Ժողովրդավարությունը կարող է գալ նաև առանց պետության․ Ֆրենսիս Ֆուկույամայի «Քաղաքական կարգ և քաղաքական անկում»-ի շուրջ

Տեսարան Շանհայից, Չինաստան։

Ֆրենսիս Ֆուկույամայի «Քաղաքական կարգ և քաղաքական անկում» (Political Order and Political Decay) գիրքը հիմնարար աշխատություն է պետությունների զարգացման հետագիծը հասկանալու համար։ Ֆուկույաման նշանավոր էր դարձել 1992-ին լույս տեսած իր «Պատմության ավարտը և վերջին մարդը» (The End of History and the Last Man) աշխատությամբ, որում նա պնդում էր, թե Սառը պատերազմի ավարտը և կոմունիզմի անկումը նշանավորեցին ազատական ժողովրդավարությունների վերջնական հաղթանակը։

«Քաղաքական կարգ և քաղաքական անկում» գրքում Ֆուկույաման ըստ էության նահանջում է իր ավելի վաղ արտահայտած տեսակետներից ու վերանայում է պատմության ավարտի և համաշխարհային քաղաքականության ապագայի վերաբերյալ մոտեցումները։ Նա գրում է, որ ազատական ժողովրդավարության և ազատ շուկայական կապիտալիզմի տարածումն անխուսափելի չէ, և որ այս համակարգերի համար նույնպես կան մարտահրավերներ և սպառնալիքներ, այդ թվում՝ ավտորիտարիզմի աճը, տնտեսական անհավասարության խորացումն ու շրջակա միջավայրի վատթարացումը:

Ֆուկույաման կրկնում է մյուս ինստիտուցիոնալիստների պնդումը, որ պետության զարգացման համար ռեսուրսները առաջանային չեն։ Սակայն ի տարբերություն, օրինակ, Դևիդ Լանդեսի, որ պետությունների զարգացման գործում մեծ տեղ էր տալիս կլիմայական գործոնին և ի տարբերություն Աճեմօղլուի ու Ռոբինսոնի (Why Nations Fail), որոնք քաղաքական ինստիտուտները բաժանում են ներառականի (inclusive) և կեղեքողի (extractive)՝ Ֆուկույաման քաղաքական ինստիտուտների երեք դասակարգում է անում՝ պետություն (state), օրենքի իշխանություն (rule of law) և հաշվետվողականություն (accountability): Հաշվետվողականություն՝ լայն առումով, որը նեղ առումով, ըստ նրա, ժողովրդավարությունն է։

Ֆուկույաման նշում է, որ լավ քաղաքական կարգը ենթադրում է այս երեք ինստիտուտների առկայությունը ու կարևոր պնդում է անում՝ նախքան ժողովրդավար դառնալը՝ պետությունը պետք է ապահովի անհրաժեշտ կարգ։ Ըստ նրա՝ եվրոպացիներն առաջինը օրենքն ունեցան, հետո պետությունը և միայն դրանից հետո հաշվետվողականության ինստիտուտները, ինչը մինչ այժմ պահպանվում է։

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պետությունը նախևառաջ իշխանությունը որոշակի տարածքում հիերարխիկ կենտրոնացնելու և գործադրելու մասին է։ Ժամանակակից պետությունը պետություն է, որը չի հենվում ընկերների և հարազատների վրա, միապետի զարմիկի կամ եղբոր վրա: Ժամանակակից պետության ստեղծումը պայքար է ընտանիքի դեմ։ Պետության կառավարիչները որպես մարդ կենսաբանորեն հակված են արտոնյալ վերաբերմունք ունենալ իրենց հարազատների ու ազգակիցների նկատմամբ, ինչը հանգեցնում է պետության թուլացման։ Մարդը սոցիալական կենդանի է՝ այլասիրության դրսևորումներով՝ հանդեպ իր արյունակից-ցեղակիցները (այստեղ հիշենք Ջարեդ Դայմոնդի «Երրորդ շիմպանզե»-ին)։

Ֆուկույաման հեռանում է արևմտյան հետազոտողներին բնորոշ եվրակենտրոնությունից և նշում է, որ ժամանակակից առաջին պետությունը առաջացավ Չինաստանում մ․թ․ա․ 3-րդ դարում, որտեղ առաջինը ներդրվեց արժանիքների հիման վրա պետական ծառայության անցնելու ինստիտուտը։ Մինչ այդ պետություն կար Եգիպտոսում, Միջագետքում, Մեքսիկայում, այլուր, բայց չինացիներն էին, որ ստեղծեցին քաղաքացիական ծառայության քննությունը, անանձնական բյուրոկրատիան և կենտրոնացված վարչակազմը։ Եվրոպան 18 դար անց միայն պետք է ստեղծեր իր առաջին ժամանակակից պետությունը։

Ֆուկույաման սա համարում է Չինաստանի՝ պատշաճ ճանաչման չարժանացած պատմական նվաճումներից մեկը ու նաև այս մշակույթի ժառանգականությանն է վերագրում ժամանակակից Չինաստանի, Թայվանի ու Սինգապուրի հաջողությունները։

Մ․թ․ա․ 3-րդ դարում ժամանակակից պետություն ստեղծելու Չինաստանի փորձին նախորդել էին հազարից ավելի պատերազմներ, ու պատերազմներն են նաև, որ հանգեցնում են նեպոտիզմից հրաժարվելուն։ Եթե դու զորահարամանատարին նշանակում ես, քանի որ նա սոսկ քո հարազատն է, մեծ է հավանականությունը, որ նա մարտը տանուլ կտա։ Ֆուկույաման նշում է, որ սա հենց այն է, ինչ Աբրահամ Լինկոլնը հասկացավ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նաև՝ բանակ պահելու համար պետք է հարկահավաքման համակարգ ու բյուրոկրատիա ունենաս։

Այնուամենայնիվ, Ֆուկույաման նշում է, որ պատերազմի և ժամանակակից բարձրակարգ կառավարման միջև լայն կորելյացիա չկա։ Շատ հասարակություններ, որոնք երկար ժամանակ պատերազմներ են մղել, մնում են կոռումպացված կամ պատրիմոնիալ: Պատերազմը պարզապես նպաստավոր պայման է եղել երկրների որոշակի ենթախմբի համար:

Ենիչերիներ՝ «մեկ սերնդի արիստոկրատիա»

Մենք՝ հայերս, ենիչերիների մասին պատմություններ ենք լսել բոլորովին այլ անկյունից։ Ֆուկույաման հիշեցնում է, որ Օսմանյան կայսրությունն իր վերելքի շրջանում երեք-չորս տարին մեկ գնում բալկանյան քրիստոնեական նահանգներից 12-19 տարեկան տղաներին նրանց ֆիզիկական ու մտավոր ընդունակությունների հիման վրա խլում էր ընտանիքներից ու բերում տալիս լավ կրթություն, դաստիարակում որպես մուսուլման և առաջ մղում ըստ առաջնորդության արժանիքների։ Ենիչերիները դառնում էին զորահրամանատարներ ու հեծելազորի սպաներ։ Նրանք, սակայն, իրավունք չունեին ամուսնանալու, իսկ ամուսնանալու դեպքում էլ նրանց երեխաները չէին կարող ժառանգել հոր կարգավիճակը կամ ունեցվածքը։ Ֆուկույաման սա անվանում է «մեկ սերնդի արիստոկրատիա» ու ասում, որ օսմանցիները ենիչերիների ինստիտուտը ստեղծել էին հենց այն նույն պատճառով, ինչ չինացիները ստեղծել էին քաղաքացիական ծառայության համակարգը։

Ֆուկույաման գրում է, որ 1683-ին, երբ թուրքերը հարձակվեցին Վիեննայի վրա, Թուրքիայի քաղաքացիական ծառայության համակարգը շատ ավելի մերիտոկրատիկ էր, քան Եվրոպայի որևէ այլ երկրի։ Եղան, իհարկե, թույլ սուլթաններ, որոնք ընդունեցին ենիչերիների ժառանգության իրավունքը, և այս ինստիտուտը քայքայվեց։

Պրուսիա․ ուժեղ պետություն և արդյունավետ բյուրոկրատիա՝ առանց ժողովրդավարության

Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը

Ֆուկույաման Պրուսիան, հետագայում միավորված Գերմանիան որպես ոչ ժողովրդավար արդյունավետ պետություն համեմատում է այսօրվա Սինգապուրի հետ։ Նա հիշեցնում է, որ Գերմանիայում ժողովրդավարություն հաստատվեց միայն Վեյմարյան Հանրապետության օրոք (1919-1933), իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո՝ Դաշնային Հանրապետության հատվածում։

1806-ին Յենայի ճակատամարտում Պրուսիան Նապոլեոնից ծանր պարտություն է կրում։ Փոփոխությունը չէր կարող գալ առանց ծանր պարտության․Պրուսիան սկսում է լրջորեն վերակառուցել բանակը և պետությունը, «Պրուսիան դառնում է բանակ, որն ուներ պետություն»։ Թեև պրուսական բարեփոխումներն ավելի վաղ էին սկսվել, բայց հենց Նապոլեոնից կրած պարտությունն էր, որ նրանց մղեց արագ արդիականացման։ 1806-ից հետո է, որ պրուսացիները պետական ծառայության են սկսում վերցնել բուրժուազիայի տաղանդավոր և ուսյալ ներկայացուցիչներին, իսկ մինչ այդ պետության շատ գործառույթներ յուրացված էին ազնվական առանձին ընտանիքների ու կլանների կողմից, միապետը նրանց հավատարմությունը գերադասում էր ձեռնհասությանը (loyalty over competence)։

Ուշագրավ էր Գերմանիայի կառավարման համակարգը 1870-71-ի ֆրանս-պրուսական պատերազմից հետո։ Բիսմարկի սահմանադրությամբ՝ թեև Գերմանիան ուներ Ռայխստագ՝ խորհրդարան, բայց չընտրված միապետը շատ լայն լիազորություններ ուներ․ նշանակում էր կանցլերին, նրան էր ենթարկվում բանակը և այլն։ Գործադիրի իշխանության հիմնական սահմանափակումը ոչ թե ժողովրդավարությունն էր, այլ ինստիտուցիոնալ բյուրոկրատիան, որը հիմնվում էր լավ զարգացած իրավական համակարգի վրա։ Ֆուկույաման սա անվանում է ազատական ավտոկրատիա (liberal autocracy): Այն անանձնական կերպով ապահովում էր իր քաղաքացիների իրավունքները՝ չնայած քաղաքացիները չունեին իրենց կառավարիչներին ընտրությունների միջոցով հաշվետու պահելու քաղաքական իրավունք: Ու թեև կայզերը բացարձակ միապետ էր, նա չէր կարող ինքնիրավչորեն խլել քաղաքացիների հարստությունը կամ էլ խառնվել նրանց իրավական խնդիրներին։

Բիսմարկի Գերմանիայում բյուրոկրատիան պաշտպանում էր իր ինքնավարությունը ինչպես կայսրից, այնպես էլ ժողովրդավարության սկզբնավոր ուժերից: 1870-ականներից հետո աստիճանաբար տեղ բացվեց ժողովրդական քվեարկության համար, և Ռայխստագում ներկայացվեցին սոցիալ-դեմոկրատների նման նոր կուսակցություններ: Բայց Գերմանական կայսրության սահմանադրությունը բյուրոկրատիային զերծ էր պահում խորհրդարանի միջամտությունից, ու թեև բյուրոկրատները կարող էին նստել խորհրդարանում, խորհրդարանը բյուրոկրատական ​​նշանակումներ չէր կարող անել:

Ըստ Ֆուկույամայի՝ երկրներում, որտեղ ժողովրդավարությունը եկել է պետության ամրապնդումից առաջ, կառավարման որակի խնդիրները հիմնականում չեն լուծվել: Գերմանիան, Ճապոնիան և մի քանի այլ երկիր կառավարման որակի և կոռուպցիայի ներկայիս ցածր մակարդակի համար մեծապես պարտական են քաղաքական զարգացման ավտորիտար փուլում ուժեղ պետություն ստեղծելուն: Այս երկրների հաջողված փորձին Ֆուկույաման հակադրում է Իտալիայի և Հունաստանի օրինակները, որտեղ ժողովրդավարությունը եկել է «առանց պետության»։ Գերմանիայում, օրինակ, ժողովրդավարական ընտրություններից հետո քաղաքական անձ համարվող նախարարը մեծապես հաշվետու է բյուրոկրատիային և չի կարող, ինչպես ԱՄՆ-ում, Իտալիայում ու Հունաստանում [շարքին հանգիստ կարող ենք ավելացնել Հայաստանը – Կ․Հ․], ամբողջությամբ իր կադրերով փոխարինել եղած բյուրոկրատիան։ Ֆուկույաման նշում է, որ Գերմանիայի արդյունավետ բյուրոկրատիան իր տեղում մնաց և՛ Առաջին աշխարհամարտից հետո՝ Վեյմարյան Հանրապետության ժամանակ, և՛ նացիստների իշխանության ժամանակ, և՛ 1945-ից հետո Արևմտյան Գերմանիայում։

ՕՐԵՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրենքի իշխանությունը կանոնների ամբողջություն է, որն արտացոլում է արդարությունն ավելի լայն հանրությունում և սահմանափակում է պետության իշխանությունը։

Որտեղի՞ց է գալիս օրենքի իշխանության համակարգը, հարցադրում է անում Ֆուկույաման ու մատնանշում կրոնը: Սովորաբար կրոնները սահմանում են բարոյական նորմեր, որոնցով առաջնորդվում է հանրությունը, այդ նորմերը որոշակի կոնսենսուս են ձևավորում հասարակությունում։

Չինաստանը համաշխարհային միակ քաղաքակրթությունն է, որը երբեք չի ձևավորել իրական օրենքի գերակայություն: Հին Իսրայելում, քրիստոնեական արևմուտքում, մուսուլմանական աշխարհում և Հնդկաստանում օրենքը վերաճել էր տրանսցենդենտալ կրոնի և մեկնաբանվում ու կիրառվում էր կրոնական գիտնականների և իրավաբանների հիերարխիայի կողմից: Օրենքի պահապանները յուրաքանչյուր դեպքում քաղաքական իշխանությունից առանձին սոցիալական խումբ էին` հրեա դատավորներ, հինդու բրահմիններ (որոնք հնդկական կաստայական համակարգում ավելի բարձր էին գործադիրից՝ քշատրիներից), կաթոլիկ քահանաներ և եպիսկոպոսներ, իսլամական ուլամա:

Թե օրենքը որչափ կարող էր կառավարողների կամայական իշխանությունը սահմանափակել, կախված էր իրավա-կրոնական ու քաղաքական հիերարխիայի ինստիտուցիոնալ տարանջատումից, ինչպես նաև այս կամ այն ​​խմբի սերտաճման կամ բաժանման աստիճանից:

Այս տարանջատումը ամենադրամատիկն էր Արևմտյան Եվրոպայում, որտեղ 11-րդ դարի վերջում կաթոլիկ եկեղեցին հասավ իր քահանաներին ու եպիսկոպոսներին նշանակելու կարողությանը: Ի տարբերություն Չինաստանի՝ Եվրոպայում օրենքի իշխանությունը հաստատվեց ժամանակակից պետությունների ստեղծումից ավելի վաղ, և օրենքը դրեց պետականաշինության սահմանափակումներ, որոնք գոյություն չունեին Չինաստանում: Չինական քաղաքակրթությունը չունեցավ տրանսցենդենտալ կրոն, չինացիների կրոնը նախնիներին երկրպագելուց այն կողմ չանցավ, օրենքը երբեք գործադիր իշխանությունից անդին չդրվեց։

ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆուկույաման ասում է, որ ինստիտուտներից երրորդի համար կարող էր կիրառել ժողովրդավարություն եզրը, որովհետև դա է այն կացութաձևը, որում բազմակուսակցական ընտրությունները տեղի են ունենում։ Սակայն, ըստ նրա, ճիշտը հաշվետվողականություն եզրն է, քանի որ ավելի լայն է։ Անգլիայում 1689-ի Պանծալի հեղափոխությունից հետո թագավորը հաշվետու էր դարձել պառլամենտին, մինչդեռ պառլամենտը ներկայանցում էր անգլիացիների մոտ 10 տոկոսին, ընդ որում՝ ամենահարուստ խավին։ Ֆուկույաման կարծում է, որ այսօրվա ժողովրդավարությունները ևս նման են 17-րդ դարի անգլիականին և չեն արտացոլում լայն հանրության ներկայացվածությունն ու շահերը։

Գոյություն ունի նաև բարոյական հաշվետվողականության ձև, ըստ էության՝ առանց ընտրությունների։ Դա ևս կարևոր է կառավարման համակարգում։ Պետությունը կարող է կրթել-պատրաստել պատասխանատու մարդկանց, որոնք և կստանձնեն կառավարչական գործառույթներ։ Ավտորիտար բոլոր արդյունավետ պետությունները երևան են եկել Ասիայի արևելքում՝ Չինաստան, Սինգապուր, Թայվան, Հարավային Կորեա և այլն։ Այս բոլոր երկրներն ունեցել են ինքնակալ կառավարիչներ, որոնք խթանել են արագ զարգացումը։ Այդ հաջողությունը Ֆուկույաման վերագրում է չինական մշակույթին։

Ժողովրդավարության բացակայության պայմաններում, ըստ Ֆուկույամայի, կառավարությանը հաշվետու պահելու դրսևորումներից է զանգվածային անհնազանդությունը։

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ

Ֆուկույաման զուգահեռներ է անցկացնում ավտորիտար Չինաստանի և ժողովրդավար Հնդկաստանի միջև։ Չինաստանը վերջին 30 տարում արդյունավետ կառավարման շնորհիվ անհավանական վերափոխում է ունեցել, երրորդ աշխարհի երկրից այն դարձել է բարձրակարգ համաշխարհային կենտրոն՝ երկրով մեկ ամենաարդիական ենթակառուցվածքներ են ստեղծվել՝ արագընթաց երկաթգծերից մինչև Տիբեթ ձգվող լայնաշերտ մայրուղիներ, հսկայական ջրամբարներ ու գործարաններ և այլն։ Հնդկաստանում ամեն օր կես միլիարդից ավելի մարդ իր կարիքները հոգում է դուրսը․ երկրի մեծ մասում չկա կոյուղային համակարգ։ Չինաստանը միջինը հինգ անգամ ավելի շատ ջուր է ամբարում, քան Հնդկաստանը։ Չինաստանը ստեղծել է կրթական արդյունավետ համակարգ։ Հնդկաստանում ուսուցիչների 45 տոկոսը չի ներկայանում դասերին, ու պետությունը ի վիճակի չէ այդ խնդիրը լուծել։

Ֆուկույաման ասում է՝ կառավարման այն արդյունավետությունը, որ ունեցել է Չինաստանը, ԱՄՆ-ը միայն երազել կարող էր։ Սակայն կարևոր մի ԲԱՅՑ է առանձնացնում․ չինական համակարգը արդյունավետ կարող է լինել, քանի դեռ կայսրը լավն է։ Իսկ Չինաստանի պատմության մեջ եղել են վատ կայսրեր, որոնցից վերջինը Մաո Ցզե Դունն էր։ Իսկ ԱՄՆ-ում կա հակակշիռների մեխանիզմ, որտեղ «վատ ղեկավար» դառնալուն խոչընդոտներ կան [գիրքը հրատարակվել է մինչև 2016-ի Դոնալդ Թրամփի ընտրությունը]։ Ֆուկույաման ԱՄՆ-ը կոչում է վետոյապետություն, որտեղ երբեմն ոչ այնքան հակակշիռներ են, որքան իշխանության կրկնակում (power replication): Պատկերացնո՞ւմ եք՝ Google-ի կամ Microsoft-ի ղեկավարները չկարողանան նշանակել մի ինչ-որ միջին մենեջերի։ ԱՄՆ-ում ամեն մի սենատոր կարող է խոչընդոտել դեսպանների նշանակումը, ինչը շատ ընդունված բան է։ Ասում է՝ ամերիկյան քաղաքականության խնդիրն այն է, որ մենք չափից ավելի ենք հակակշռվում (too checked in a certain sense): Ինստիտուտների պահպանողականությունը բարեփոխումը երբեմն աններելիորեն բարդ է դարձնում։ Այս տեսակի քաղաքական քայքայումը հանգեցնում է կա՛մ կոռուպցիայի աստիճանական աճի, կառավարության արդյունավետության անկման, կա՛մ էլիտայի նկատմամբ բռնի պոպուլիստական ​​արձագանքի:

Քաղաքական կարգի մասին

Քաղաքական կարգը միայն կառավարությունների չարաշահումները կաշկանդելու մասին չէ: Դա ավելի շատ այն մասին է, որ կառավարությունները պետք է իրականում անեն իրենցից ակնկալվող բաները, օրինակ՝ ապահովեն քաղաքացիների անվտանգությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, կրթության և հանրային առողջապահական ծառայությունների հասանելիությունը և մասնավոր տնտեսական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Բազմաթիվ երկրներում ժողովրդավարությունն ինքնին վտանգված է, քանի որ պետությունը չափազանց կոռումպացված է կամ չափազանց անկարող այս բաներն անելու համար: Մարդիկ սկսում են մաղթել հզոր իշխանություն՝ բռնապետ կամ փրկիչ, որը կկտրի քաղաքական գործիչների բղավոցը և իրականում գործերը կարգի կբերի:

Դասական ժողովրդավարությունը ենթադրում է, որ եթե ​​կառավարությունները վատ են գործում կամ կոռումպացված էլիտաները գրավում են պետությունը, ոչ էլիտաները կարող են պարզապես ընտրություններով նրանց հեռացնել: Ժամանակակից ժողովրդավարության պատմության մեջ կան պահեր, երբ դա տեղի է ունեցել: Բայց որևէ երաշխիք չկա, որ այս ինքնաուղղումը տեղի կունենա, գուցե այն պատճառով, որ ոչ էլիտաները վատ կազմակերպված են կամ չեն կարողանում ճիշտ հասկանալ սեփական շահերը: Ինստիտուտների պահպանողականությունը հաճախ անհաղթահարելի է դարձնում բարեփոխումները: Այս տեսակի քաղաքական քայքայումը հանգեցնում է կա՛մ կոռուպցիայի աստիճանական աճի, ըստ այդմ՝ կառավարության արդյունավետության անկման, կա՛մ ընկալվող էլիտայի հանդեպ ամբոխավարական բռնի դրսևորումների:

***

Եվրոպացիները սկզբում ունեցան օրենքը, հետո պետությունը և միայն դրանից հետո՝ հաշվետվողականության ինստիտուտները։ Ֆուկույաման համարում է, որ քաղաքական կարգի արդյունավետությունը ենթադրում է այս երեքի ամբողջությունը։

Որևէ երկիր չի կարող հարստանալ առանց արդյունավետ կառավարման, ասում է Ֆուկույաման։

Մեկնաբանել