Արցախցիներին մեկ շղթայով շղթայված Ռուբեն Վարդանյանը 

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Արցախի Մարտունու շրջանում բնակիչների հետ հանդիպմանը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հիշել էր ամերիկյան կինեմատոգրաֆի «Մեկ շղթայով շղթայվածները» գլուխգործոցը: Ըստ սյուժեի՝ իրար շղթայված ռասիստ սպիտակամորթ և սևամորթ տղամարդիկ փախչում են բանտից: Չնայած ատելությանը՝ նրանք ստիպված իրար հետ համաձայնեցնում են իրենց բոլոր շարժումները, քանի որ ուրիշ ճար չկա՝ դժբախտության եղբայրները շղթայված են մեկ շղթայով:

Վարդանյանի ասածն էլ է դա՝ չնայած փոխադարձ անբարյացակամությանը, մենք իրար շղթայված ենք, և պետք է մարդկանց շանս տալ՝ զրոյականացնել ամեն ինչ: Հանդիպումը Արցախի շրջափակումից հետո էր կազմակերպվել, սակայն մինչ շրջափակումն էլ էր ակնհայտ, որ վաղուց մեկ շղթայով շղթայված են, պարզապես շատերը ժամանակին չէին ուզում հավատալ հետնոյեմբերինյան իրականությանը:

Անկեղծորեն, քիչ եմ ուզում քննադատել Վարդանյանին, մի անձ որ չորս կողմից բուլինգի է ենթարկվում՝ ադրբեջանական և հայկական մեդիահարթակներում, և ամենայն հավանականությամբ՝ Արցախի ներքաղաքական կյանքում էլ չէ ամեն ինչ հարթ: Այդ քննադատությունների մի մասը, մեղմ ասած, լուրջ չէ և չարժե քննարկման առարկա դարձնել (օրինակ, որ Ռուսաստանի մարդն է և ուզում է Արցախը ռուսական դարձնել):

Ռուբեն Վարդանյանի քայլերին կանրադառնամ բացարձակապես ներարցախյան դիտանկյունից:

Օրինակ, ո՞ւմ է ուզում հնարավորություն տալ Վարդանյանը և ո՞ւմ մեղքերն է ուզում զրոյականացնել: «Հետքում» Կամո Աղաջանյանի անունը նշվեց: Աղաջանյանը Հադրութի շրջանից է, նա ոստիկանապետ էր Բակո Սահակյանի օրոք և ԱԱԾ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանի օրոք: Մի մարդ, որ սիրված կադր է եղել բոլոր իշխանությունների օրոք: Հիմա էլ սակրալ մի պաշտոն է զբաղեցնում՝ Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ:

Հնարավոր է՝ «ուժային» Աղաջանյանին Վարդանյանը նաև որպես քաղաքական հենարան է տեսնում: Ինչքան էլ լավ ռեֆորմատոր լինես, դու արդեն քաղաքական դաշտի խաղացող ես, ուզես-չուզես խաղալու ես այդ խաղը, առավելևս՝ հիմա, երբ մյուս արցախցիների հետ մեկ շղթայով շղթայված ես: Սակայն պատերազմական վիճակում գտնվող երկրներն իրենց չգրված կանոններն ունեն։ Երևի այդպես էր ժամանակին, օրինակ, Չեչնիայում ու Աբխազիայում: Մարդիկ միշտ միևնույն հարցն են տալու՝ ինչո՞ւ, երբ Արցախում ամեն ինչ վատացավ, Կամո Աղաջանյանը լքեց Արցախը: Կամո Աղաջանյանը խիստ հակասական կերպար է։ Հարցրե՛ք Հադրութի մտավորականներին, նրանցից շատերը կասեն, որ Հադրութը կորցրել ենք կամոաղաջանյանների, իվանավանեսյանների և նմանների պատճառով, որոնք հիմա առոք շարունակում են իրենց բիզնսեները վարել (տե՛ս ՍիվիլՆեթի հարցազրույցը Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ՝ Հադրութն իրոք հնարավոր էր պաշտպանել): Չգիտեմ՝ որքանով են տեղին այս խորհուրդները, բայց կխնդրեի պահպանել պատերազմական կամ հետպատերազմյան երկրների չգրված օրենքները:

Արցախում ով էլ փորձի բարեփոխումներ անել, առերեսվելու է ծանր դիմադրության և դժգոհության:

Պատերազմից հետո շարունակ նորանոր կառույցներ ստեղծել, օրինակ՝ Արցախի նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանում և «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը:

Վերամբարձ խոսքեր, սակայն այսօր Արցախում անկախիկ գումարով հնարավոր չէ սեղմված գազ գնել կամ քաբաբ պատվիրել: Իսկ մի շարք պետական կառույցներ շարունակում են իրենց կայքերում անընթեռնելի PDF փաստաթղթեր կցել: Ի դեպ, առաջին կազմակերպությանը 2022-ին 172 մլն դրամ է հատկացվել պետական բյուջեից, իսկ երկրորդին՝ 92 մլն: Իմ կարծիքով՝ այս ամենը բացատրվում է մի քանի բառով՝ պոպուլիստկան որոշումներ հանուն աթոռի ամրապնդման:

Իսկ հիմա անցնենք Վարդանյանի կադրային քաղաքականությանը: Նոյեմբերի 23-ին նրա համակարգման ներքո գտնվող ինը նախարարներն էլ ազատվեցին պաշտոնից, որոնցից չորսը շարունակեցին պաշտոնավարումը որպես պաշտոնակատար: Ամեն ինչ լավ է սկսվել, արդարության սկզբունքով, ինչպես Արցախում են ասում, առանց սիրի-սիրի անելու: Դեկտեմբերի 21-ին առաջին նշանակումն արեց՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը նշանակվեց առողջապահության նախարար: Կենսագրությունը պատկառելի է, մնում է տեսնել, թե ինչպիսին կլինի գործի մեջ:

Այնուհետև՝ Ամանորի նախաշեմին, ևս երկու նախարարական նշանակում տեղի ունեցավ՝ Կադաստրի նախագահ Սուրեն Գալստյանը նշանակվեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար:

Ուզում եմ հասկանալ՝ մեկամսյա կադրերի փնտրտուքից հետո ինչու են այդ մարդիկ ընտրվել: Այս նախարարները նախկիններից ինչո՞վ են առավել՝ Հարվարդի դիպլո՞մ ունեն: Անհասկանալի է: Լավ կլինի, որ պարոն Վարդանյանը պարզաբանի (իրոք, հնարավոր է, որ մի շարք գործընթացների մասին տեղյակ չենք): Առավելևս, որ ամեն քայլափոխի նա թափանցիկության կարևորության մասին է խոսում:

Անցնենք առաջ: Դեկտեմբերի 25-ին բազմահազարանոց հանրահավաքին Ռուբեն Վարդանյանն ասաց, որ այս իրավիճակում երեք ճանապարհ ունենք. «Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին։ Երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս։ Երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին՝ ես այստեղ եմ և պայքարում եմ, ու ես էստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին»: Սա մի ուշացած ճառ էր, որ ժամանակին Արցախի առաջին դեմքերը վաղուց պիտի անեին: Մնում է այս ամենը գործով ապացուցել, որ սովորական կարգախոսներ չլինեն, ու տարիներ անց այս խոսքերը ծաղրի ենթարկվեն նոր «Մազութի Համո» կերպարներում:

Ի դեպ, այս խոսքերը լրիվ ուրիշ կերպ կընկալվեին, եթե ամբիոնից խոսողը Սամվել Բաբայանը լիներ: Այո, նրա հետևից ավելի շատ մարդ կգնար: Սակայն միշտ էլ «դրսից» Արցախ եկած մարդկանց համար, նախքան սիրված դառնալը, սկզբնական փուլում միշտ դժվարություններ են եղել. Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի և Քրիստափոր Իվանյանի օրինակները վկա (ինչի մասին մեր պատմությունը սիրում է լռել):

Իվանյանից խոսենք. ասում են, որ նա շրջում էր զորամասերով ու ցածր օղակի՝ հեռանկար ունեցող սպաներին առաջ «հրում»: Հարցեր չէին առաջանա, եթե Վարդանյանի նշանակած մարդիկ լինեին միջին օղակից ինչ-որ անհայտ տեխնոկրատներ, բայց փոխարենը տեսնում ենք վերջին քսան տարվա ընթացքում Արցախում հայտնի քաղաքական դիմակահանդեսը՝ փոխատեղումը:

Նախքան շրջափակումը, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վարդանյանն ասաց, որ շատ փոփոխություններ դուր չեն գալիս էլիտաներին: Դա լավ ազդակ է, իհարկե։ Իսկ եթե շատ փոփոխություններ դուր չեն գալիս ոչէլիտաների՞ն:

Եթե պետական կառավարման մակարդակը շարունակի ընկնել, ապա իրոք կնշանակի, որ հաջողակ գործարարից հաջողակ քաղաքական գործիչ ու ռեֆորմատոր չի ստացվում: Ժամանակն է 1992-ի փորձով Պետական պաշտպանության կոմիտեի նման կառույց ստեղծել և մաքրել «ավգյան ախոռները»: Թե չէ հետո մարդկանց շատ չի հետաքրքրելու, որ մեկ շղթայով շղթայված ենք: Իսկ քաղաքական թայֆայականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու:

Բայց ևս մի լուրջ խնդիր ունենք՝ զանգ կախող չկա:

Կարդացե՛ք նաև՝ Ինչ կարող է և պետք է անի Ռուբեն Վարդանյանը, եթե նշանակվի Արցախի պետնախարար

Մեկնաբանել