2022-ի ամենամեծ ՍՈՒՏԸ. Նիկոլ Փաշինյանի պնդումներն առաջին տեղում են

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ո՞րն է 2022-ի ամենամեծ սուտը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը` CivilNetCheck-ը, ընթերցողներին առաջարկել էր միասին ընտրել 2022-ի ամենամեծ սուտը։

Մենք առաջարկել էինք տարբերակներ, որոնք տարվա ընթացքում մեծ տարածում էին ստացել և մի քանի անգամ շրջանառվել։ Դրանք չորսն էին.

  1. Հայկական արբանյակը «դարի բլեֆն է»։
  1. Նիկոլ Փաշինյանի պնդումները՝ Մադրիդյան սկզբունքների մասին։
  1. «Փաշինյանը մտնելու է բունկերը», «մնաց մեկ-երկու օր». ընդդիմության պնդումները Փաշինյանին հեռացնելու մասին։
  1. Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում կենսաբանական զենք են արտադրում։

Ընթերցողներին հնարավորություն էին տվել առաջարկել սեփական տարբերակները։

Այսպիսով, հարցմանը ստացել ենք 381 պատասխան։

Նիկոլ Փաշինյանի պնդումները՝ Մադրիդյան սկզբունքների մասին ընտրվել են որպես տարվա ամենամեծ սուտ։ Այս տարբերակի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածներից 131-ը՝ 34,4 տոկոսը։

Երկրորդ տեղում, չնչին տարբերությամբ, ընդդիմության պնդումներն են՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։ Այս տարբերակը ընտրել է մասնակիցներից 120-ը՝ 31,5 տոկոսը։

Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում կենսաբանական զենք արտադրելու մասին կեղծ հայտարարությունները երրորդ տեղում են։ Դրա օգտին է քվեարկել մասնակիցներից 88-ը՝ 23,1 տոկոսը։

Հայկական արբանյակի «դարի բլեֆ» լինելու պնդումները չորրորդ տեղում են։ Մանսակիցներից ընդամենը 26-ը կամ 6,8 տոկոսն է կարծում, որ դա 2022-ի ամենամեծ սուտն է։

Forms response chart. Question title: Ո՞րն է 2022-ի ամենամեծ սուտը։  . Number of responses: 381 responses.

Ինչ վերաբերում է ընթերցողների առաջարկած տարբերակներին, ապա քվեարկողներից երկուսը որպես 2022-ի ամենամեծ սուտ նշել են՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարգախոսը՝ «Ապագա կա ապագա»։ Հատկանշական է, որ 2021-ին այս տարբերակն էր ընտրվել որպես տարվա ամենամեծ սուտ։

Երեք ընթերցող էլ տարվա սուտ են նշել ՔՊ-ի՝ խաղաղության դարաշրրջան բացելու խոստումները։ Մասնակիցների տարբերակներն են՝ «Խաղաղ ապրելու ենք մեր հարևանների հետ», «Նիկոլի խաղաղության օրակարգը», «Խաղաղության դարաշրջան է բացվելու», որոնք իրականություն չեն դարձել։

Ընթերցողներից մեկը որպես տարվա սուտ գրել է պնդումը, թե «Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է»։ Մյուսն էլ սուտ է որակել պնդումը, թե «Ամերիկան մեզ կփրկի»։

Սուտ է որակվել նաև Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, թե Ջերմուկում թշնամու ջոկատները շրջափակման մեջ են։

Մեկ այլ ընթերցող տարվա ստերը ամփոփել է. «Բոլորը։ Ստի ու կեղծիքի վրա հիմնված կառավարություն, ոչինչ չանող ընդիմություն»։

Մեկնաբանել