2022-ի փուչ կանխատեսումներն ու խոստումները

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

2022-ի ամբողջ ընթացքում իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքական տարբեր գործիչներ ու լրատվամիջոցներ հանդես եկան ամենատարբեր կանխատեսումներով, խոստումներով և ապագային վերաբերող պնդումներով։

Հաճախ «արմագեդոն» կանխատեսող հայտարարություններն ու հրապարակումները, որոնք հանրային քննարկման բուռն առարկա էին դառնում, այդպես էլ չիրականացան։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը` #CivilNetCheck-ը ներկայացնում է այն պնդումները, խոստումներն ու հայտարարությունները, որոնք կյանքի չեն կոչվել։

Արմեն Սարգսյանը չվերադարձավ Հայաստան

Նախագահ Արմեն Սարգսյանը 2022-ի հունվարի 23-ին արտերկրից հայտնեց իր հեռանալու մասին։ Հրաժարականից անմիջապես հետո «Հետքը» հրապարակեց հետաքննություն, որում բացահայտվում էր, որ Սարգսյանը ՀՀ քաղաքացի լինելուց բացի, այլ երկրի քաղաքացի է եղել առնվազն մինչև նախագահ դառնալը, ինչի պարագայում նա չէր կարող նախագահ դառնալ ըստ Սահմանադրության։ «Հետքը» գրել էր, որ Սարգսյանը հավանաբար Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով: Ի պատասխան՝ նախագահականի մամուլի ծառությունից հայտնել էին. «Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»։ 2022-ը վերջացավ, սակայն Սարգսյանն այդպես էլ չվերադարձավ։ Ժամանակ առ ժամանակ նրա ֆեյսբուքյան էջում հայտնվում են շնորհավորանքներ այս կամ այն գործչին և այդքանը։

Նաիրա Զոհրաբյանը «գրազը կրվեց»

2022-ի հունվարին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր՝ պատրաստ է ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Տարին վերջացավ, սակայն, Թեհլերյանի արձանն այդպես էլ չապամոնտաժվեց, և նման գործընթացի որևէ հիմք չկա։ Շահեցին գրազ եկածները։

Սողոմոն Թեհլերյանի արձանը Մարալիկում

Լինելու է տնտեսական անկում՝ «բոլոր սոցիալական հետևանքներով», կանխատեսում էր Թադևոս Ավեստիսյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը 2022-ի մարտին «վստահաբար» կանխատեսել էր, որ մոտ ապագայում Հայաստանում լինելու է տնտեսական անկում՝ «բոլոր սոցիալական հետևանքներով»։ Նա համոզմունք էր հայտնել, որ իշխանությունն այդ անկման մեղավոր է կարգելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Եղավ ճիշտ հակառակը՝ ոչ միայն տնտեսական անկում չգրանցվեց, այլև գրանցվեց վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը: Հոկտեմբերի դրությամբ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 14,5 տոկոս է, որի «մեղավորների» ցանկում կարելի է նշել նույն ռուս-ուկրաինական պատերազմը, որը հանգեցրել է ռուսների ներգաղթին Հայաստան։

Ավինյանը նշանակվեց ոչ թե «հինգ պակաս», այլ շատ ավելի վաղ

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հեռացումից հետո, երբ շշուկներ տարածվեցին, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի հաջորդ թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու, «Հրապարակ» օրաթերթը կանխատեսել էր. «Ավինյանի նշանակումը (փոխքաղաքապետի պաշտոնում – խմբ.) կարվի Երևանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչև ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, և չբարդանա Երևանում հաղթելը»։ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսվում են 2023-ին և հակառակ թերթի կանխատեսումների՝ Ավինյանը 2022-ի սեպտեմբերին ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Ավելին՝ հունիսին «Հրապարակը» հայտնեց, թե իշխանությունները քննարկում են մինչև տարեվերջ Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այդ «տեղեկությունն էլ» իրականություն չդարձավ։

Հատված «Հրապարակի» հոդվածից

Պուտինը պաշտոնապես պատերազմ չհայտարարեց

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» անդամ, պատմաբան Արա Պապյանը մարտին կանխատեսել էր, որ մայիսի 9-ն այլևս Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի համար ոչ թե հաղթանակների, այլ պարտությունների օր է ճանաչվելու։ CNN-ն էլ, իր աղբյուրներին հղում տալով, գրել էր, թե Պուտինը նախատեսում է մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային։ Մայիսի 9-ը եկավ-անցավ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դեռ չի ավարտվել, Ռուսաստանը չի պարտվել (ոչ էլ հաղթել է), Պուտինն էլ մինչև օրս Ուկրաինային պատերազմ չի հայտարարել։

Սերժ Սարգսյանը հայտարարությունը չարեց

«Հրապարակը» մարտին գրեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շուտով հանդես կգա հայտարարությունով՝ «… պատրաստակամություն հայտնելով ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին»։ Կարճ՝ Սարգսյանը նման հայտարարությամբ այդպես էլ հանդես չեկավ։

«Ժողովրդի» «հավաստի» տեղեկությունները

Մեկ այլ թերթ՝ «Ժողովուրդը» ապրիլին գրել էր, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս: Բալասանյանը մինչ օրս հյուպատոս չի նշանակվել ո՛չ Լոս Անջելեսում, ո՛չ էլ որևէ այլ երկրում։

Բացի այդ, «Ժողովուրդը» գրել էր, թե իշխանությունները զղջացել են և նախատեսում են և բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը արգելող օրենքում փոփոխություններ անել ու որոշ արգելքեր հանել։ Նման փոփոխություն այդպես էլ չարվեց։

Ընդդիմությունը խոստանում էր հեռացնել Նիկոլ Փաշինյանին

Մայիսին խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնեց «Դիմադրության շարժում»-ը, նստացույց սկսեց Ֆրանսիայի հրապարակում, բողոքի գործողություններ պետական գերատեսչությունների մոտ։ Պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարում էր՝ «մեկ-երկու օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը, չհաջողելու տարբերակ չկա…»։ Դաշնակցական Իշխան Սաղաթելյանն էլ համոզմունք էր հայտնում՝ «առաջիկա օրերին Փաշինյանը մտնելու է իր բունկերը, բայց դա էլ նրան չի փրկի»։ Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում պնդում էին, թե «գնալու են մինչև վերջ, և որևէ պարագայում հետքայլ չի լինելու»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված MediaNews կայքն էլ հայտնում էր, թե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանին առաջարկվել է դառնալ ընդդիմության վարչապետի թեկնածու, որի մասին կհայտարարվի մայիսի 9-ին։ Թաթոյանը վարչապետ թեկնածու այդպես էլ չհայտարարվեց։

Հունիսի կեսից արդեն «Դիմադրության շարժումը», չհասնելով նպատակին, դադարեցրեց նստացույցը, իսկ ցույցերն ու բողոքի գործողություններն ինչ-որ պահի դադարեցին։ Ի դեպ, հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ մինչև օգոստոսի 2-ը ընդդիմությունը վարչապետի թեկնածու կառաջարկի։ Սա էլ տեղի չունեցավ։

Քոչարյանի ունեցվածքը չեն պետականացրել

Մինչ քաղաքական կյանքը շարունակում էր եռալ, մայիսի 10-ին «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե ԱՄՆ-ը երկրորդ նախագահ, ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքով է զբաղվում, բացահայտելու են։ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված MediaNews կայքն էլ գրել էր, թե ԱՄՆ-ում և եվրոպական մյուս երկրներում սկսված գործընթացների արդյունքում առաջիկայում կպետականացվեն «Քոչարյանի և նրա ընտանիքի թալանը»։ Այս ընթացքում ԱՄՆ-ում Քոչարյանի ունեցվածքի մասով որևէ գործ չբացահայտվեց, նրա ունեցվածքն էլ չպետականացվեց։

ՍԴ նախագահը հրաժարական չտվեց

Դեռ հուլիսին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում էր, թե աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա։ Սա էլ տեղի չունեցավ։

Օրաթերթը հայտնել էր նաև, թե Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը շուտով համաներմամբ ազատ է արձակվելու։ Հայաստանում համաներում այդպես էլ տեղի չունեցավ։ Եթե տեղի էլ ունենար, ապա Սարգսյանի վրա չէր կարող ազդել։

«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» նախարարական պորտֆելներ չստացան

Օգոստոսին «Իրավունքը» գրել էր, թե աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են լինելու, և Նիկոլ Փաշինյանը նախարարական պորտֆելներ է «զիջելու»՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին։ «Կառավարությանը մաս կազմելու առաջարկ ստացել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը»,- գրել էր կայքը։ Այս կանխատեսումն էլ իրականություն չդարձավ, նշված կուսակցությունների որևէ ներկայացուցիչ նախարարի պաշտոն չստացավ։

Դատախազը «չգնաց» Սեյրան Օհանյանի հետևից

«Ժողովուրդ» օրաթերթը շուրջ երեք ամիս պարբերաբար գրում էր, թե նորանշանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է ԱԺ և միջնորդություն ներկայացնի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Ընդդիմադիր պատգամավորները հայտնում էին, թե նման տեղեկություն չունեն, սակայն լրատվամիջոցը գրում էր, թե դեկտեմբերին Վարդապետյանը կգնա ԱԺ։ Դեկտեմբերն անցավ, սակայն Գլխավոր դատախազը պատգամավորների «հետևից չգնաց»։

«Հրապարակն» էլ, հղում անելով իր աղբյուրներին, նոյեմբերին հայտնել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև նոյեմբերի վերջ կամ առնվազն՝ դեկտեմբերի սկիզբ. «Որքան էլ զարմանալի լինի, պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Թբիլիսիում»: Այս հավաստի տեղեկությունն էլ իրականություն չդարձավ։

Կրկին՝ «Գազելների» հույսին

Այս տարի կյանքի չկոչվեցին Երևանի քաղաքային իշխանությունների խոստումները՝ հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման, տրանսպորտի վերահսկման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը, որ պետք է շահագործման հանձնվեր 2022-ի վերջին, դեռ պատրաստ չէ։ Բացի այդ, նրանք խոստանում էին, որ մինչև տարեվերջ տրանսպորտային ցանցը կհամալրվի մոտ 150 ավտոբուսով և 30 տրոլեյբուսով։ Այս թվի մի փոքր մասն է հասել Երևան։

Lաստանավային հաղորդակցությունը չգործարկվեց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոստումը, թե մինչև տարվա վերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները, ևս չեղավ։ Կյանքի չկոչվեց նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը լաստանավային հաղորդակցությունը գործարկելու մասին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանի հավաստիացումը, թե մինչև տարեվերջ բոլորս ներկա ենք լինլու արբանյակի կառավարման կենտրոնի բացմանը, ևս իրականություն չդարձավ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 2022-ին կապիտալ ծախսերը պետք է լիարժեք իրականացվեն, ևս չի իրականացել։ Ինչպես հայտնել է ֆինանսների փոխնախարարը, դեկտեմբերի 1-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը նախնական 70 տոկոս էր։

***

Հուսանք՝ 2023-ին քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները տասը կչափեն, մեկ կկտրեն կանխատեսումներ անելիս ու խոստումներ տալիս։