Սիրիահայերի 41 ընտանիքից ՀՀ-ում ժամանակավոր կացարան է ստացել 27-ը


Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Սփյուռքի նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է և, սկսած փետրվարից, զբաղվում է սիրիահայերի հիմնախնդիրներով:

Ըստ նրա` Հայաստան ժամանած սիրիահայերի կողմից բարձրացվում են կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի և մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցեր, որոնք դասակարգվում են և վերահասցեագրվում համապատասխան պետական կառավարման մարմիններին:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 1-ին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ասել է, որ հանձնարարական է տրվել զբաղվածության կենտրոններին առաջնահերթության կարգով բավարարել սիրիահայերի խնդրանքները:

Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրությամբ քննվել են կրթության ոլորտին վերաբերող խնդիրները, հատկապես` սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման և զիջման տարբերակները, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դպրոցի հիմնմանն առնչվող հարցեր: Ըստ Հրանուշ Հակոբյանի` այժմ քննարկվում է, թե ինչ ծրագրով սիրիահայ դպրոցականները պիտի ուսանեն Հայաստանում, քանի որ, ըստ նրա, վերադարձի ակնկալիքով եկած ընտանիքները կամենում են, որ երեխաները սովորեն սիրիական դպրոցների ուսումնական ծրագրով:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրել է սահմանային կետերում մուտքի վիզաների տրամադրման, հեշտացված ռեժիմով վիզաների և անձնագրերի տրամադրման, քաղաքացիության ստացման գործընթացները, տեղեկացրել, որ չեն կիրառվել ժամկետանց վիզաների դեպքում սահմանված տույժերը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ստանալիս ծննդյան վկայականների բացակայության դեպքում հիմք են ընդունվում ազգությունը հաստատող այլ փաստաթղթերը:

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել շրջաբերականով տեղեկացնել բանկերին առավել մեծ ուշադրություն դարձնել բանկերում հաշիվներ բացել ցանկացող սիրիահայերի սպասարկմանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ամառային ճամբարներում տեղավորված երեխաների հանգստի կազմակերպման աշխատանքները, նշելով, որ շուտով սպասվում է Հալեպից ևս 150 դպրոցականների ժամանում:

Առաջիկայում ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ կպատրաստվեն թերթոններ, որոնց միջոցով սիրիահայերը մատչելի կերպով կտեղեկանան իրենց հուզող հարցերի իրավաօրենսդրական կարգավորումներին:

Որոշվել է վաղը` օգոստոսի 22-ին, ժ. 16:00 ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպել հավաք-խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև ավելի քան 100 սիրիահայեր: Հանդիպմանը ներկա կլինեն սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Մեկնաբանել