Հայաստանն ու Ադրբեջանը կարծես գնում են նոր առճակատման․ Միջազգային ճգնաժամային խումբ

Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) հետազոտական կազմակերպությունը հունվարի 1-ին հրապարակած զեկույցում առանձնացրել է տասը հակամարտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել 2023-ին։ Տասը հակամարտություններն են՝ Ուկրաինա, Հայաստան և Ադրբեջան, Իրան, Եմեն, Եթովպիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութոյւն և Մեծ լճեր, Սահել, Հաիթի, Պակիստան, Թայվան։

Զեկույցի «Հայաստան և Ադրբեջան» հատվածում նշվում է, որ եթե ուկրաինական պատերազմն արձագանք է ունեցել աշխարհի այլ վայրերում ճգնաժամերի վրա, ապա դրա ազդեցությունը հատկապես սուր էր Հարավային Կովկասում: Ղարաբաղյան վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են դեպի նոր առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումները խաթարել են հաշվարկները տարածաշրջանում։

Նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020-ի վեցշաբաթյա հակամարտությունը: 7 000 զինվորի կյանք խլած այդ պատերազմի արդյունքում ադրբեջանական ուժերը հայերին դուրս մղեցին Լեռնային Ղարաբաղի անկլավի որոշ մասերից և 1990-ականներից հայերի տիրապետության տակ գտնվող հարակից շրջաններից: Մոսկվայի միջնորդությամբ ի վերջո հրադադար հաստատվեց:

Այդ ժամանակից ի վեր հավասարակշռությունն ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։ Հայկական բանակը չի համալրել իր զորքերը և սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական միջնորդը, պաշարների պակաս ունի: Ադրբեջանը, ընդհակառակը, ուժ է հավաքում։ Նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, շատ ավելի լավ է զինված և վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Ադրբեջանական գազի նկատմամբ Եվրոպայի պահանջարկի աճը նույնպես քաջալերում է Բաքվին:

Ռուսաստանի դժվարությունները Ուկրաինայում կարևոր են նաև այլ առումներով. 2020-ի հրադադարի համաձայն՝ ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հայերով բնակեցված շրջաններում։ Ռուսաստանը ուժեղացրել է իր սահմանապահ ուժերն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք պատերազմից հետո դարձել են նոր առաջնագիծ: Գաղափարն այն էր, որ զորախումբը, թեև փոքրաթիվ, կզսպեր հարձակումները, քանի որ Բաքուն կզգուշանար Մոսկվայից:

Սակայն ռուսական ուժերը չկանխեցին վերջին տարվա մի քանի բռնկումները: Ադրբեջանական զորքերը մարտ և օգոստոս ամիսներին նոր տարածքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ռազմավարական բարձունքներ։ Սեպտեմբերին ադրբեջանական զինուժը տարածք գրավեց Հայաստանից։ Հարձակումների յուրաքանչյուր մենամարտ գնալով ավելի արյունալի էր դառնում:

Ուկրաինայի պատերազմը ստվերել է նաև խաղաղ բանակցությունները։ Մոսկվան պատմականորեն առաջնորդել է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղարար ջանքերը: Ենթադրվում էր, որ 2020-ի հրադադարը կբացեր առևտուրը տարածաշրջանում, այդ թվում՝ վերականգնելով Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհը Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ իրանական սահմանի երկայնքով:

Առևտուրը ճանապարհ կհարթեր Լեռնային Ղարաբաղի ապագայի փշոտ հարցի շուրջ փոխզիջումների գնալու համար։ (2020-ի պատերազմից հետո Երևանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու տասնամյակների պահանջից, սակայն նա դեռ ցանկանում է հատուկ իրավունքներ և անվտանգության երաշխիքներ այնտեղ ապրող հայերի համար։ Բաքուն պնդում է, որ տեղի հայերը կարող են օգտվել նույն իրավունքներից, ինչ Ադրբեջանի որևէ քաղաքացի):

2021-ի վերջին Մոսկվան ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության գլխավորած նոր միջնորդությունը՝ հուսալով, որ դա կուժեղացնի Ռուսաստանի խաղաղարարությունը, որը քիչ առաջընթաց էր գրանցում: Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր, սակայն, Մոսկվան ԵՄ դիվանագիտությունը դիտարկում է որպես իր ազդեցությունը զսպելու ավելի լայն ջանքերի մաս: Չնայած արևմտյան մայրաքաղաքների փորձերին՝ Կրեմլը հրաժարվում է ներգրավվել:

Արդյունքում, շրջանառվում է համաձայնագրերի երկու նախագիծ. մեկը պատրաստել է Ռուսաստանը, մյուսը` Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Արևմուտքի աջակցությամբ (դրանց շատ հատվածներում կան հակադիր տեքստեր, որոնք առաջարկել են երկու կողմերը): Յուրաքանչյուր նախագծում անդրադարձ կա առևտրին և հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թողնված է առանձին և առայժմ չնախաձեռնված գործընթացի: Երկկողմ ուղին, որին աջակցում է Արևմուտքը, հավանաբար ավելի խոստումնալից է, մասամբ այն պատճառով, որ այն տեղում է մշակվել, թեև անհասկանալի է, թե ինչպես կարձագանքի Մոսկվան, եթե այդ համաձայնությունը կայանա:

Ամեն դեպքում, երկու կողմերը հեռու են իրարից։ Բաքուն ունի բոլոր խաղաքարտերը, և գործարքից նա ավելի կշահի, հատկապես առևտրի և արտաքին հարաբերությունների առումով, քան ռազմական:

Վտանգն այն է, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի կամ հերթական ռազմական բախումը կխորտակի թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի հովանավորած ուղիները, և Ադրբեջանը ուժով կվերցնի այն, ինչ կարող է։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել