Աշխարհի քսան քաղաքներում Սաակաշվիլիին աջակցող ցույցեր են անցկացվել

Ցուցարարները Թբիլիսիի Խաղաղության կամրջի վրա, 4 հունվարի, 2023թ․, լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները չորեքշաբթի ցույցեր են անցկացրել աշխարհի առնվազն 20 քաղաքներում՝ Վրաստանի կառավարությանը կոչ անելով «Փրկե՛ք Միշային»։

Առողջական հիմքերով Սաակաշվիլիի դատավճիռը հետաձգելու կոչերին աջակցում է վրացական ընդդիմադիր խմբերի մեծ մասը, Եվրախորհրդարանը և Ուկրաինայի կառավարությունը, որտեղ Սաակաշվիլին պաշտոնապես դեռ նախագահում է երկրի Բարեփոխումների ​​գործադիր կոմիտեն։

Սաակաշվիլիին աջակցող «համաշխարհային» ցույցեր անցկացնելու մտադրության մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել են ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը։

Հաջակցություն Սաակաշվիլիի ցույցեր են անցկացվել աշխարհի առնվազն 20 քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Մադրիդում, Թել Ավիվում, Կանբերայում, Վարշավայում, Քիշնևում, Սոֆիայում և Կիևում, որտեղ հիմնականում ցուցարարների փոքր խմբեր են հավաքվել Վրաստանի դեսպանատների և հյուպատոսարանների մոտ:

Սաակաշվիլիի կողմնակիցները Քիշնևում Վրաստանի դեսպանատան մոտ, լուսանկարը՝ Udjin1965 թվիթերյան օգտատիրոջ էջից։

Kavkaz.Realii լրատվական կայքի հաղորդմամբ՝ չեչենական սփյուռքի անդամները, այդ թվում՝ Չեչնիայի անկախության կողմնակիցները, միացել են Սաակաշվիլիին սատարող ցույցերին, որոնք անցկացվել են Ստրասբուրգում, Բեռնում և Վիեննայում:

Ռուսաստանում քաղաքական հետապնդումների դեմ պայքարող OVD-Info իրավապաշտպան անկախ կազմակերպությունը հաղորդել է նաև, որ երկու ռուս ակտիվիստներ են ձերբակալվել Մոսկվայի Պուշկինի հրապարակում «Դադարեցրե՛ք պատերազմը։ Փրկե՛ք երեխաներին։ Փրկե՛ք Միշային։ Ազատե՛ք Նավալնիին։ Ազատե՛ք քաղբանտարկյալներին» վերտառությամբ պաստառ պարզելու համար։

Ամանորի նախօրեին Մարկ Ֆեյգինին ուղարկված նամակում Սաակաշվիլին պնդել է, որ կալանավորման ընթացքում իրեն թունավորել են, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ում գործող թունաբան Դեյվիդ Սմիթը, որը խոշտանգումների դեմ պայքարող Empathy կազմակերպության (տեղակայված է Թբիլիսիում) փորձագիտական խմբի անդամ է։ Այս կազմակերպության հովանու ներքո փորձագիտական խումբը պատրաստել է Սաակաշվիլի առողջական վիճակի մասին զեկույց, որը դեռ չի հրապարակվել։ Վրաստանի նախկին նախագահը Կրեմլին է մեղադրել իրեն թունավորելու համար։

Միխեիլ Սաակաշվիլին, որը դեկտեմբերին դարձավ 55 տարեկան, մայիսի 12-ից գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում, որտեղ վերականգնվում է երկարատև հացադուլից հետո։ Ըստ թունաբան Դեյվիդ Սմիթի՝ Սաակաշվիլի մոտ արագ զարգացող դեմենցիա և հետտրավմատիկ սթրեսային խանգարում է նկատվում: Սրանք, սակայն, երկուսն են այն 20 «ախտանիշներից և վիճակներից», որոնք նախկին նախագահի մոտ ախտորոշվել են դեկտեմբերին, բայց որոնք երբեք ամբողջությամբ չեն հանրայնացվել։

Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդասենյակի իր մահճակալից հեռավար կարգով մասնակցում է դատական նիստի, 22 դեկտեմբերի, 2022թ․։

Չնայած Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման և ծանր մետաղներով հնարավոր թունավորման մասին իրավապաշտպան խմբերի, բժիշկների և Վրաստանի հանրային պաշտպանի հայտարարություններին, Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ երկրի սահմաններից դուրս գտնվող կլինիկա նրան տեղափոխելու ծանրակշիռ հիմքեր չկան, հարց, որը ներկայումս դիտարկում են վրացական դատարանները։

Պառակտված կուսակցություն

Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է), չորեքշաբթի միացել է նրան սատարող ցույցերին՝ Վրաստանի տարբեր վայրերում կազմակերպելով մի քանի միաժամանակյա հանրահավաքներ։

Կուսակցությունը, սակայն, միասնական չէր։

Չնայած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Նիկա Մելիան հայտարարել էր, որ ցույցը տեղի է ունենալու չորեքշաբթի՝ ժամը 18:00-ին, Թբիլիսիի կենտրոնում գտնվող Խաղաղության կամրջի վրա, նույն կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլին, որը հավակնում է Մելիայի պաշտոնին, և նրա կողմնակիցները հրաժարվել են միանալ այդ ցույցին:

Սաակաշվիլիի կողմնակիցները կամրջից կախել են «Փրկեք Միշային» գրությամբ պաստառ և երգել Վրաստանի օրհներգը։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Փոխարենը Խաբեիշվիլին առանձին հանրահավաք է կազմակերպել, որն սկսվել է նույն ժամին կառավարության շենքի դիմաց, քայլ, որի համար նա քննադատության է արժանացել իր կուսակցության ղեկավարության կողմից:

Երեքշաբթի կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ իրենք ծրագրել են ցույցեր անցկացնել Վրաստանի ութ տարբեր վայրերում՝ միանալով Սաակաշվիլիին սատարող «գլոբալ» ակցիային։ Հայտարարությունում նաև ասվում էր, որ Խաբեիշվիլիին հանձնարարվել է վերահսկել հանրահավաքները Թբիլիսիից դուրս գտնվող երեք քաղաքներում:

«Նախագահ Սաակաշվիլիի կյանքը փրկելը հարց է, որը պետք է միավորի մեզ, և ցավալի է, որ [որոշ] անհատներ դա օգտագործում են պառակտելու համար»,- ասվում էր հայտարարությունում։

«Միացյալ ազգային շարժում»-ը համաձայնել է ներկուսակցական ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ին տարբեր մունիցիպալիտետների կուսակցական մի խումբ առաջնորդներ նման պահանջ էին ներկայացրել՝ վկայակոչելով կուսակցության ղեկավարության փոփոխության կարևորությունը Սաակաշվիլիին «ազատելու» համար: Կուսակցական ընտրությունները նախատեսված են հունվարի 28-29-ը։

«Պետության շահերից է բխում, որ Միխեիլ Սաակաշվիլին ապաքինվելու նպատակով տեղափոխվի արտասահման, որպեսզի Վրաստանը պահպանի եվրոպական ապագայի հնարավորությունը»,- Զուգդիդիում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Մելիան։

Թեև Սաակաշվիլիի ազատազրկմանը հաջորդած շաբաթների ընթացքում հազարավոր մարդիկ են դուրս եկել Թբիլիսիի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել նախկին նախագահին, առ այսօր «Միացյալ ազգային շարժում»-ը չի կարողացել նույնքան մարդ փողոց դուրս բերել։

Իվանիշվիլին ուշադրության կենտրոնում

Չորեքշաբթի կառավարության շենքի դիմաց ցույցն ավարտելուց հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլին ցուցարարներին առաջնորդել է դեպի Business Center, որը Վրաստանի նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կեցավայրն է։

Լևան Խաբեիշվիլին Թբիլիսիում առաջնորդում է ցույցը, 4 հունվարի 2023թ․։ Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Բիձինա Իվանիշվիլիի կեցավայրը մեծ թվով ոստիկաններ էին հսկում, քանի որ «Միացյալ ազգային շարժում»-ը նախկինում բազմիցս է այստեղ ցույցեր արել։

Իվանիշվիլին, որը մեծ մասամբ պատասխանատու էր 2012 թ․ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորած կառավարությանը տապալելու համար, պաշտոնապես լքել է քաղաքականությունը 2021 թ․ հունվարին (դրանից առաջ նա առաջին անգամ քաղաքականությունից դուրս էր եկել 2018 թ․, սակայն հետո կրկին վերադարձել): Թեև ենթադրվում է, որ Իվանիշվիլին դուրս է եկել քաղաքականությունից, ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում նա լայնորեն մեղադրվում է կառավարության նկատմամբ փաստացի վերահսկողություն ունենալու համար։ Իվանիշվիլիին նաև մեղադրում են նրանում, որ Սաակաշվիլիին կալանքից ազատելու հարցում հենց իրեն է պատկանում վերջին խոսքը։

[Կարդացեք նաև «Վրաստանի ընդդիմությունն առաջարկում է օլիգարխիայի դեմ սեփական օրենքը»]

Գիորգի Մումլաձեն, որը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնի մեկ այլ հավակնորդ է, հունվարի 4-ին նույնպես խորհրդանշական կերպով թիրախավորել է Իվանիշվիլիին՝ ցույցեր անցկացնելով սևծովյան ափամերձ Շեկվեթիլի հանգստավայրում և Չորվիլա գյուղում գտնվող նրա կեցավայրերի դիմաց։ Չորվիլան նաև Իվանիշվիլիի ծննդավայրն է։

Չորեքշաբթի Մումլաձեն կառավարությանը մեղադրել է Չորվիլայում Սաակաշվիլիին սատարող իր առաջնորդած քայլերթի ժամանակ «տիտուշկի» օգտագործելու համար (ուկրաինական ժարգոնում օգտագործվում է քաղաքացիական հագուստով անվտանգության ուժերի մասին, որոնք կիրառվում են պաշտոնյաների կողմից հակակառավարական ցուցարարների վրա հարձակվելու նպատակով)։

Չորվիլայում Սաակաշվիլիին սատարող հանրահավաքի մասնակից, ճեպապատկերը՝ Ալեքսանդր Միլորավայի հրապարակած տեսանյութից։

Հակընդդեմ ցույցի բազմաթիվ մասնակիցներ, որոնք պնդում էին, թե տեղի բնակիչներ են, ցուցարարների հետ վիճաբանություն են հրահրել, որը շարունակվել է այնքան, մինչև ոստիկանությունը բաժանել է երկու խմբերին՝ փաստացի արգելափակելով երթը դեպի Իվանիշվիլիի՝ այդ գյուղում գտնվող տունը:

«Միացյալ ազգային շարժում» հայտարարել է, որ հակընդդեմ ցույցի մասնակիցների գործողություններին ոստիկանական ուժերով արձագանքելու միջոցով կառավարությունը փաստացի խոչընդոտել է գյուղում ցույց կազմակերպելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը։

Մեկնաբանել