ԱՄՆ պետքարտուղարը, հնարավոր է, հեռախոսազրույցներ ունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղար Բլինքենը պարբերաբար զրուցում է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր առաջնորդների հետ։ Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,-ասել է Փրայսը:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցության մասին՝ Նեդ Փրայսն ասել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին օգնում է բանակցել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, իսկ Հարավային Կովկասում այդ երկիրը ցանկանում է տեսնել անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագա։ «Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- եզրափակել է Փրայսը։

Մեկնաբանել