 70/8 հասցեում։ Այս հասցեի հետ նրանց կապում է հորեղբայրը՝ Աշոտ Ղուլարյանը, որը եղել է նորակառույց այդ շենքի կառուցապատողը։ Շենքի կառուցապատման գործընթացը սկսվել էր 2006-ին «Ագրո-պետրոլ սերվիս» ընկերության կողմից, որի բաժնետերեր են եղել Աշոտ Ղուլարյանն ու Ղևոնդ Ղալումյանը՝ ոստիկանության նախկին գնդապետ։ Ղալումյանը Ղուլարյանների հորեղբոր որդին է, նրա անունը կապվում էր սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության թալանի պատմության հետ։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են՝ 2006-ին շինթույլտվություն է տրամադրվել «Ագրո-պետրոլ սերվիս»-ին բնակելի շենք կառուցելու համար, բայց հետագայում ընկերությունը սնանկ է ճանաչվել, ու քանի որ գույքը գրավադրվել էր «Կոնվերս բանկ»-ում, և վարկային պարտավորությունները չեն կատարվել, շենքն անցել է բանկին։

Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքը

«Ագրո-պետրոլ սերվիս»-ի հետ է կապվում ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանի անունը, թեպետ ընկերության բաժնետերերի ցանկում նրա անունը արտացոլված չէ։ Ամիրխանյանը հայտնի կառուցապատող էր Երևանում, 2015-ին ինքնասպան եղավ՝ մեծ հավանականությամբ ունեցած պարտքերի պատճառով։ Ինչևէ, Ամիրխանյանի ինքնասպանությունից հետո Չարենցի 70/8 շենքի ու Ամիրխանյանին պատկանող այլ շենքերի բնակիչներ բաց նամակ էին գրել՝ հայտնելով, որ գործարարն առանց իրենց գիտության բնակարանները գրավադրել է բանկերում՝ պարտքերը մարելու համար։ Այդ նամակում որպես «Ագրո-պետրոլ սերվիսի» սեփականատեր ներկայացվում էր Աբրամ Ամիրխանյանը։ Բացի այս, «Դատալեքս» հարթակից տեղեկանում ենք, որ Ամիրխանյանը 1,3 մլն դոլարի պարտք է ունեցել Աշոտ Ղուլարյանին, որը չի վերադարձրել։ Չարենցի փողոցի այս շենքում Աշոտ Ղուլարյանն ունի երեք բնակարան ու մեկ ավտոկայանատեղի։

Բնակարաններից բացի, Ղուլարյանը ժամանակին քաղաքապետարանից ձեռք է բերել շենքի կողքին գտնվող հողատարածքն ու այնտեղ կառուցել երկհարկանի շինություն՝ 707 քմ մակերեսով։ Այն այժմ վարձակալությամբ հանձնված է «Դերար» կահույքի սրահին։

Աշոտ Ղուլարյանին պատկանող հասարակական շինությունը՝ Չարենց փողոցում

Աշոտ Ղուլարյանին է պատկանում Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ թաղամասում գտնվող առևտրի սրահներից մեկը։ Ներկայում այնտեղ գործում է ավտոպահեստամասերի վաճառքի կետ։

Նա տարածք ունի նաև Երևանի Սայաթ-Նովա 23 շենքում։

Սայաթ-Նովա փողոցի այն շենքը, որտեղ տարածք ունի Աշոտ Ղուլարյանը

Վերևում ներկայացրինք, որ Աշոտ Ղուլարյանը եղբորորդուն նվիրատվությամբ փոխանցել է արտադրական նշանակության շինություն Իջևանի Ասլանյան փողոցում։ Սրանից ոչ շատ հեռու Աշոտ Ղուլարյանն ունի կիսակառույց առանձնատուն ու հողամաս։ Առանձնատունը 383 քմ է, տունը նա ստացել է հորից՝ նվիրատվության պայմանագրով։ Տանը կից եղել է հողամաս՝մոտ 3 000 քմ մակերեսով, որի սեփականատերը Իջևան համայնքն էր։ Հողն օգտագործվել է Ղուլարյանի կողմից, իսկ 2005-ին Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը այս հողամասը վաճառել է Ղուլարյանին 1 մլն դրամով։

Աշոտ Ղուլարյանին պատկանող կիսակառույց առանձնատունը

Տնից քիչ հեռու կա կիսախարխուլ մի շինություն։ Տեղացիները պատմեցին՝ ինչպես Ասլանյան փողոցի ազոտաթթվածնային կայանը, սա էլ էր կառուցվել խորհրդային վերջին տարիներին։ Տարածքը ծառայեցվելու էր որպես կաթսայատուն, բայց այս նպատակն էլ կիսատ մնաց ԽՍՀՄ փլուզման պատճառով։ Հետո տարածքն անցել է «Հայգազարդ»-ին,ումից էլ Ղուլարյանը գնել է տարածքը։ Գործարքի գինը եղել է 1,5 մլն դրամ։

Կիսակառույց շինություն, որ պետք է լիներ կաթսայատուն

Աշոտ Ղուլարյանը 1,5 հա մակերեսով հողեր ունի Դիլիջանում՝ կոմպոզիտորների ստեղծագործական տան մոտ՝ Բաբաջանյան փողոցում։ Ղուլարյանի հողամասի կողքին է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող հողամասը։ Աշոտ Ղուլարյանն այս հողամասը ձեռք է բերել 2012-ին՝ 20 մլն դրամով՝ Արմենակ Պողոսյանից։ Վերջինս Աշոտ Ղուլարյանին պատկանող մի քանի ընկերություններում եղել է տնօրեն։

2020-ի օգոստոսին Դիլիջանի այս հողամասը Ղուլարյանը հանձնել է վարձակալության՝ տարեկան 1,2 մլն դրամով, բայց մեկ տարի հետո կողմերը լուծել են վարձակալության պայմանագիրը։

Դիլիջանում գտնվող Աշոտ Ղուլարյանի հողամասը

Աշոտ Ղուլարյանի կնոջ ունեցվածքը

Աշոտ Ղուլարյանի կնոջ՝ Աիդա Ղազարյանի անվամբ է գրանցված Էրեբունու Դավիթ Բեկ փողոցում մի առանձնատուն՝ 644 մետր մակերեսով։ Առանձնատունը եռահարկ է, պարսպապատ, կա լողավազան, օժանդակ շինություն, այգի։ Ղուլարյանի ընտանիքը հողն ու դրա վրա կառուցված կիսակառույց շինությունը ձեռք է բերել 1990-ականներին։

Աիդա Ղազարյանի անվամբ գրանցված Դավիթ Բեկ փողոցի առանձնատունը

Աիդա Ղազարյանին է պատկանում Երևանի ամենաշքեղ փողոցներից մեկի՝ Հյուսիսային պողոտա 6 շենքի տարածքներից մեկը, որն այժմ հանձնված է վարձակալության։ Աշոտ Ղուլարյանի կինն այս տարածքը գնել է 2014-ին՝ 109 մլն դրամով։ Գույքի մակերեսը 100 քմ-ից ավելի է։ Այժմ տարածքը վարձակալության է հանձնված Arm Hookah լաունջ բարին։

Աիդա Ղազարյանի տարածքը Հյուսիսային պողոտայում

Ինչպես Ղուլարյանների ընտանիքից մյուսները, Աիդա Ղազարյանը ևս երեք բնակարան ունի Չարենցի 70/8 հասցեում։

Աիդա Ղազարյանին է պատկանում նաև Դիլիջանի Սարալանջի 32 հասցեի հողամասը։

Աշոտ Ղուլարյանի ու Աիդա Ղազարյանի որդուն՝ Հրանտ Գուլարյանին է սեփականությամբ պատկանում Չարենց փողոցի վերը նշված շենքի տարածքներից մեկն ու երկու ավտոկայանատեղիներ։ Հրանտ Գուլարյանը բնակարան ունի նաև Երևանի Կենտրոնի Տերյան 3ա շենքում, ևս մեկ բնակարան գնել է Արաբկիրում՝ «Կոմիտաս պարկ» բազմաբնակարան համալիրում։

Ղուլարյանները՝ Իջևանի շուկայի համասեփականատեր

Իջևանի շուկան

Իջևանի շուկան կառուցվել է 1988-ին: Այստեղ հնարավոր է գտնել ամեն ինչ՝ սննդամթերքից մինչև ոսկյա զարդեր, կենցաղային տեխնիկայից մինչև գրքեր ու գրենական պիտույքներ, շուկայում գործում է 100-ից ավել տաղավար։ Շենքի մի հատված առանձնացված է շուկայից, որտեղ հիմնվել է «Ֆրեշ» անունով սուպերմարկետ։ 2004-ից 2013 թվականներին Իջևանի շուկան շահագործող «Իջևանի շուկա» ՍՊԸ-ի համասեփականատերեր են եղել Արմեն Ղուլարյանի եղբայրը՝ Աշոտ Ղուլարյանն ու հորեղբոր որդին՝ Ղևոնդ Ղալումյանը, որոնք իրենց բաժնեմասը 2013-ից հանձնում են երկու այլ անձանց։ Այդ երկու անձանց անուններին հանդիպում ենք Ղուլարյանների այլ ընկերություններում։ Ենթադրաբար, դրանք եղել են բաժնեմասերի փոխանցման ձևական գործարքներ։ 2019-ից շուկայի բաժնետեր է դառնում Հրանտ Գուլարյանը, իսկ 2022-ի սկզբից բաժնետերերի ցանկ է վերադառնում Ղևոնդ Ղալումյանը՝ յուրաքանչյուրը 25-ական տոկոս բաժնեմասով։ Այս տարվա մարտին Գուլարյանն ու Ղալումյանն իրենց բաժնեմասը փոխանցում են Նարեկ Օհանյանին՝ շուկայի մյուս խոշոր բաժնետեր Գառնիկ Օհանյանի որդուն, որն այժմ Իջևանի շուկայի միանձնյա բաժնետերն է։ Գառնիկ Օհանյանը, ըստ մամուլի հրապարակումների, Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմն է, իսկ որդին՝ Նարեկ Օհանյանը, եղել է Իջևանի ավագանու անդամ։

Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմից 2005-ին քաղաքային շուկայի օտարման գործը տարիներ շարունակ իրավական վեճի առարկա էր։ Ներսիսյանին փոխարինած քաղաքապետը փորձում էր համայնքին հետ վերադարձնել շուկան, սակայն ապարդյուն։ Իջևանի շուկայի կառուցապատված մասը 4 200 քմ է, իսկ հողամասը՝ 6 800 քմ։

Ավտոկայանատեղի՝ քաղաքական գործիչների սրճարանի փոխարեն

2002-ին Երևանի քաղաքապետարանը որոշում է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում՝ Թումանյան փողոցից մինչև Վարդանանց փողոց, Խանջյան փողոցին հարող Գետառի հատվածում գտնվող 600 քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնել «Ա.Գ.Ա պետրոլ» ՍՊԸ-ին։ Հողամասի վրա պիտի կառուցվեր քաղաքական գործիչների ակումբ-սրճարան։ Վարձակալության ժամկետը 20 տարի էր, տարեկան վարձավճարը՝ 465 000 դրամ։ «Ա.Գ.Ա պետրոլ»-ի բաժնետերերն էին Աշոտ Ղուլարյանն ու Ղևոնդ Ղալումյանը։

Քաղաքական գործիչների ակումբ այստեղ կառուցված չէ։ «Ա.Գ.Ա. պետրոլ»-ին վարձով հանձնված հողամասը կորդինատներով համընկնում է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրը սպասարկող ավտոկայանատեղիի հետ։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ 2019-ից «Ա.Գ.Ա պետրոլ»-ը «Մուլտի ուելնես»-ից պահանջում էր դադարեցնել ապօրինի տիրապետումը ու ազատել հողամասը։ Այս տարվա հուլիսին «Մուլտի ուելնես կենտրոն» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Ա.Գ.Ա. պետրոլ»-ի բաժնեմասերը։ Կարելի է ենթադրել, որ «Ա.Գ.Ա պետրոլ»-ի բաժնեմասի ձեռքբերմամբ ավտոկայանատեղիի տարածքի հետ կապված խնդիրը լուծվել է։

Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ «Ա.Գ.Ա պետրոլ» ընկերությունն արդեն իսկ դիմել է հողի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար, բայց որոշում դեռ չկա։

Խանջյան փողոցի տարածքը

Մանկական զբոսայգին՝ Ղուլարյանների ընտանիքին

Ամենատպավորիչ գույքը, որ տնօրինում են Ղուլարյաններն ու Ղալումյանները, Երևանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական այգին է՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ։ Այգին հիմնվել է 1933-ին՝ հին շուկայի տեղում։ Ինչպես Երևանի քաղաքապետարանն է նշում, խորհրդային տարիներին «այգին փոքրիկների սիրելի վայրն էր, միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում ուրախ երգուպարը»։

2002-ին Երևանի քաղաքապետարանը՝ հանձին Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանի, ստորագրում է վարձակալության պայմանագիր «Սատուրն-Ա» ընկերության հետ և մանկական զբոսայգին 30 տարով տրամադրում ընկերությանը։ Տարեկան վարձավճար է սահմանվում 1,5 մլն դրամը։

«Սատուրն-Ա»-ի բաժնետոմսերի 30 տոկոսը Աիդա Ղազարյանինն է՝ Աշոտ Ղուլարյանի կնոջը, 20 տոկոսը պատկանում է նրա հարսին։ 25-ական տոկոս ունեն Գայանե Ղալումյանը՝ Ղևոնդ Ղալումյանի կինն ու նրանց որդին՝ Գոռ Ղալումյանը։ Վերջինս 2019-ի դրությամբ ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալն էր։ 2020, 2021 թթ․ համար Ղալումյանը գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել, ոչ էլ ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր։

Ըստ վարձակալության պայմանագրի՝ տարածքը, որ տրամադրվում էր «Սատուրն-Ա»-ին, ավելի քան 30 000 քմ էր։ 15 տարի անց Երևանի քաղաքապետարանն այգու սահմանների վերաճշտում է արել, փոփոխություն կատարել վարձակալության պայմանագրում ու արձանագրել, որ «Սատուրն-Ա»-ին տրամադրվող տարածքը մոտ 1 500 քմ է։ Բացի այդ, փոփոխության է ենթարկվել հողամասի վարձակալության տարեկան գինը՝ կազմելով է 2,2 մլն դրամ։ Տարածքը առանձնացվել է հասցեներով։

Մանկական այգում «Սատուրն-Ա»-ն վարձակալությամբ տարածքներ է տրամադրում տարբեր տնտեսվարողների՝ սրճարանների, մանրավաճառների և այլն։ Այգու տարածքում մի քանի շինություն կա։ Մեր այցի ժամանակ դրանցից երկուսը կառուցապատման փուլումէին։ Դրանց շինարարությունը սկսվել է մոտ վեց տարի առաջ, բայց այդպես էլ ավարտին չի հասնում։ Այգու ևս մեկ տարածքի հողային հիմքերի աշխատանքը մասամբ կատարված էր, բայց այնտեղ այժմ աշխատանքներ չեն կատարվում։ Վարձակալության պայմանագրի համաձայն՝ «Սատուրն-Ա»-ն այգում պիտի տեղադրեր ժամանակակից ատրակցիոններ, կառուցեր ջրավազաններ ու շատրվաններ, վերակառուցեր ոռոգման ցանցը և այլն։ Այգում եղած կարուսելները մեծամասամբ հնամաշ են, բայց անցնող տարվա ընթացքում նոր ատրկացիոն է գործարկվել։

2019-ին Կիրովի մանկական այգու վարձակալության հարցը Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում էր։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր՝ «Սատուրն-Ա»-ի հետ վարձակալության պայմանագիրը վատ ձևով է գրված եղել, ու քաղաքապետարանը «թույլ կողմ է»։ Ավագանու անդամ Լևոն Զաքարյանն էլ բողոքել էր՝ այգում գործող կարուսելներից միայն կմախքներն են մնացել։ ՍիվիլՆեթի տվյալներով՝ քաղաքապետարանը քննարկել է «Սատուրն-Ա»-ի հետ պայմանագիրը լուծելու հնարավորությունը, բայց ձեռնպահ է մնացել նման որոշումից՝ իրավական խնդիրներ չունենալու պատճառով։

Ղուլարյանը ձեռնպահ է մնում գույքերի ծագումը ներկայացնելուց

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չի ցանկանում խոսել իր մտերիմներին պատկանող գույքերի, դրանց ծագման մասին։ Միայն վստահեցնում է՝ դրանք օրինական են։

Գլխավոր դատախազությանը հարցրել էինք՝ արդյոք ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչությունում ուսունասիրություն կամ ընթացիկ վարույթ կա՞ Արմեն Ղուլարյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Պատասխանել են․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Ելնելով վերոգրյալից տեղեկատվության հարցմանը պատասխան տրամադրել հնարավոր չէ»։