2023-ի Ամանորի ուղերձներ․ ինչ ասացին և ինչ չասացին քաղաքական ու հոգևոր ղեկավարները 

2023-ի տարեմուտին, ավանդույթի համաձայն, հայ քաղաքական ղեկավարներն ու պաշտոնյաները ուղերձներ հղեցին ժողովրդին։

«Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության»,- իր ուղերձում շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը դուրս թողնելով այդ բանաձևումից։ Բայցևայնպես, Փաշինյանն անդրադարձավ Արցախում շրջափակված «մեր քույրերին ու եղբայրներին»․

«2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար»:

Փաշինյանը և նրա կառավարությունը վաղուց արդեն չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Հետաքրքրական էր, որ ինքնորոշման իրավունքին անդրադարձ չկար նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում։

Արայիկ Հարությունյանի ուղերձը տեքստային էր՝ առանց տեսագրության։ Նա ներողություն խնդրեց «հատկապես այն երեխաներից, որոնք հեռու են ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար»: Նա նաև խորին երախտագիտություն հայտնեց «մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին»:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ուղերձում նշեց․ «Արցախաբնակ մեր զավակները աննկուն ոգով շարունակում են պայքարել հանուն իրենց անկախ կյանքի իրավունքի պաշտպանության՝ դիմագրավելով բազում նեղությունների՝ նաև Լաչինի ճանապարհի արգելափակումով պայմանավորված։ Այսպիսի դժվարին իրավիճակում մենք չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար»։

Ի տարբերություն պաշտոնյաների՝ Գարեգին Բ-ն խոսեց նաև Արցախի ինքնորոշման իրավունքի մասին․

«Պետությունները կործանվում են, ժողովուրդները անհետանում ոչ թե փորձությունների ծանրությունից, այլ հույսի սպառումից, ապագայի հանդեպ տեսլականի և այն կյանքի կոչելու վճռականության բացակայությունից: Մեր ժողովրդի հարագնա երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հավատքի, հույսի ու լավատեսության պատմություն: Այս վստահությամբ ապրենք ու գործենք՝ ամրորեն կառչած մեր ինքնությանը, մեր լինելիության անփոխարինելի գրավականներին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին: Հեռու վանենք մեզանից վհատությունը, ապազգայնությունն ու անտարբերությունը և հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ։ Գիտակցենք, որ այս է ուղին մեր վիրավոր հայրենիքի ապաքինման, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հայրենիք-սփյուռք միասնականությամբ լուսավոր գալիքի երաշխավորման և ազգիս հարատևության»։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում ասաց․

«Գալիք տարում մեր պետության, մեր քաղաքացիների ու պետական այրերի առաջնահերթությունները շարունակում են մնալ մեր երկրի զարգացումն ու հզորացումը: Մեր սահմանների խաղաղության ու անվտանգության, Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ ապրելու և իրենց հազարամյա հայրենիքում արարելու իրավունքների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը»:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր ուղերձում խոսեց միասնականության մասին։

«Սիրելի ժողովուրդ հայոց, փաստորեն չունինք իրավ բարեկամներ։ Առանձին ենք։ Չունինք ազգային ռազմավարություն։ Չունինք միացյալ ճակատ` ազգին տագնապները միասնաբար, հավաքաբար դիմագրավելու։ Միայն զիրար կամբաստանենք ու կմեղադրենք։ Հաղթական Արցախը կորսնցուցած է իր ազատագրեալ հողերուն մեծ մասը ու կդիմագրավէ գոյութենական խնդիր։ Հայաստանը ևս ենթակա է կորսնցնելու իր գերիշխանությունը, իր գոյությունն իսկ»,- ասաց Արամ ա կաթողիկոսը։

Ուղերձ հղեց նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ուշագրավ է, որ միայն Սիմոնյանի ուղերձում կար անդրադարձ ռազմագերիների խնդրին․

«2022 թվականին մենք ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ տնտեսության, դիվանագիտության, պետականաշինության եւ այլ ոլորտներում, բայց չլուծված են մնում բազմաթիվ կարեւոր հարցեր. դեռ ամբողջությամբ լուծված չէ մեր ռազմագերիների հարցը, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած հակառակորդի ուժային միավորների դուրսբերման հարցը եւ ամենաարդիականը՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցը. նույնիսկ այս պահին մեր 120 000 հայրենակիցները դեռ պատանդի կարգավիճակ ունեն իրենց տներում: Այսինքն՝ դեռեւս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը: Սա է մեր առաջնային մարտահրավերը»: