Վրաստանը փոփոխում է հեռարձակման մասին օրենքը՝ չնայած լրատվամիջոցների նախազգուշացումներին

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի խորհրդարանն ընդունել է Վրաստանի «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ, որոնք պետական կարգավորող մարմնին թույլ են տալիս տուգանել` ատելության խոսք ցուցադրելու համար։ Դիտորդական խմբերը նախազգուշացնում են, որ փոփոխությունները կարող են օգտագործվել կառավարությանը քննադատող հեռարձակողներին հյուծող տուգանքների ենթարկելու համար:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հինգշաբթի ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին Վրաստանի «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների օգտին՝ անտեսելով միջազգային և տեղական դիտորդական խմբերի նախազգուշացումները: Փոփոխությունները, իբր, նպատակ ունեն զսպել «ատելության խոսքն ու ահաբեկչության հրահրումը» հեռուստատեսային և ռադիո հաղորդումներում և գովազդներում։

Վրաստանի «Հեռարձակման մասին» օրենքում ավելացված կետն արգելում է մեդիա բովանդակությունը, որը բռնություն կամ անհանդուրժողականություն է հրահրում հաշմանդամության, էթնիկական պատկանելության, գենդերային ինքնության, սեռական կողմնորոշման, սեռի, էթնիկական պատկանելության, ռասայական, հավատքի կամ ֆինանսական վիճակի հիման վրա:

Օրինագծի հեղինակներից Էկա Սեպաշվիլին ասել է, որ փոփոխությունները կատարվում են ըստ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների և հանդիսանում են «ճիշտ ուղղությամբ քայլ՝ դեպի Եվրամիության ընդլայնում»։

Այնուամենայնիվ, դիտորդական խմբերը նախազգուշացրել են, որ փոփոխությունները Վրաստանի Հաղորդակցության ազգային հանձնաժողովի՝ լրատվամիջոցների վերահսկողության գործակալության միջոցով պետությանը թույլ են տալիս տուգանել լրատվամիջոցներին՝ ատելության խոսք հրահրելու համար։ Վերջին տարիներին հանձնաժողովին մեղադրում էին կառավարության հասցեին քննադատության համար ԶԼՄ-ների խմբերին թիրախավորելու մեջ՝ մեղադրանքներ, որոնք գործակալությունը կտրականապես մերժում էր:

Օրենքի փոփոխությունները նաև թույլ կտան պետական պաշտոնյաներին դիմել հանձնաժողով՝ «պատասխանելու իրավունք» ստանալու համար, եթե գտնեն, որ իրենց մասին լուսաբանումը փաստացիորեն սխալ է կամ միակողմանի: Մինչ հանձնաժողովի կողմից հետաքննությունը սկսելը հեռարձակողներին կտրամադրվի 10 օր արտոնյալ ժամանակաշրջան՝ հասցեագրելու իրենց ներկայացված բողոքները ։

Ուժերի փոփոխություն

Վերջին տարիներին արտոնագրված հեռարձակողները պարտավոր էին ունենալ իրենց ներքին ինքնակարգավորվող խմբերը, որոնք գործում էին Լրագրողական էթիկայի խարտիայի համաձայն: Հեռարձակողի լուսաբանումներից դժգոհ կողմերին խրախուսվում էր լուծել վեճերը՝ օգտագործելով ներքին կարգավորիչ գործընթացները՝ նախքան Խարտիային կամ դատարան դիմելը:

Վրացի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ «Վրացական երազանքի» առաջատար գործիչ և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, վերջերս որոշել են ուղղակիորեն դատի տալ լրագրողներին և շրջանցել ինքնակարգավորման մեխանիզմները։ Հեռարձակման մասին օրենսդրության նոր փոփոխությունները ավելի կհեռացնեն ԶԼՄ-ների կարգավորումը լրատվամիջոցներից և ուժը կթեքեն պետության կողմ։

Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիայի տնօրեն Մարիամ Գոգոսաշվիլիի խոսքով, օրենքում կատարված փոփոխությունները անորոշ են և բաց մեկնաբանությունների համար։ «Մեծ հնարավորություն կա [նոր] դրույթները սխալ մեկնաբանելու և դրանք օգտագործելու կառավարությանը քննադատող հեռարձակողների դեմ», – ասում է նա։

Գոգոսաշվիլին կարծում է, որ Վրաստանի օրենսդիր մարմինը պետք է փոխարենը ստեղծի այնպիսի ձևաչափ, որը կպահանջի փորձագետներից և հեռարձակողներից, ինչպես նաև պետական կարգավորող մարմնից՝ ներգրավել ցանկացած վեճում: Սա առաջարկվել է քաղաքացիական հասարակության խմբերի կողմից և ղեկավարվել է պատգամավոր Թամար Կորձաիայի կողմից փաթեթային փոփոխությունների երկրորդ լսումների ժամանակ, սակայն այս առաջարկները այդպես էլ չեն մտել հեռարձակման մասին օրենքի վերջնական փոփոխությունների մեջ:

Լրագրողական էթիկայի խարտիան, ԶԼՄ-ների շահերի պաշտպանության կոալիցիան և լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն քննադատել են դեկտեմբերի 22-ին քվեարկության դրված նախաձեռնությունը:

Ըստ Գոգոսաշվիլիի՝ «չնայած մեր բազմաթիվ խնդրանքներին, խորհրդարանում ընդամենը մեկ աշխատանքային հանդիպում է եղել՝ առանց որևէ հետագա հանդիպման՝ կետ առ կետ քննարկելու փաթեթային օրենքը։ Մենք նույնիսկ մեր գրավոր հարցման պատասխանը չստացանք»։

Գոգոսաշվիլին OC Media-ին հայտնել է, որ փաթեթի օրինագծի հեղինակները նաև «նախնական» արձագանք են ստացել Եվրոպայի խորհրդի իրավունքի և ԶԼՄ-ների կառավարման փորձագետներ Իվ Սալոմոնից և Սալի Բրութոն Միկովայից:

Նոյեմբերի 25-ի իրենց նամակում Եվրոպայի խորհրդի փորձագետները նշել են, որ մեկ ամիս առաջ ներկայացված փաթեթի քննարկումը չի ներառել քաղաքացիական հասարակության խմբերին և հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ հեռարձակողներին:

Փորձագետները նաև խորհուրդ են տվել, որ հեռարձակողների նկատմամբ լուրջ պատժամիջոցներ, ինչպիսիք են տուգանքները հեռարձակողի տարեկան եկամտի մինչև 1%-ի չափով տուգանքը կամ լիցենզիայի կասեցումը չպետք է անհապաղ կիառվեն, եթե դրանք վիճարկվեն դատարանում: Սալոմոնը և Միկովան որպես իրենց առաջարկությունների հիմքում ընկած գործոն նշում էին «Վրաստանի դատական համակարգի անարդյունավետության հետ կապված խնդիրները»:

Քննադատություն աջերից

Փոփոխությունները նաև թշնամիներ են գտել Վրաստանի աջ քաղաքական սպեկտրում՝ սկսած աջ կենտրոնամետից մինչև ծայրահեղ աջեր: Օրինագծի քննադատների թվում էին աջ կենտրոնամետ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և ազատական «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնի պատգամավորները:

«Գիրչիի» պատգամավոր Հերման Սաբոն սեպտեմբերի 19-ի խորհրդարանական լսումների ժամանակ պնդեց, որ փոփոխությունները նշանակում են, որ «եթե ես եթերում պնդեմ, որ ըստ իս՝ գոյություն ունի ընդամենը երկու սեռ, ինչ-որ մեկը կարող է դրան վերաբերվել որպես ատելության խոսք և փորձել տուգանել ինձ կամ հեռուստաալիքին»:

«Մեր ունեցած ազատությունները, նրանք, որոնք դեռևս անձեռնմխելի են և սահմանափակված չեն ինքնության քաղաքականությամբ և նեոմարքսիստական տեսություններով […] կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ փայփայենք դրանք», – ավելացրեց Սաբոն:

Նմանատիպ գաղափարներ են առաջ քաշել ծայրահեղ պահպանողական քաղաքական գործիչները՝ ներառյալ ծայրահեղական քաղաքական կուսակցության անդամները, Պահպանողական շարժումը և ծայրահեղ աջ քարոզիչ Գուրամ Փալավանդիշվիլին, որոնք մասնակցել են խորհրդարանական լսումներին:

«Այս օրինագծի ընդունումից հետո, եթե մեկը Աստվածաշնչից կոնկրետ հատվածներ կարդա եթերում, հեռուստաալիքը կզրկվի արտոնագրից», սեպտեմբերին զգուշացրել է Պահպանողական շարժման անդամ Զուրաբ Մախարաձեն։

Վրացի նեոնացիստական առաջնորդ Գիորգի Չելիձեն նույնպես սեպտեմբերին հրապարակել էր օրինագիծը քննադատող բոցաշունչ մի հոլովակ, որում նա մեղադրում էր «արևմտյան լիբերալներին» «Վրացական երազանքի» վրա ճնշում գործադրելու մեջ՝ լռեցնելու այն վրացիներին, որոնք դեմ էին «այլասերված սեռական հարաբերություններին և բազմամշակութայնությանը»։

Մեկնաբանել