Հայաստանում և Արցախում հարցվածները ԼՂ խնդրի լուծումը բացառապես տեսնում են Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակով

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը Սիվիլիթաս հիմնադրամի (ՍիվիլՆեթի) ֆինանսավորմամբ իրականացրել է հարցում Հայաստանում և Արցախում։ Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2022 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում։ Հարցման արդյունքներով ՀՌԿԿ-Հայաստանի պատրաստած զեկույցը ներկայացված է ստորև։

***

«Խոսում է հանրությունը․ Արցախյան կոնֆլիկտի ներկան ու ապագան հեռախոսային հարցման արդյունքներով» հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից՝ Սիվիլիթաս հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Այս զեկույցը ստեղծվել է առաջնային տվյալների հավաքագրմամբ իրականացված հետազոտության արդյունքում։ Զեկույցի բովանդակությունը միմիայն հեղինակների պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Սիվիլիթաս հիմնադրամի տեսակետները։

Զեկույցի կամ դրա առանձին մասերի վերահրատարակումը կամ վերարտադրությունը էլեկտրոնային կամ տպագիր տարբերակներով պետք է իրականացվի պատշաճ մեջբերումներով։

Մեջբերման օրինակ․ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ. (2022)։ Խոսում է հանրությունը․ Արցախյան կոնֆլիկտի ներկան ու ապագան:

Հեղինակներ` Լուի-Ալասան Կասենյարդ Վիոդ, Սրբուհի Միչիկյան,Սեդա Անանյան, Մարիամ Առաքելյան

Խմբագիրներ` Սոնա Բալասանյան, Լիլիթ Եզեկյան, Հայկ Սմբատյան

Հետազոտական խումբ` Անժելա Ղալամդարյան, Մարիամ Բաբայան, Արուսյակ Ոսկանյան

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն զեկույցն անդրադառնում է Արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի և Արցախի բնակչության ներկայիս պատկերացումներին։ Հետազոտության նպատակն է բացահայտել Արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ ընկալումները հետևյալ երեք հարցի շուրջ․

1. տեղական և միջազգային դերակատարների դերը Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում,

2. հնարավոր զարգացումներն ու ապագայի տեսլականը,

3. Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարաբերությունները հակամարտության համատեքստում։

Հետազոտության շրջանակում իրականացվել են հեռախոսային հարցազրույցներ Հայաստանում և Արցախում բնակվող 1502 հարցվողների շրջանում։ Հարցումը ներկայացուցչական է, ինչը նշանակում է, որ տվյալները որոշակի շեղման հավանականությամբ կարող են տարածվել Արցախի և Հայաստանի ներկայիս բնակչության վրա։

Արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիների և արցախցիների կարծիքները հիմնականում նույնական են: Դրանք տարբերվում են միայն մի քանի հարցերի դեպքում. արցախցիներն առավել բարձր կամ դրական վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ, քան հայաստանցիները։ Արդյունքները նաև մատնանշում են, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը մերժում են ցանկացած սցենար, որը կենթադրի Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում: Ընդհանուր առմամբ՝ հարցվածներն Ադրբեջանի վերաբերյալ ունեն բացասական վերաբերմունք։

Զեկույցի կառուցվածքն ունի հետևյալ տրամաբանությունը․ սկզբում ներկայացված է ուսումնասիրության մեթոդաբանությունը, որն ընտրվել է հետազոտական հարցերին պատասխանելու նպատակով։ Այն ներառում է մեթոդաբանական լուծումները, դաշտային աշխատանքների որակի ապահովումը, էթիկական նկատառումները և հետազոտական նախագծի ուժեղ կողմերի ու սահմանափակումների գնահատումը։ Հաջորդիվ մենք ներկայացնում ենք նկարագրական վիճակագրական տվյալներ, որոնք բաժանված են ըստ բնակության վայրի՝ Հայաստան և Արցախ։

2. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Այս բաժնում ներկայացված են ուսումնասիրության մեթոդաբանական լուծումների ամփոփումն ու մանրամասները։ Հաշվի առնելով, որ հարցումն իրականացվել է նշված հետազոտական հարցերին պատասխանելու նպատակով՝ այստեղ ներկայացված է այն ամբողջ տեղեկատվությունը, որն ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրության ասոցիացիայի (AAPOR 2021)՝ ենթակա է հանրայնացման։

2.1 Հարցման մեթոդը

Հետազոտական հարցերին պատասխանելու համար ընտրվել է համակարգչի օգնությամբ հեռախոսային հարցազրույցների (CATI) մեթոդը՝ օգտագործելով Survey CTO ծրագրային փաթեթը։ Դեմառդեմ հարցազրույցների փոխարեն այս մեթոդի նախընտրությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ հարցվողների մի մասի բնակության վայր հասնելը եղել է դժվար (և/կամ վտանգավոր)։ Հարցված բնակչությունը Հայաստանում և Արցախում բնակվող չափահաս մարդիկ են։ Նախատեսված ընտրանքի չափը 1500 հարցվող է եղել (1100՝ Հայաստանից, 400՝ Արցախից), սակայն Արցախի բնակիչների շրջանում հետազոտությունն իրականացվել է նախատեսվածից աննշան շեղմամբ՝ 402 հարցվող: Հայաստանի հարցվողների դեպքում ստացվել է ընտրանքի ակնկալվող արդյունքը։

Հարցաթերթը մշակել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի հետազոտական թիմը՝ Սիվիլիթաս հիմնադրամի հետ համագործակցությամբ: Այն կառուցվել է՝ հետազոտական հարցերի տրամաբանությունից ելնելով։ Հարցաթերթի փորձարկումն իրականացվել է 2022 թվականի նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում։ Փորձարկումից հետո որոշակի փոփոխություններ են կատարվել՝ բարելավելու հարցադրումների հստակությունը և պատասխանների որակը։

Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2022 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցվողներն ընտրվել են պատահական թվանիշերի հավաքման տեխնիկայով (random digit dialing-RDD)՝ ապահովելու համար պատահական ընտրանքը։ Այն թույլ է տվել պատահականորեն գեներացնել Հայաստանում և Արցախում գործող բջջային օպերատորների կոդերով սկսվող հեռախոսահամարներ և զանգերի միջոցով ընտրել պատահական հարցվողների՝ չունենալով ընտրանքի հիմք։ Ելնելով այն հանգամանքից, որ բնակչության ժողովրդագրական պատկերից շեղման հավանականությունը փոքր է, վերլուծության համար հետշերտավորման կշռում (post-stratification weights) չի կատարվել։ Աղյուսակ 1-ում ներկայացված են հետազոտությանն առնչվող ժողովրդագրական տեղեկությունները:

2.2 Որակի ապահովում

Տվյալների որակն ապահովելու նպատակով կիրառվել են մի քանի տեխնիկաներ. ամենօրյա ռեժիմով ստուգվել է տվյալների շտեմարանը (database), ստուգվել է յուրաքանչյուր հարցազրուցավարի կողմից իրականացված հարցազրույցների 20 տոկոսը, հարցազրույցների ձայնագրություններն օգտագործվել են հարցազրուցավարների անկողմնակալությունը ստուգելու նպատակով՝ ապահովելու ուղղորդող հարցերի, բաց թողնված հարցերի և/կամ պատասխանների չեզոքացումը կամ շտկումը։ Այդ նպատակով կատարվել են նաև հետադարձ զանգեր։ Հարցազրուցավարի աշխատանքի որակի ստուգումն իրականացվել է հաշվի առնելով հետևյալ չափանիշները․

• hարցազրույցի միջին տևողությունը և սկզբի ու ավարտի ժամը,

• «Դժվարանում եմ պատասխանել» (ԴՊ) և «Հրաժարվում եմ պատասխանել» (ՀՊ) պատասխանների թիվը և համամասնությունն ընդհանուր պատասխանների մեջ,

• «Այլ» պատասխանի տարբերակում և բաց հարցերում լրացված տեղեկատվության հաճախականությունը և բովանդակության որակը,

• նորմալ բաշխումից դուրս պատասխանները (outliers),

• անցումների տրամաբանությունը,

• յուրաքանչյուր օրվա ընթացքում իրականացված հարցազրույցների թիվը։

2.3 Սահմանափակումներ

Հետազոտության շրջանակում հավաքագրված տվյալները արժանահավատությանն (validity) առնչվող որոշակի սահմանափակումներ ունեն: Այնուամենայնիվ, այդ խնդիրները, մի կողմից, աննշան են և չեն կարող էականորեն ազդել հետազոտության արդյունքների վրա, մյուս կողմից՝ ուսումնասիրության շրջանակներում այդ խնդիրները դժվար լուծելի են եղել:

Այսպես, ընտրված մեթոդի կիրառման արդյունքում ընտրանքից դուրս են մնացել այն հարցվողները, ովքեր չունեն բջջային հեռախոսահամար։ Սրա արդյունքում, հնարավոր է՝ սահմանափակվել է բնակչության որոշ խմբերի մասնակցությունը (տարեցներ, գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ, ազատազրկվածներ և այլն) հարցմանը։ Բացի այդ, Արցախի բնակչության մասին ժողովրդագրական տվյալները հասանելի չեն։ Հետևապես՝ արցախցի հարցվողների դեպքում բացակայում է ընտրանքի որևէ հիմք (sampling frame), հետևաբար նաև, չի իրականացվել հետշերտավորման կշռում (post-stratification weights): Սա էլ իր հերթին դժվարություն է ստեղծել հաշվարկելու սխալի միջակայքը (margin of error):

Չենք կարող հստակեցնել նաև հարցվողների ծագումը (ՀՀ-ից են, Արցախից, թե մեկ այլ վայրից)․ գրանցվել է հարցվողի բնակվելու վայրը միայն վերջին վեց ամիսների ընթացքում։ Պետք է հաշվի առնել, սակայն, որ հարցվողի ծագումը կարող է պայմանավորել նրա պատասխանները։ Այնուամենայնիվ, քանի որ հարցումն իրականացվել է հայերենով, հավանականությունը, որ նրանց մեծ մասը կարող է չլինել Արցախից կամ Հայաստանից, բավական ցածր է։ Սակայն, հնարավոր է, որ ծագումով արցախցիները ընդգրկված լինեն հայաստանաբնակների ընտրանքում։ Այդուհանդերձ, հետազոտության արժանահավատությունը շարունակում է մնալ բավականին բարձր։

Փորձառու անձնակազմի, հիմնավոր մեթոդաբանության և որակի վերահսկման շարունակական աշխատանքների շնորհիվ հետազոտության հուսալիության հետ կապված խնդիրներ հետազոտական թիմը չի արձանագրել:

3. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հավաքագրված տվյալների վերլուծությունն ամբողջությամբ իրականացվել է Rstudio ծրագրի միջոցով։

3.1 Արդյունքներ. նկարագրական վիճակագրություն

Այս բաժինը համառոտ կերպով նկարագրում է հետազոտության արդյունքները։ Արդյունքները բաժանված են երեք մասի՝ ամփոփելով տեսակետերը հետևյալ ենթաթեմաների վերաբերյալ՝

• հակամարտության կարգավորում,

• հակամարտությանն առնչվող դերակատարների և հակամարտության հարցում նրանց ունեցած դերի վերաբերյալ տեսակետներ,

• Արցախի բնակիչների տեսակետները 44-օրյա պատերազմից հետո (այս բաժնի հարցերին պատասխանել են միայն Արցախում բնակվող հարցվողները)։

Հետազոտության սխալի միջակայքը Հայաստանի բնակչության համար ±2,95 է՝ վստահության 95% մակարդակով։ Արցախի բնակչության համար սխալի միջակայքը ±4,88 է՝ 95% վստահությամբ:

3.2 Հակամարտության լուծման վերաբերյալ վերաբերմունքը

Հայաստանի և Արցախի բնակիչները պատասխանել են «Ինչի՞ց պետք է սկսել Արցախյան հակամարտության կարգավորումը» հարցին։ Արդյունքները գրեթե նույնն են Հայաստանի և Արցախի պարագայում՝ բացառությամբ մի քանի հատկանշական տարբերությունների (Տե՛ս, Գծապատկեր 1)։ Մինչ արցախցիները նշել են անվտանգային երաշխիքները՝ որպես կարգավորման անհրաժեշտ սկիզբ, հայաստանցիները կողմնակից են գերիների վերադարձին` որպես գլխավոր խնդրի լուծում։ Բացի այդ, Արցախի կարգավիճակի հստակեցումն ավելի կարևոր են համարել արցախցիները, քան հայաստանցիները, թեև Հայաստանում և Արցախում միասին մեր հարցվածների ավելի քան 20%-ը որպես կարգավորման սկիզբ է նշել հենց այս կետը: Ներկայիս շրջափակումը և տնտեսական խնդիրները երկու դեպքում էլ համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցել։ Նշենք, որ այս տվյալները հավաքագրվել են Լաչինի միջանցքի վերջին շրջափակումից (2022 թվականի դեկտեմբերի 13) և դեպի Արցախ գազամատակարարման դադարեցումից (2022 թվականի դեկտեմբերի 14) առաջ (Սիվիլնեթ 2022):

Հարցին, թե «Ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, որպեսզի Արցախյան հիմնախնդիրը վերջնականապես կարգավորվի», երկու հասարակությունների հարցվողներն էլ հիմնականում նշել են՝ «Արցախը պետք է լինի անկախ պետություն» տարբերակը, երկրորդ և երրորդ ամենահաճախ ընտրված պատասխաններն են՝ «Արցախը պետք է լինի Հայաստանի մաս» և «Արցախը պետք է լինի Ռուսաստանի կազմում՝ հատուկ կարգավիճակով»։ Պետք է նշել, որ արցախցի հարցվողների պարագայում երկրորդ և երրորդ ամենաշատ ընտրված պատասխանների միջև տարբերությունը նշանակալի է, մինչդեռ հայաստանցիների դեպքում վերոհիշյալ պատասխանների միջև տարբերությունը ընկնում է սխալի միջակայքում, ուստի այս պատասխանների միջև ոչ մի դասակարգում չի կարելի անել։ Եվ վերջապես, Արցախում ոչ մի հարցվող չի նախընտրել առանց ինքնավարության Ադրբեջանի կազմում լինելու տարբերակը, իսկ Հայաստանում նման կարծիք հայտնել է միայն մեկ հոգի:

Հարցին, թե «Ո՞ր երկրների հասարակությունների կամքի արտահայտումից է կախված արցախյան հակամարտության կարգավորումը», հարցվողները ամենից շատ նշել են «Արցախի և Հայաստանի հասարակությունների կամքի արտահայտումից» տարբերակները։ Սրան զուգահեռ՝ ըստ բոլոր հարցվողների, հակամարտության լուծումը կախված չէ Ադրբեջանի հասարակության կամքի արտահայտումից։ Արցախի հարցվածներն ավելի թերահավատորեն են վերաբերվում արցախյան հակամարտության կարգավորման մեջ Ադրբեջանի հասարակության դերակատարությանը:

Հարցին, թե «Ո՞ր երկրներից է կախված արցախյան հակամարտության կարգավորումը», հարցվածներն ամենից շատ նշել են «Հայաստան» և «Ռուսաստան» տարբերակները (Գծապատկեր 4)։ Արցախցի հարցվողներն ավելի շատ են նշել «Ռուսաստան» տարբերակը, քան Հայաստանաբնակները։ Հատկանշական տարբերություններ են գրանցվել «ԱՄՆ-ին» (ավելի բարձր՝ Հայաստանում) և «Արցախի Հանրապետությանը» (ավելի բարձր՝ Արցախում) տարբերակներին տրված միավորներում։

Անդրադառնանք այն քայլերին, որոնք Հայաստանը, ըստ հարցման արդյունքների, պետք է իրականացնի արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ամենահաճախ հանդիպած պատասխաններն են՝ «Բանակի սպառազինության ավելացումը» և «Հայաստանը պետք է հույսը դնի ինքն իր վրա»։ Հայաստանցիների և արցախցիների միջև միակ ընդգծված տարբերությունը վերաբերում էր «Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման» տարբերակին. տարբերակ, որն ընտրել է արցախցի հարցվածների 30,3%-ը, իսկ հայաստանցիների՝ միայն 11,4%-ը:

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, արդյունքները համեմատաբար համաչափ են և շատ դեպքերում սխալի միջակայքի սահմաններում են, ինչը դժվարացնում է մեկնաբանություն կատարելը:

Հարցվածների մեծ մասը հակամարտությունը չի դիտարկում որպես «երկկողմանի խնդիր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև», իսկ ավելի մեծ մասը համարում է, որ «հակամարտությունը դեռևս գոյություն ունի» (Գծապատկեր 7): Այստեղ Հայաստանի և Արցախի հարցվածների պատասխաններում էական տարբերություններ չկան:

3.3 Հակամարտության դերակատարների նկատմամբ վերաբերմունքը

Այս բաժնում ներկայացված է ՀՀ և Արցախի բնակչության վերաբերմունքը՝ հակամարտության (հնարավոր) դերակատարների նկատմամբ։ Հատկանշական արդյունքներից մեկն այն է, որ արցախաբնակներն ավելի դրական վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ, քան հայաստանաբնակները։

Ըստ Գծապատկեր 8-ի` արցախցիների 72%-ը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում լիովին դրական կամ ավելի շուտ դրական է անդրադառնում Արցախի շահերի վրա։ Ինչ վերաբերում է հայաստանցիներին՝ նրանց 38,2%-ն է համարում, որ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում կարող է լիովին կամ ավելի շուտ դրական անդրադառնալ Արցախի շահերի վրա:

Նույն օրինաչափությունն է նկատվում նաև Հայաստանի շահերի վրա Ռուսաստանի միջամտության ազդեցության հարցում։ Արցախաբնակների 56,7%-ը կարծում 1, որ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունն արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի շահերի վրա ունի լիովին կամ ավելի շուտ դրական ազդեցություն: Այս ցուցանիշը նվազում է 24,5%-ով, երբ հայաստանաբնակներն են պատասխանում, թե ինչպես է ՌԴ մասնակցությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում անդրադառնում Հայաստանի շահերի վրա:

Այն հարցին, թե «Ո՞ր ուժերը կարող են լավագույնս ապահովել Արցախի ներկայիս սահմանների և բնակչության անվտանգությունը», Գծապատկեր 9-ը ցույց է տալիս, որ հայաստանցիները նշված չորս տարբերակներից որևէ մեկին նշանակալի նախընտրություն չեն տվել։ Մյուս կողմից, արցախցիներն առավել նախընտրելի են համարել ռուս խաղաղապահների և Արցախի պաշտպանության բանակի կողմից անվտանգության ապահովումը։

3.4 Արցախցիների տեսակետերը 44-օրյա պատերազմից հետո

Հարկ է նկատի ունենալ, որ հաջորդ բոլոր հարցերը տրվել են միայն արցախաբնակներին։

Հարցին, թե Հայաստանում, Ադրբեջանում և Արցախում մարդիկ որքանով են պատրաստ խաղաղ համակեցությանը, հարցվածների ճնշող մեծամասնությունը նշել է, որ երեք հասարակություններից ոչ մեկը ընդհանրապես պատրաստ չէ (Գծապատկեր 10): Ամենաուշագրավ արդյունքը, հավանաբար այն հարցվածների թիվն է, որոնք հրաժարվել կամ դժվարացել են պատասխանել Ադրբեջանի հասարակության վերաբերյալ հարցին։ Իսկապես, Արցախում հարցվածների 27,4%-ը տեղավորվում է այս կատեգորիայի մեջ։

Հետաքրքիր է այն փաստը, որ արցախաբնակների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ հիմնականում նույնն է մնացել 44-օրյա պատերազմից հետո (47,5%, Գծապատկեր 11): Այնուամենայնիվ, երկրորդ ամենահաճախ ընտրված պատասխանը «Որոշ չափով վատացել է» տարբերակն է (19,2%): Մնացած երեք տարբերակների դեպքում պատասխանները գրեթե համաչափ են:

Հարցին, թե ինչպես են նրանք վերաբերվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների փոխգործակցությանը (Գծապատկեր 12), ամենաշատը տրվել է «Լիովին բացասական» պատասխանը (33,8%), իսկ ամենաքիչը՝ «Լիովին դրական» պատասխանը (3,7%): Հատկանշական է, որ չեզոք պատասխանների («ոչ դրական, ոչ բացասական») և ԴՊ/ՀՊ տարբերակների մասնաբաժինը համեմատաբար բարձր է (համապատասխանաբար՝ 26,1% և 14,2%):

Վերջին հարցը վերաբերում է նրան, թե արդյոք հարցվածները կշարունակեն ապրել Արցախում նշված հինգ սցենարների դեպքում (Գծապատկեր 13): Բոլոր սցենարների դեպքում պատասխանը եղել է՝ այո, բացի մեկից՝ «Արցախը ամբողջությամբ կամ մասամբ լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ըստ հավաքագրված տվյալների՝ այս սցենարները խիստ դժգոհություն են առաջացրել հարցվողների շրջանում։ Միակ սցենարը, որի դեպքում հարցվածների ճնշող մեծամասնությունը պատրաստակամություն է հայտնել մնալու Արցախում, այն է, որ «Արցախը լինի Ռուսաստանի կազմում՝ հատուկ կարգավիճակով»: Այստեղ կարևոր է նշել, որ առաջարկվող սցենարներից և ոչ մեկը չի ներառել Հայաստանի մաս կամ անկախ պետություն լինելու տարբերակները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՌԿԿ-Հայաստանը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է տվյալների հավաքագրում՝ պարզելու Արցախյան հիմնախնդրի շուրջ հանրային ընկալումները ՀՀ-ում և Արցախում։ Ուսումնասիրությունը հատկապես անդրադարձել է կոնֆլիկտի տեղական և միջազգային դերակատարների և կոնֆլիկտի ապագայի վերաբերյալ ընկալումներին։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Արցախի բնակիչները, ընդհանուր առմամբ, համակարծիք են հարցերի մեծամասնության շուրջ՝ տաբերվելով միայն մի քանի հարցում։ Հատկանշական է, որ.

• Հարցվողները Հայաստանում և Արցախում հավանություն են տվել Արցախի անկախ կագավիճակին։ Երկրորդ և երրորդ ամենաընտրված տարբերակները Հայաստանի մաս և հատուկ կարգավիճակով Ռուսաստանի մաս լինելն է։

• Հարցին, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորումը որ երկրներից է կախված, ամենաշատը տրված պատասխանները եղել են Հայաստանն ու Ռուսաստանը։

• Արցախում հարցվողներն ավելի դրական վերաբերմունք են ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ, քան Հայաստանում հարցվածները։

• Հետազոտության արդյունքները ցույց են տալիս խիստ բացասական վերաբերմունք Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակով լինելու հեռանկարին։ Հարցվողները, առհասարակ, ներկայացրել են բացասական վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ։

• Ըստ Արցախում հարցվածների՝ ընդհանուր առմամբ, 44-օրյա պատերազմից հետո արցախցիների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոփոխություն չի կրել։

Մեկնաբանել