Առաջիկա 5 օրերին ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում

Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Եղանակի պարզեցման հետևանքով հունվարի 9-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

«Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։ Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։ Շիրակում ձյան ծածկը բացակայում է։ Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է»,- ասված է Կենտրոնի տարածած հայտարարությունում։

Մեկնաբանել