Ինչ օրենքներ են ուժի մեջ մտնում 2023-ին

Գևորգ Թոսունյան

2023-ը փոփոխությունների տարի է եկամտային հարկի վերադարձի, անկանխիկ գործառնությունների, զենքի մասին օրենսդրական փոփոխությունների տեսանկյունից։ 2023-ին ուժի մեջ են մտնում մի շարք օրենսդրական ակտեր, որոնց մի մասը դեռ մշակման փուլում է։ ՍիվիլՆեթն ամփոփել է եկող տարում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները։

Եկամտահարկի վերադարձի դրույթները հանվում են Երևանի երկու գոտիներում

2023-ը եկամտային հարկի վերադարձի մասով առանցքային տարի է։ 2023-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի դրույթները հանվում են Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ, իսկ հուլիսի 1-ից հետո՝ երրորդ գոտու դեպքում։

Այսինքն՝ 2023-ի նշված ժամկետներից հետո տվյալ գոտիներում կառուցվող շենքերի կամ սեփական տների ձեռք բերման պարագայում հնարավոր չի լինի օգտվել եկամտային հարկի վերադարձից։ Բայց պետք է նկատի առնել, որ եկամտահարկի վերադարձից քաղաքացիները կարող են օգտվել, եթե երկրորդ և երրորդ գոտիներում շենքի կառուցման թույլտվությունը տրվել է նախքան սահմանված ժամկետը։

Անկանխիկ գործառնությունների շրջանակն ընդլայնվում է

2023-ից ուժի մեջ են մտնում Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի մի շարք դրույթներ։ Մասնավորապես՝ 2023-ի հուլիսի 1-ից Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 300 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվելու են անկանխիկ ձևով։

Աշխատավարձերի տրամադրումը, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում մատուցված բժշկական բոլոր ծառայությունների դիմաց կատարվող վճարները 2023-ին մարզերի վարչական կենտրոններում պետք է անկանխիկ իրականացվեն։ 2023-ի հունվարի 1-ից բոլոր գրավատները 50 հազար դրամը գերազանցող վարկերը պարտավոր են անկանխիկ տրամադրել։

Քաղաքացիական զենքի տրամադրման կարգը փոխվում է

2023-ի ապրիլին ուժի մեջ է մտնում Զենքի շրջանառության կարգավորման մասին և հարակից օրենքների փաթեթը։ Փոխվում են ողորկափող և ակոսափող քաղաքացիական զենքի ձեռքբերման ընթացակարգերը։ Գործող կարգավորումների համաձայն՝ որսորդական միության անդամները կարող են ձեռք բերել ողորկափող քաղաքացիական զենք, իսկ ակոսափող քաղաքացիական հրազեն գնելու համար հարկավոր է առնվազն հինգ տարի ունենալ ողորկափող զենք։ Օրենքի փոփոխությամբ՝ այս պահանջը չեղարկվում է, փոխարենը ամրագրվում է, որ թույլտվություն կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք կանցնեն զենքի հետ վարվելու, ինչպես նաև անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։ Բացի այդ, նոր օրենքով կարգավորվում է հրաձգարանների ոլորտը։

Փոփոխություններ են իրականացվում բանակում և պահեստազորի վարժանքներում

2023-ից մարտական գործողություններին և պլանավորմանը անմիջական մասնակցած պայմանագրային զինծառայողները հնարավորություն կունենան հավելավճար ստանալ ատեստավորում անցնելուց հետո։ Ատեստավորումը լինելու է կամավոր։

2023-ին կառավարությունը նախատեսում է նաև պահեստազորի եռամսյա հավաքները փոխարինել 25-օրյայով։ Ըստ գործադիրի՝ 7 օր քաղաքացին անցնելու է պատրաստություն, 14 օր իրականացնելու է մարտական հերթապահություն, մնացած օրերը կազմակերպչական բնույթի են լինելու։ Այս նախագիծը դեռ չի ընդունվել։

Մեկ տարով դադարեցվում է կենսաչափական անձնագրերի տրամադրումը

2023-ին դադարեցվելու է ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչեւ ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը: Այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը նպատակ ունի ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը։ Ուստի մտադիր են այդ մեկ տարվա ընթացքում ստեղծել անհրաժեշտ միջոցներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու եւ այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու համար:

Ներդրվում է համընդհանուր հայտարարագրման համակարգը

2023-ից կբարձրացվի նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ ներկայի 68,000 դրամից մինչև 75,000 դրամ։

Կառավարությունը մտադիր է նաև 2023-ից փուլային տարբերակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ 2023-ին նախատեսվում է համակարգը ներդնել պետական, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիների, նոտարների, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած անձանց, 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիների, ինչպես նաև այդ տարում եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձանց դեպքում։ Բացի այդ, հայտարարագիր պետք է ներկայացնեն այն քաղաքացները, որոնք 2023-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Սա դեռևս նախագիծ է։