Պարենային ապրանքների համաչափ բաշխման նպատակով Արցախում կներդրվի կտրոնային համակարգ

Արցախի պետնախարարՌուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ հունվարի 9-ին, տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները:

«Արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար»,- հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։

Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել օպերատիվ շտաբի անդամների՝ շրջաններ կատարած այցերի և բնակչության հետ ունեցած հանդիպումների մասին: Պետնախարարը հանձնարարել է ամփոփել հանդիպումների ընթացքում բնակչության կողմից բարձրացված հարցերը, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները. «Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և բողոք-դժգոհություններ: Կան նաև հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն»,- ասել է նա:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին:

Քննարկվել են նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված հարցեր: Կարևորվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ խուսափեն մեծ ծավալի գումարի կանխիկացումից և կանխիկը պահելուց:

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 29-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել