ԵՄ տեխնիկական խումբը Հայաստանում է՝ նոր առաքելության հնարավորությունը դիտարկելու համար

Հունվարի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:

«Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը»,- նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։

***

Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022-ի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել էր ԵՄ դիտորդական կարողության խումբ՝ նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվել էր դեկտեմերի 19-ին։

«40 եվրոպացի դիտորդություն իրականացնող փորձագետի տեղակայումը ապացուցել է իր արդյունավետությունը և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին»,- նշել էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը։