OC Media-ի 2022-ի տասը լավագույն հոդվածները

ՍիվիլՆեթի գործընկեր OC Media-ն ներկայացրել է 2022-ի իր տասը ամենալավ հոդվածները։

Տարեսկզբին շատերը հույս ունեին, որ 2022-ը կարող է որոշակի դադար բերել նախորդ տարիների ցնցումներից հետո: Փոխարենը, սա տարի էր, որի ընթացքում բռնկվեցին մարած ու ցածր ինտենսիվության հակամարտությունները:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մեծ ազդեցություն ունեցավ և շարունակում է ունենալ Կովկասի տարածաշրջանի վրա, իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը բռնկվեց սեպտեմբերյան պատերազմի և Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման տեսքով։ Միևնույն ժամանակ, Վրաստանում երկրի իշխող կուսակցության և ժողովրդի միջև տարաձայնությունն աստիճանաբար ավելի մեծացավ: OC Media-ն հետադարձ հայացք է գցում կանխատեսումներին, հետաքննություններին և գաղափարներին, որոնք արծարծվել են 2022 թ․ հրապարակված իր 10 լավագույն հոդվածներում:

10. Պատերազմը երբեք չի ավարտվել. խաղաղության գործընթացը երբեք չի եղել

Հոդվածը՝ Բահրուզ Սամադովի։

Նկարազարդումը՝ OC Media-ի։

Բահրուզ Սամադովի սյունակը հրապարակվել է Ադրբեջանի և Հայաստանի ընդհանուր սահմանի վրա սեպտեմբերյան երկօրյա պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից քարոզվող «ազգային ինքնության հիմքում ընկած քինախնդիր միֆերի» վերաբերյալ նրա պատկերացումները արդիական էին նաև հետագա ամիսներին: Քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանի նկատմամբ հավակնություններ ունի, ադրբեջանական էքսպանսիոնիզմի պատմության և դրա հնարավոր հեռանկարի մասին Սամադովի ուսումնասիրությունն ավելի արդիական է, քան երբևէ:

9. Մոռացված ու անտեսված․ Ադրբեջանի պատերազմի վետերանները

Հոդվածը՝ Իսմի Աղաևի և Իսլամ Շիխալի։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը 2022 թ․ երկօրյա պատերազմի ժամանակ այցելել է վիրավոր զինվորներին: Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ-ի։

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ադրբեջանցի վետերանների շրջանում ինքնասպանությունների ալիքն առիթ դարձավ այս հետաքննության համար, որի նպատակն էր պարզել, թե ինչ է անում կառավարությունը՝ վերականգնելու համար նրանց առողջությունը, ովքեր կռվել էին հանուն իրենց երկրի: Զրկված հաշմանդամության սոցաջակցությունից, ստանալով նվազագույն հոգեբանական օգնություն, մերժված լինելով իշխանությունների կողմից և զրկված լինելով էմոցիաներն արտահայտելու հնարավորությունից, ինչն անհրաժեշտ է պատերազմի ժամանակ, Ադրբեջանի վետերանները փաստացի և անձնապես լքված ու անտեսված էին:

8. Հաշմանդամություն ունեցող կանայք ունեն անձնական կյանքի նույն իրավունքը, ինչ մյուսները

Հոդվածը՝ Էսմա Գումբերիձեի և Օլգա Կալինայի։

Կարծիքների այս սյունակում Էսմա Գումբերիձեն և Օլգա Կալինան ընդգծում են, թե ինչպես է Վրաստանում կնատյացությունը հաճախ համակցվում հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հնացած կարծրատիպերի հետ և թունավոր խառնուրդի վերածվում: Ուշադրություն հրավիրելով վրացական հասարակության վրա, որը հաշմանդամություն ունեցող կանանց հետ է պահում իրենց անձնական կյանքով ապրելուց, հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս երկու հեղինակները նաև շարադրում են այն քայլերը, որոնք կառավարությունը կարող է անել այս խնդիրը մեղմելու համար։

7. Լեռնային Ղարաբաղը՝ շրջափակման մեջ

Հոդվածը՝ Մարութ Վանյանի։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, լուսանկարը՝ Մարութ Վանյան/OC Media։

Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման ժամանակ տեղում պատրաստած հոդվածում Մարութ Վանյանը նկարագրել է հումանիտար իրավիճակի վատթարացումը, ինչպես նաև այնտեղ տիրող հաստատակամության ոգին: Վանյանի ապշեցուցիչ լուսանկարները ցույց են տալիս այն իրողությունը, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչները մեկ շաբաթից ավելի շրջափակման մեջ մնալու հետևանքով։ Շրջափակումը դեռ շարունակում է տարածաշրջանը կտրված պահել արտաքին աշխարհից:

6. Ինչպես է Վրաստանի օրենսդրությունը բռնաբարներին թողնում ազատության մեջ

Հոդվածը՝ Թաթա Շոշիաշվիլիի։

Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության։ Պատին գրված է. «Կանանց նկատմամբ բռնությունը հանցագործություն է, դադարեցրեք այն»:

Այս հոդվածում Թաթա Շոշիաշվիլին ուշադրություն է հրավիրում այն ցնցող փաստին, որ Վրաստանում ոչ ասելը դեռ բավարար չէ։ Համաձայն վրացական օրենսդրության՝ բռնաբարությունը չի համարվում բռնաբարություն, եթե զոհը կամ անգործունակ չէ կամ ֆիզիկապես չի պայքարել իր բռնարարի դեմ։ Օրենքում այս երևույթի նման նկարագրությունը սահմանափակող բնույթ ունի, որը կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները և բռնաբարության զոհերը, որոնց հետ հոդվածի հեղինակները զրուցել են, հույս ունեն փոխել:

5. Բանտարկված իրենց տներում. հոգեբանական բռնությունից խուսափող հայ կանայք

Հոդվածը՝ Արմինե Ավետիսյանի։

Նկարազարդումը՝ Արմինե Ավետիսյանի։

Հայաստանում ընտանեկան հոգեբանական բռնությունը շատ տարածված է և չափազանց կործանարար: Արմինե Ավետիսյանը կիսվում է երկու կանանց սրտաճմլիկ պատմություններով, որոնք տարիներ են անցկացրել իրենց տներում բանտարկված՝ իրենց ամուսինների և հարազատների կողմից։ Նրանք եղել են փակված ներսում, մշտական հսկողության տակ և կտրված ընկերներից և ընտանիքից:

4. Իրակլի Կոբախիձե. Վրաստանի հակաարևմտյան քարոզչության դեմքը

Հոդվածը՝ Շոթա Կինչայի։

Լուսանկարում՝ Իրալկի Կոբախիձեն, նկարազարդումը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և Վրաստանի ԵՄ թեկնածության դիմումի մերժվելուց հետո Վրաստանի կառավարությունն ուժեղացրեց իր հակաարևմտյան և հակաուկրաինական հռետորաբանությունը: Ոչ ոք ավելի լավ չի բնութագրի տոնայնության այս փոփոխությունը, քան «Վրացական երազանք» կուսակցության նախագահ ու գլխավոր հարձակվող Իրակլի Կոբախիձեն։

Հենց այս պատճառով է Շոթա Կինչան ուսումնասիրել հինգ ամսվա ընթացքում Կոբախիձեի հրապարակային մեկնաբանություններ՝ հաշվելով, թե քանի անգամ է նա քննադատական մեկնաբանություններ արել Ռուսաստանի, Արևմուտքի և Ուկրաինայի հասցեին:

Ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո իշխող կուսակցությունը հերքեց դրանք, խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, չնայած ապացույցներին, պնդեց, թե «Վրացական երազանքի» ոչ մի առաջնորդ չի քննադատել Արևմուտքին: Ընդդիմադիր քաղաքական գործիչները, մինչդեռ, ասում են, որ այս ուսումնասիրության արդյունքները հաստատում են, որ իշխող կուսակցությունը հակաարևմտյան ուղեգիծ է որդեգրել։

3. Տարակարծության ձայներ. Ադրբեջանն արձագանքում է պատերազմին

Հոդվածը՝ Իսմի Աղաևի։

Բողոքի ցույց Բաքվում, 8 ապրիլի 2012թ., լուսանկարը՝ Իսմի Շահզադեի/OC Media։

Հայաստանի հետ Ադրբեջանի շարունակական հակամարտության վերաբերյալ այդ երկրի տեսակետի ներկայացումը որպես կանոն կենտրոնանացած է կառավարության կողմից պատերազմ հրահրելու վրա, սակայն որոշ ադրբեջանցիներ հրաժարվում են հետևել դրան։ Իսմի Աղաևն այս հոդվածում ներկայացրել է պաշտոնական և ոչ պաշտոնական հետևանքները, որոնց բախվում են նրանք, ովքեր Ադրբեջանում հանդես են գալիս հօգուտ խաղաղության։ Աղաևը նաև խոսել է նրանց հետ, ովքեր, անկախ ամեն ինչից, նախընտրում են խոսել խաղաղության օգտին։

2. Չեչեններ, որոնք զենք են վերցնում հանուն Ուկրաինայի

Հոդվածը՝ Լուիզա Մչեդլիշվիլիի։

Լուսանկարում՝ «Շեյխ Մանսուր» գումարտակի անդամներն են՝ ուկրաինական զորքերի դեղին թևկապներով։ Կենտրոնում գումարտակի հրամանատար Մուսլիմ Չեբերլոևսկին Է։

Ռուսաստանում քչերն են այնքան տուժել Ուկրաինայի ներխուժումից, որքան Հյուսիսային Կովկասում ապրողները: Մոբիլիզացիայից, գրաքննությունից մինչև Չեչնիայում Կրեմլի մարդու՝ Ռամզան Կադիրովի կողմից պատերազմի վերամբարձ աջակցություն։

Բայց Լուիզա Մչեդլիշվիլիի այս հոդվածը պատմությունը ներկայացնում էր այլ տեսանկյունից՝ նկարագրելով չեչեն կամավորական գումարտակները, որոնք կռվում էին ուկրաինական բանակի կազմում։ Հոդվածն արժանացել է ընթերցողների գնահատանքին և եղել է OC Media-ի այս տարվա ամենաընթերցված հոդվածը:

1. Ռուսաստանի մահվան գնացքը շրջում է Չեչնիայում և Ինգուշեթիայում

Հոդվածը՝ Մագոմեդ Տորիևի։

Ուկրաինայում բնակվող ինգուշ լրագրող Մագոմեդ Տորիևի այս հզոր հոդվածը, որը հրապարակվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը սկսելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ, անդրադառնում է Կրեմլում երկար ժամանակ գերիշխող գաղութային մտածելակերպին։

Պատերազմը կրկին ուշադրություն է հրավիրում Կովկասում տիրող ռուսական գաղութատիրությանը։ Ինչպես OC Media-ի իր հոդվածում գրել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության երրորդ նախագահի որդին՝ Անզոր Մասխադովը. «Այն, ինչ կատարվում է հիմա, նախկին արդեն կատարվել է»։

Իր խորաթափանց սյունակում Տորիյևը նկարագրում է, թե ինչպես ռուսական «հաղթական գնացքը» (հարգանքի տուրք Երկրորդ համաշխարհային պատերազմի Կրեմլի հաղթանակի պաշտամունքին) մտավ Չեչնիա և Ինգուշեթիա: Գնացքի ժամանման ժամանակահատվածը պարզ էր. «Յոթանասունութ տարի այն պահից ի հետո, երբ Չեչնիայի և Ինգուշեթիայի ողջ բնակչությանը ձմռան սառնամանիքին զենքի սպառնալիքով դուրս հանեցին իրենց տներից և խցկեցին անասունների համար նախատեսված գնացքի վագոնների մեջ»:

Տորիևի նկարագրությունը, թե ինչպես է Կրեմլը խեղաթյուրում և որպես զենք կիրառում պատմությունը՝ փորձելով թաքցնել և արդարացնել սեփական հանցագործությունները, սարսափեցնող նախազգուշացում էր այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենար։