Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից

ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հունվարի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Դեսպան Ռիքերի աշխատանքը՝ որպես կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել է ստեղծել կազմակերպված գործընթաց՝ անհանգիստ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները հատկացնում է՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։

Փրայսի խոսքով՝ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը․ «Միացյալ Նահանգները շարունակում է երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների և կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- նշել է նա։

Ֆիլիպ Ռիկերը Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական էր նշանակվել 2022-ի օգոստոսի 25-ին։

Մեկնաբանել