Մեկը խաղաղապահների հետ պայմանավորվել է ուտելիք բերել ու թանկ գնով վաճառել․ Վարդանյանը՝ անընդունելի երևույթների մասին

Ռուբեն Վարդանյան

Արցախի բնակչության «90 տոկոսը հանգիստ ու ճիշտ ընդունում է իրավիճակը»․ հունվարի 8-ի ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ միաժամանակ ներկայացնելով իր մտահոգությունները։ Նրա խոսքով՝ կան որոշ անընդունելի դեպքեր, որոնց մասին հարկավոր է խոսել։

«Մենք ունեցել ենք մի քանի անընդունելի դեպքեր։ Մեծահարուստ մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը։ Դա մեծ արձագանք է ստացել։ Այն չպետք է ընկալվի՝ որպես հաջողված մարդու օրինակ։ Ես դա չեմ ընդունում»,- ասաց Վարդանյանը։

Նրան խոսքով՝ եղել է դեպք, երբ մեծահարուստ մեկ այլ անձ երկու տոննա բենզին է ձեռք բերել, որի շնորհիվ իր երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները մեքենաներ են վարում։ Սա այն պարագայում, երբ Արցախում շտապօգնության մեքենաները վառելիքի խնդիր ունեն․ «Եթե ինքը այնքան լավ տղա է, որ ճարել է բենզինը, պետք է գար շտաբ ու վառելիքը փոխանցեր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք»։

Ըստ Վարդանյանի՝ արձանագրվել է նաև անընդունելի մեկ այլ երևույթ․ «Չեմ ընդունում այն մարդուն, որը, ռուս խաղաղապահների ու ուրիշ մեկի հետ համագործակցելով, կարողացել է ուտելիք բերել ու ավելի թանկ գնով վաճառել մարդկանց»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ որոշ անձինք փորձում են գումար աշխատել շրջափակված Արցախում։

Նա հիշեցրեց, որ կան «կյանքի ճանապարհներ», որոնք թույլ են տալիս քիչ քանակությամբ սնունդ կամ դեղ տեղափոխել Արցախ․ «Այդ հնարավորությունները, որ ստեղծված են, պետք է շատ-շատ զգույշ օգտագործել։ Դա անել սեփական անձի ու շահի համար, անընդունելի է»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ վաղը կառավարության նիստին կլինեն աշխատանքային որոշումներ ու հայտարարություններ։

«Ես իմ կողմից անելու եմ ամեն ինչ, ինքս դառնալու եմ օրինակ, որ իմ բերած դեպքերի դեմ մենք պայքարենք, դրանք չընդունենք որպես ուղենիշ»։

2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մէջ է հայտնվել Արցախի 120 հազարանոց բնակչությունը։ Այս ընթացքում միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ առողջական լուրջ խնդիրներ ունեցող որոշ հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, Արցախ է հասցրվել նաև սնունդ և դեղեր։

Մեկնաբանել