Արցախի նախադպրոցական հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի՝ սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով։ Այս մասին հայտնում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով․ նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով»,- ասված է հաղորդագրությունում։
Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ ԿԳՄՍ-ն լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։
***
Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 29-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։