Արցախում 12 երեխա և 12 մեծահասակ վերակենդանացման բաժանմունքներում են, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

«Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: Ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար»,- նշում են նախարարությունից։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 19-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել